211652_close_icon
views-count712 դիտում article-date 10:29 26-05-2020

Ոչ կործանվում ենք, ոչ էլ ծաղկում․ «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ «Շատ բնական է, որ ընդդիմությունն ուռճացնում է ցանկացած բացասական երևույթ ու փորձում է այն բերել քաղաքական օրակարգ, իսկ իշխանությունը, հակառակը, նման դեպքերի նշանակությունը նսեմացնում է, գտնում է բազմաթիվ արդարացումներ և, լավագույն դեպքում, ներկայացնում է դրանք որպես փոքրիկ ամպիկներ համընդհանուր պայծառ երկնակամարին: Այդպես է ամբողջ աշխարհում: Սյունիքի դեպքերը վերջին օրինակն են: Ըստ ընդդիմադիրների՝ ոստիկանության կողմից ոչ համաչափ ուժի կիրառումը կամ ոստիկանության բաժանմունքներում մարդկանց հանդեպ բռնությունը ինչ-որ մի արտառոց երևույթներ են, որոնց մենք առնչվում ենք բացառապես վերջին երկու տարիների ընթացքում: Մինչդեռ ակնհայտ է, որ դա այդպես չէ. նման երևույթներ հանդիպել են և հանդիպում են թե՛ Հայաստանի և թե՛ ցանկացած այլ երկրի պրակտիկայում: Իրենց հերթին իշխանության ներկայացուցիչները, երկրպագուները և/կամ «նախկիններից» նեղացածները փորձում են ձև անել, թե ոչինչ չի պատահել, ու պարզապես չարամիտ «նախկիններն» են (իշխանական շրջանակներում ընդունված չէ օգտագործել «ընդդիմություն» բառը) պղտոր ջրում ձուկ որսում: «Բա ձեր ժամանակ․․․» փաստարկն այնքան էլ զորեղ չի: Այո, «այն ժամանակ» նույնպես նման բաներ եղել են, և «այն ժամանակվա» ընդդիմությունը նույնպես փորձում էր դրանից քաղաքական դիվիդենտներ քաղել, ինչը բնական է: «Բա ինչո՞ւ Լիսկայի ժամանակ ձայն չէիք հանում» փաստարկը, թեև իրականության հետ առնչություն ունի, բայց էթիկայի տեսանկյունից վիճելի է: Հիտլերի ժամանակ ինչո՞ւ բոլոր գերմանացիները համակենտրոնացման ճամբարում չէին: Նույնը, իհարկե, կորոնավիրուսի հարցում: Ընդդիմադիրներն ասում են, որ իշխանությունն իր ապաշնորհ գործողություններով ազգն ու երկիրը հասցրել է անդունդի եզրին: Նույնը վերջին 30 տարիների ընթացքում ասում էին բոլոր ընդդիմադիրները: Բայց փաստն այն է, որ Հայաստանի Հանրապետությունը գոյություն ունի գրեթե 3 տասնամյակ, իսկ առավել ևս հայկական էթնոսի հազարամյա գոյությունը չի կարող խոչընդոտել ոչ մի ապաշնորհ կամ շնորհալի կառավարություն: Իշխանական կամ իշխանամետ շրջանակներն էլ պնդում են, որ վերջին երեք ամիսների ընթացքում կառավարությունը, մասնավորապես առողջապահության նախարարությունը, ինչպես նաև պարետատունը աշխատել են հոյակապ, և կորոնավիրուսի տարածման սարսափազդու թվերը կա՛մ դարձյալ «նախկինների» դավադրության հետևանք են, կա՛մ էլ մեր ազգաբնակչության ոչ գիտակից վերաբերմունքի արդյունք: Խնդիրն այն չէ, որ հակադիր քաղաքական ուժերն ունեն միևնույն իրադարձությունների տրամագծորեն հակառակ մեկնաբանություններ՝ այլ կերպ, հավանաբար, չի էլ կարող լինել: Ցավալի է, որ մեր քաղաքացիների մեծամասնությունն այդ ծայրահեղացված քարոզչությունը լուրջ է ընդունում և հարում է այս կամ այն բևեռին: Այ, դրանով մենք տարբերվում ենք աշխարհի շատ երկրներից»: [b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր