84842 դիտում
18:12 20-05-2020
Ողբերգական դեպք Արմավիրի մարզում. Mazda-ում առաջացած հրդեհի հետևանքով ավտոմեքենայի մեջ հայտնաբերել են ՀՀ ՊՆ փոխգնդապետի մոխրացած դին. 3 հոգի տեղափոխվել են հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քիչ առաջ դաժան ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 16:50-ի սահմաններում, դեռևս անհայտ հանգամանքներում, Երևան-Արմավիր ավտոճանապարհի Զվարթնոց թաղամասի տարածքում հրդեհ է բռնկվել Mazda մակնիշի 35 QT 322 համարանիշի ավտոմեքենայում:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հրդեհի հետևանքով 3 հոգի, որոնցից 2-ը ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տարբեր աստիճանի այրվածքներով տեղափոխվել են հիվանդանոցներ:
Դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 2 մարտական հաշվարկով:
Հրշեջները մարել են ավտոմեքենայում առաջացած կրակը, սակայն այն ամբողջովին վերածվել է մոխրակույտի: Կրակը մարելուց հետո ավտոմեքենայում հայտնաբերվել է ամբողջովին մոխրացած դի:
Դեպքի վայր են ժամանել նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Մառլեն Սարգսյանի գլխավորությամբ:
Դեպքի վայր է ժամանել նաև ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետ Արամ Հովհաննիսյանը և ոստիկանության Վաղարշապատի բաժնի օպերատիվ խումբը:
Ժամանել են նաև ՀՀ պաշտպանության նախարարության Ռազմական ոստիկանության Արմավիրի մարզային Ռազմական ոստիկանության վարչության ծառայողները:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացածը ՀՀ պաշտպանության նախարարության փոխգնդապետ, 57-ամյա Հովիկ Քոսակյանն էր, վիրավորներ են 58-ամյա Աշոտ Շեկիկյանը, 57-ամյա Պավել Թոփչյանը և 36-ամյա Գևորգ Հարությունյանը: Ավտոմեքենան էլ պատկանում է Ա. Շեկիկյանին:
Այս պահին դեպքի վայր են ժամանում Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնի խումբը, ինչպես նաև Հայաստանի քննչական կոմիտեի Զինվորական քննչական գլխավոր վարչության կայազորի քննչական վարչության աշխատակիցները:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի, մահացածի և վիրավորների ինքնությունը:
Վիրավորները «Վաղարշապատ» բժշկական կենտրոնում առաջին բուժօգնությունը ստանալուց հետո տեղափոխվել են Երևանի այրվածքաբանական ինստիտուտ:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Հարություն Համբարյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 163+
163+