211652_close_icon
views-count1514 դիտում article-date 19:08 30-04-2020

Երազի նման մի տեղ … Շվեյցարացի Մարգարիտ Լեհմանն՝ Երևանյան Երկրորդ միջազգային բիենալեի մասին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

«Գեղարվեստական տպագրության Երկրորդ միջազգային բիենալե, Երևան 2019»-ը մեծ շուքով բացվեց և կայացավ 2019թ.-ի սեպտեմբերի 7-ից նոյեմբերի 7-ը ընկած ժամանակահատվածում։ «Մշակույթների երկխոսություն» կազմակերպության նախաձեռնությամբ և ջանքերով երկրորդ անգամ իրականացված հսկայածավալ այդ ցուցադրությունն այս անգամ էլ Երևան էր բերել հարյուրավոր օտարերկրյա հյուրերի, արվեստագետների, իրենով էր արել Հայաստան այցելած զբոսաշրջիկների մի մեծ հատված, համախմբել էր միմյանցից շատ տարբեր՝ օտարերկրյա և տեղացի արվեստագետների և ուսանողների՝ ստեղծելով արվեստով շնչող հարուստ մի միջավայր։ Մի խոսքով՝ դարձել էր միջազգային արվեստի կիզակետ, որի մասին հիացական խոսքերն ու արձագանքները դեռևս շարունակում են հնչել՝ գրավոր և բանավոր։ Այս յուրօրինակ տոնի շրջանակում, այս անգամ որպես «Գեղարվեստական տպագրության Երկրորդ միջազգային բիենալե, Երևան 2019»-ի միջազգային ժյուրիի անդամ կրկին Հայաստան էր այցելել նաև շվեյցարացի արվեստագետ և համադրող Մարգարիտ Լեհմաննը (առաջին անգամ նա Հայաստան էր եկել «Գեղարվեստական տպագրության Առաջին միջազգային Բիենալե, Երևան 2017»-ի շրջանակում՝ որպես մասնակից), որին և որի՝ Բիենալեի մասին արձագանքը կներկայացնենք ստորև։ Իսկ հետագայում նրա խոսք-ուղերձը նույնպես կընդգրկվի «Գեղարվեստական տպագրության Երկրորդ միջազգային բիենալե, Երևան 2019»-ի լայնածավալ պատկերագրքում։ Մարգարիտ Լեհմաննը ծնվել է 1958թ․-ին՝ Լյուցեռնում, Շվեյցարիա։ Որոշ ժամանակ ապրել և ստեղծագործել է Բարսելոնայում, սովորել Բարսելոնայի՝ դիզայնի ամենահին (հիմնադրված՝ 1715թ.)՝ Լոտջայի Դիզայնի և արվեստի բարձրագույն դպրոցում (Escola Superior de Disseny i d’Arts Llotja), ապա ավարտել Բարսելոնայի համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետը։ Այնտեղ սովորել է նաև լուսանկարչության բարձրագույն դպրոցում, ապա կրկին տեղափոխվել Շվեյցարիա՝ Բազել։ Բազմաթիվ նախագծեր է իրականացրել Իսպանիայի, Գերմանիայի, Շվեյցարիայի, Ավստրիայի, Կուբայի և շատ ու շատ այլ երկրների տարբեր քաղաքներում և արվեստի կենտրոններում։ 1995թ․-ին Կենտրոնական Բազելում Մարգարիտ Լեհմաննը հիմնադրում է գեղարվեստական տպագրության Druckwerk արվեստանոցը, որն ակտիվորեն գործում է մինչ օրս։ 160 քմ մակերեսով այդ տարածքը լիովին հագեցած է գեղարվեստական տպագրության բազմազան տեխնիկաներով աշխատելու համար նախատեսված հաստոցներով և բավականին հարուստ նյութերով ու այլ անհրաժեշտ միջոցներով։ Արվեստանոցում կազմակերպվում են սեմինարներ, իրականացվում են արվեստի տարբեր նախագծեր ինչպես անհատական, այնպես էլ՝ խմբային, տեղի են ունենում արվեստի միջոցառումներ ու ցուցադրություններ, ստեղծվում են գեղարվեստական տպագրության թերթեր։ Գեղարվեստական տպագրության Druckwerk արվեստանոցում է իրականացվում նաև Edition/Basel-ը՝ խորատիպ տպագրության, ռելիեֆային, վիմատպության և տառադարձման տեխնիկաներով աշխատող արվեստագետների համար նախատեսված փոխանակման՝ 12 օր տևողությամբ ծրագիրը: Ծրագրի հիմնական նպատակներից է օտարազգի արվեստագետներին մի ընդհանուր թեմայի շուրջ համախմբելը՝ գեղարվեստական տպագրության ոլորտում համատեղ ստեղծագործելու և մշակութային փոխանակման հնարավորություն ստեղծելով: Ծրագրի ամառային երկու նստաշրջանից յուրաքանչյուրի համար տարբեր երկրներից Բազել ժամանած տասը մասնակից արվեստագետներ միասին ընտրում են մի թեմա և ծրագրի ավարտին դրա անհատական մեկնաբանությունները ներկայացնում տեղի երեք արվեստի կենտրոններից մեկում՝ Papiermühle թանգարանում, Բազել քաղաքի Atelier Mondial ցուցասրահում կամ Kaskadenkondensator պատկերասրահում կազմակերպված խմբային ցուցահանդեսին: Ծրագիրը նպատակ ունի խթանելու ինչպես ստեղծագործական, այնպես էլ՝ սոցիալ-մշակութային փոխանակումները։ Edition/Basel ծրագրի սկիզբը 2012թ․-ին դրել է Մեգան Ադին (ԱՄՆ), իսկ Մարգարիտ Լեհմանը նրան է միացել 2013թ․-ին։ Միջազգային այս լայնածավալ ծրագրին արվեստագետներ են հյուրընկալվել Շվեյցարիայից, Միացյալ Նահանգներից, Գերմանիայից, Կանադայից, Բրազիլիայից, Ավստրալիայից, Նորվեգիայից, Դանիայից, Ճապոնիայից, Հնդկաստանից, Կուբայից, նաև՝ Հայաստանից: Մարգարիտ Լեհմանը Հայաստանի հետ աշխատում է արդեն մի քանի տարի և «Մշակույթների երկխոսություն» կազմակեպության հետ համագործակցությամբ 2018թ․-ից իրականացնում է Edition/Basel արվեստագետների փոխանակման ծրագիրը։ Ծրագրին Հայաստանից արդեն մասնակցել են նկարիչ Արման Վահանյանը (2018թ.), երիտասադ արվեստագետ ուսանողներ Հասմիկ Սնգրյանը (2018թ.) և Մերի Անդրեասյանը (2019թ.)։ Իսկ այս՝ 2020թ․-ի ծրագրի հայ մասնակից է ընտրվել արվեստագետ Սահակ Չիբուխչյանը։ «Գեղարվեստական տպագրության Երկրորդ միջազգային բիենալե, Երևան 2019»-ի շրջանակում Մարգարիտ Լեհմանը Edition/Basel ծրագիրը և Druckwerk արվեստանոցը՝ լուսանկարներով ու տեսանյութերով, ինչպես նաև արխիվային այլ նյութերով, ներկայացրեց Երևանի «Միրզոյան» գրադարանում՝ հանդիպում ունենալով երիտասարդ արվեստագետների և Բիենալեով ապրող հայ և օտարազգի այլ մարդկանց հետ։ Ընթացքում նա իրականացրեց 40 րոպե տևողությամբ ART-SPEED-DATING նախագիծը, որն ըստ էության միմյանց անծանոթ մասնակիցների՝ ընտրված թեմայի շուրջ մտքերի փոխանակում էր դեմ առ դեմ՝ յուրաքանչյուրը յուրաքանչյուրի հետ առանձին՝ անծանոթների հանդիպումն ու շփումը խթանելով՝ կրկին միջմշակութային փոխանակման նպատակ ունենալով։ [b]Երազի նման [/b] Գիշերային թռիչք արևելյան ուղղությամբ։ Հայաստանի մայրաքաղաքի՝ Երևանի ժամանակով երեքն անց է տասնյոթ րոպե։ Երևանը Վիեննայից բաժանում է 2,398.71 կիլոմետր հեռավորություն։ Ժամանակի տարբերությունն ամբողջ երեք ժամ է։ Արթնանում եմ թռիչքից մեկ ժամ հետո։ Օդանավում ամեն ինչ հանգիստ է։ Միայն շարժիչի աղմուկն է լսվում։ Պատուհանից դուրս եմ նայում։ Դրսում ամբողջովին սև է՝ բացառությամբ լույսի մի քանի առկայծումների։ Պետք է, որ Սև ծովը լինի։ Նախինում երբեք չեմ թռել աշխարհի այս հատվածի վրայով։ Թեթևակի վախը պատում է ինձ, բայց միևնույն ժամանակ հանգիստ եմ՝ անհայտին ընդառաջ։ Թռչում ենք Սլովակիայի, Հունագարիայի, Ռումինիայի վրայով, Վրաստանի և Թուրքիայի միջև օդային տարածքով՝ դեպի Հայաստան։ Ժամանումն առավոտյան չորսին է։ Օդանավակայանում բոլորովին օտար լեզու է շուրջս։ Անցնում եմ մաքսային խիստ հսկողությունը։ Այն ինձ սթափեցնում է՝ կարող եմ ոտք դնել Հայաստան։ Թեթևացած՝ դուրս եմ գալիս օդանավակայանի սրահից, որտեղ երիտասարդ արվեստագետ ուսանող Մերի Անդրեասյանն ինձ ողջունում է՝ ամաչկոտ թափահարելով ձեռքը։ Տաքսին մեզ արվարձաններով տանում է քաղաքի կենտրոն, դեպի Եզնիկ Կողբացի 22 հասցեում գտնվող «Վիլլա Դելենդա»` հրաշալի մի հյուրանոց, որտեղ, հնագույն մահճակալի վրա կարող եմ շարունակել քունս։ Առավոտյան ժամը իննին, նախաճաշի առատորեն փռված սեղանի շուրջ հանդիպում եմ ժյուրիի անդամների՝ Մաթեուշ Օտրեբային՝ Լեհաստանից և Լիան Էնջիին՝ Սան Ֆրանցիսկոյից։ Իմանում եմ, որ Երևանը աշխարհի ամենահին քաղաքներից մեկն է և որ իր ռազմավարական կարևորության պատճառով այն միշտ եղել է կռվախնձոր Պարսկաստանի և Оսմանյան կայսրության միջև։ Նախաճաշի սեղանին այս երկար առաջին զրույցից հետո միասին քայլում ենք «ՀայԱրտ» մշակութային կենտրոն, «Գեղարվեստական տպագրության Երկրորդ միջազգային բիենալե, Երևան 2019»-ի իրականացման վայր։ Կառուցված լինելով 1972 թվականին, ճարտարապետ Ջիմ Թորոսյանի և Գևորգ Արամյանի ջանքերով՝ այն ժամանակակից և արդի արվեստի ուղղութամբ երբևէ մասնագիտացած առաջին կենտրոնն է եղել Խորհրդային Միությունում (որի մաս էր ժամանակին Հայաստանը)։ Կառույցը չի կարելի չնկատել։ Դրա հաստ, կլոր փորը դուրս է գալիս Մաշտոցի պողոտա։ Մենք շենք ենք մտնում՝ աստիճաններով իջնելով բակ։ Սրահի մուտքը շատ համեստ ու աննկատ է, ի տարբերություն թանգարանի մեծության։ «Մշակույթների երկխոսություն» կազմակերպության հիմնադիր Սոնա Հարությունյանի հետ կտրուկ թեք սանդուղքով բարձրանում ենք թանգարանի առաջին սրահ։ Ամեն քայլով մեր առջև աստիճանաբար հայտնվում են գեղարվեստական տպագրության առաջին տպավորիչ աշխատանքները։ Երիտասարդ ասիացի կինն իր հայացքն անգիտակցորեն մեզ է ուղղել վերևից։ Հենց այս աշխատանքն է, որ հետագայում կստանա Բիենալեի առաջին մրցանակը: Վերջին քայլով հայտնվում ենք «ՀայԱրտի» առաջին սրտի մեջ՝ մեծ կլոր մի տարածք։ Կանգնած եմ։ Ապա շրջում եմ տպագրական աշխատանքների շրջանաձև շարքերով։ Առաջին սրահի միջով անցնում եմ երկրորդ սրահի տարածք, այնտեղից՝ երրորդ, չորրորդ, հինգերորդ շրջանաձև սրահներով։ Պատերին կախված են 214 արվեստագետի մոտավորապես 400 արվեստի գործեր։ Գլուխս սկսում է պտտվել։ Կորցնում եմ կողմնորոշումս. առաջ գնամ, թե՞ նորից հետ։ Ճարտարապետությունն ինձ տանում է շրջանների միջով, ինչն ինձ թույլ է տալիս աշխատանքները նայել մի քանի անգամ, ամեն անգամ՝ տարբեր անկյունից։ Ժյուրիի անդամներ Մաթեուշ Օտրեբայի, Հերբերտ Մայերի, Լիան Էնջիի և Սոնա Հարությունյանի հետ միասին յուրաքանչյուր աշխատանքը դիտում ենք երկու օր շարունակ։ Քննարկում ու վիճում ենք և վերջապես որոշում, թե ո՞վ պետք է շահի «Գեղարվեստական տպագրության Երկրորդ միջազգային բիենալե, Երևան 2019»-ի Գլխավոր մրցանակը, ո՞վ՝ Առաջինը, Երկրորդը և Երրորդը։ Ընտրությունը բարդ է։ Պառակտված ենք հակասական կարծիքների միջև։ Հետ ու առաջ ենք գնում, կրկին ու կրկին, շրջանաձև մի սրահից՝ մյուսը։ Քայլելով, խորհելով և բանավիճելով՝ հետզհետե սեղմում ենք մեր հավանած աշխատանքների շրջանակը։ Միայն ավելի ուշ իմանում եմ, որ «ՀայԱրտ» նշանակում է հայկական արվեստ։ Հայերն իրենց անվանում են հայ, իսկ իրենց երկիրը՝ Հայաստան։ Հույներն ու պարսիկներն են նրանց մի ժամանակ տվել արմեններ անունը։ Այդ պատճառով ես հայերին մաղթում եմ, որ նրանք կարողանան պահպանել իրենց առանձնահատկություններն ու ժառանգությունը մեր օրերում։ «ՀայԱրտ» մշակութային կենտրոնը դրանցից մեկն է։ Այն թանկարժեք, բայց վտանգված ժառանգություն է, որի ներքին սրահները «Գեղարվեստական տպագրության Երկրորդ միջազգային բիենալե, Երևան 2019»-ի կազմակերպիչները վերականգնել էին մեծ խնամքով և նվիրվածությամբ։ Իրենց աշխատանքի շնորհիվ նրանք գեղարվեստական տպագրության աշխարհին ներկայանալու տարածք տվեցին, իսկ ինձ ու ժյուրիի մյուս անդամներին՝ ինտենսիվ շփվելու ժամանակ և, իհարկե, մուտք ֆանտաստիկ մի կառույց, որ երբևէ ոտք եմ դրել։ Երազի նման մի տեղ, որ, հուսով եմ, երկար ժամանակ կմնա խնամված։ Հեղինակ՝ Լիլիթ Ալեքսանյան [b] Մարգարիտ Լեհման (Շվեյցարիա) «Գեղարվեստական տպագրության Երկրորդ միջազգային բիենալե, Երևան 2019»-ի միջազգային ժյուրիի փոխնախագահ [/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+

Նմանատիպ նյութեր