211652_close_icon
views-count1356 դիտում article-date 12:59 29-04-2020

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Իսրայելի վարչապետին Անկախության օրվա կապակցությամբ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Իսրայելի Պետության վարչապետ Բենյամին Նեթանյահուին Անկախության օրվա առթիվ: Այս մասին տեղեկացրեցին վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Ուղերձում, մասնավորապես, ասված է. «Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Իսրայելի բարեկամ ժողովրդին՝ Իսրայելի Պետության ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվ: Մենք բարձր ենք գնահատում հայ-իսրայելական հարաբերությունների զարգացման դրական դինամիկան և մշտապես ընդգծում ենք Իսրայելի հետ տարբեր ոլորտներում գործակցությունն առավել խորացնելու և որակական նոր մակարդակի բարձրացնելու կարևորությունը։ Տարեսկիզբը նշանավորվեց Թել Ավիվում Հայաստանի Հանրապետության դեսպանության բացմամբ, ինչը մեկ անգամ ևս վկայում է, որ մեր կառավարությունը պատրաստակամ է գործադրելու միասնական ջանքեր՝ զարգացնելու և ամրապնդելու փոխշահավետ գործակցությունը՝ ի բարօրություն մեր երկրների և ժողովուրդների: Վստահ եմ, որ դեսպանության գործունեության շոշափելի արդյունքները տեսանելի կլինեն մոտ ապագայում և կնպաստեն երկու երկրների միջև բարեկամության առավել ամրապնդմանը: Մեկ անգամ ևս շնորհավորելով Ազգային տոնի առթիվ՝ մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և հաջողություններ, իսկ Իսրայելի բարեկամ ժողովրդին` կայունություն և բարեկեցություն»։

Նմանատիպ նյութեր