Նյու-Յորքում ոստիկանները փակել են ճանապարհները, որպեսզի մարդիկ կարողանան զբոսնել
Նյու-Յորքում տևական ինքնամեկուսացումից հետո բնակիչներին թույլատրել են դուրս գալ փողոց և զբաղվել սպորտով: Սահմանափակումների մի մասը հանել են 30 նահանգներում: Այսօրվանից թույլատրվում է զբոսնել կորոնավիրուսից առավել շատ տուժած ամերիկյան քաղաքում՝ Նյու-Յորքում:
Նյու-Յորքի քաղաքապետ Բիլ դե Բլազիոն ողջունել է զբոսանքներ, սակայն զգուշացրել, որ հանգստացողները պետք է 2 մետր տարածության կանոնը խստորեն պահպանեն:
Զբոսայգիները դեռ փակ են, սակայն քաղաքաբնակները կարողացել են կանաչ գոտիներին հարող ճանապարհներով զբոսնել: Դրա համար ոստիկանները փակել են երթևեկությունը:
«Այսօր մենք պատրաստվում ենք բացել առաջին 7 մղոնի փողոց՝ հետիոտների և հեծանվորդների համար: Խնդրում եմ, տարածություն պահպանեք և մնացեք անվտանգության մեջ», ասված է քաղաքապետի թվիթերում:
Մայիսի 2-ի տվյալներով ԱՄՆ-ում կորոնավիրուսից վարակվել է ավելի քան 1 միլիոն մարդ, մահացել է 64 հազ. մարդ: