88514 դիտում
23:29 09-05-2020
Կրակոցներ Արարատի մարզի Վեդի քաղաքի քարի արտադրամասի տարածքում. ժամանել են մարզի ոստիկանապետի պաշտոնակատարը, տարածքի ոստիկանապետն ու քննչականի պետը
Երեկ՝ մայիսի 8-ին, կրակոցներ են հնչել Արարատի մարզում:
Ոստիկանության Արարատի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ նույն օրը՝ ժամը 18:00-ից մինչև 20:00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը ինքնաձիգով մուտք է գործել Վեդի քաղաքի Արարատյան 117 հասցեում գտնվող քարի արտադրամասի տարածք, այնուհետև մտել սենյակ և մի քանի կրակոց է արձակել Վեդի քաղաքի բնակիչ, 43-ամյա Լաերտ Շ.-ի ուղղությամբ:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս կարողացել է հրաշքով խուսափել կրակոցներից, այնուհետև ոտքով հասցրել է հարվածել դռանը և դուռը փակվել է:
Դրանից հետո զինված անձը դրսից ևս մի քանի կրակոց է արձակել և դիմել փախուստի:
Դպքի վայր են ժամանել ոստիկանության Արարատի մարզային վարչության պետի պաշտոնակատար Վահան Մաթևոսյանը, ոստիկանության Արարատի բաժնի պետ Հովսեփյանը, ինչպես նաև Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետի և տեղակալի գլխավորությամբ:
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ այդ պահին Լաերտ Շ.-ի հետ եղել են նաև Վեդի քաղաքի բնակիչներ, 50-ամյա Տիգրան Ս.-ն, 43-ամյա Հենրիկ Գ.-ն և 46-ամյա Հունան Մ.-ն:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով, Հունան Մ.-ն աշխատում է «Հունան Մելքոնյան» ԱՁ-ի տնօրեն:
Դեպքի վայրում աշխատել են նաև ոստիկանության Արարատի մարզային վարչության փորձաքրեագետները:
Փաստի առթիվ Վեդիի քննչական բաժնում ՀՀ Քր-օր-ի 34-104 հոդվածի (սպանության փորձ) և 235 հոդվածի 1-ին մասի (ապօրինի զենք-զինամթերք կրելը, պահելը, օգտագործելը) հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ դեպքի հանգամանքները պարզելու, կրակողին և հանցագործության գործիք հրազենը հայտնաբերելու ուղղությամբ:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: