211652_close_icon
views-count1286 դիտում article-date 16:22 22-04-2020

Խորհրդարանն առաջին ընթերցմամբ հավանություն է տվել Բաբկեն Թունյանի առաջարկած նախագծին

Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանի ներկայացրած օրենքի նախագիծը, որով, ըստ էության, թույլ է տրվում, որ տնտեսավարողը սեփական հայեցողությամբ որոշի ներմուծվող կամ ձեռք բերվող (կառուցվող, մշակվող) հիմնական միջոցների ամորտիզացիոն ժամկետը, կամ, այլ կերպ ասած, առաջարկվում է արագացված ամորտիզացիայի գործիք: «[url=https://armenpress.am/arm/news/1013048.html]Արմենպրես[/url]»-ի հաղորդմամբ՝ Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը ԱԺ ապրիլի 22-ի նիստում քվեարկությամբ ստացավ ստացավ 111 «կողմ» ձայն: Նախագիծը վերաբերում է կապիտալ ծախսերի մասհանումներին: Այսօր գործող հարկային կարգավորումներով, եթե տնտեսավարողը ներդրումներ է կատարում, այսինքն՝ սարքավորումներ կամ շենք-շինություն է գնում կամ կառուցում, չի կարող այդ ծախսը միանգամից տվյալ տարում ծախսագրել: Առանձին խմբերի համար կան սահմանված նվազագույն ժամկետներ, ասենք՝ համակարգիչների և նման տեխնիկայի համար դա 1 տարի է, շենքերի, շինությունների համար՝ 20 տարի: Օրինակ, եթե մեկը 1 մլն դոլար արժողությամբ հոսքագիծ է գնել, նա չի կարող այդ 1 մլն դոլարի ծախսը հենց նույն հարկային տարում ծախսագրել որպես ծախս, իր եկամուտներից պակասեցնել և ըստ այդմ ավելի քիչ շահութահարկ վճարել, այլ պետք է դա կատարի առնվազն 5 տարվա ընթացքում մաս-մաս: Հարկային օրենսգրքում այդ կանոնից կա մեկ բացառություն՝ կառավարության կողմից հավանության արժանացած ներդրումային ծրագրերի մասով տնտեսավարողը կարող է այդ կանոնից շեղվել և սարքավորումների, անշարժ գույքի մասով ինքնուրույն որոշել, թե ինչ ժամկետում կարող է այդ մասհանումներն իրականացնել: Այսպիսով, տնտեսավարողը ավելի ճկուն է դառնում, հնարավորություն է ստանում սկզբնական շրջանում իր մոտ որոշակի փող կուտակել, այսինքն՝ քիչ շահութահարկ վճարել: Նախագծով առաջարկվում է նույն հնարավորությունը տարածել նաև բոլոր մնացած տնտեսավարողների վրա, եթե նրանք այդ ներդրումները կատարեն մինչև այս տարվա դեկտեմբերի 31-ը: Թունյանը հիշեցրել էր, որ այդ մեխանիզմն աշխարհի մի շարք երկրներում կիրառվել և կիրառվում է, կոչվում է արագացված ամորտիզացիայի գործիք: Քվեարկությունից առաջ պատգամավորը 24-ժամյա ռեժիմի առաջարկը հետ վերցրեց, որպեսզի հնչած առաջարկները քննարկեն ու նախագիծը լրամշակեն:

Նմանատիպ նյութեր