Գագիկ Բաղունցն ընտրվել է Արցախի ազգային ժողովի նախագահի տեղակալ
Արցախի Հանրապետության 7-րդ գումարման Ազգային ժողովի նախագահի տեղակալ ընտրվեց «Միասնական հայրենիք» խմբակցության պատգամավոր Գագիկ Բաղունցը։
Հաշվիչ հանձնաժողի նախագահ Էդուարդ Աղաբեկյանը ներկայացրեց փակ գաղտնի քվերակության արդյունքները․ «Քվեարկությանը մասնակցել է 33 պատգամավոր, քվեատուփում առկա էր 33 քվեաթերթիկ, որոնցից անվավեր են ճանաչվել 2-ը։ Մնացած ձայները բաշխվել են հետևյալ կերպ՝ կողմ՝ 27, դեմ՝4»։
Ժամը 18:00-ին, Շուշիի մշակույթի և երիտասարդության կենտրոնի դահլիճում տեղի կունենա Արայիկ Հարությունյանի՝ ԱՀ նախագահի պաշտոնի ստանձնմանը նվիրված Ազգային ժողովի հատուկ նիստը, որին կմասնակցի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Խորհրդարան է անցել 5 քաղաքական ուժ՝ «Ազատ հայրենիք-ՔՄԴ» կուսակցությունների դաշինքը՝ 16 պատգամավոր, «Միասնական հայրենիք» կուսակցությունը՝9 պատգամավոր, «Արդարություն» կուսակցությունը՝ 3 պատգմավոր, «Հայ Հեղափոխական Դաշնակցություն» կուսակցությունը՝ 3 պատգամավոր և Արցախի Ժողովրդավարական կուսակցությունը՝ 2 պատգամավոր։