1255 դիտում
16:52 02-06-2020
ԱԶԲ-Ն և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը ստորագրեցին 20 միլիոն ԱՄՆ դոլարի վարկային համաձայնագիր՝ շրջանառու կապտալի համալրման նպատակով
Ասիական Զարգացման Բանկը (ԱԶԲ) և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը (ՀԷՑ) ստորագրեցին շրջանառու կապիտալին աջակցման գործիքի՝ 20 միլիոն ԱՄՆ դոլարի վարկային համաձայնագիրը՝ ուղղված կենսական նշանակության էլեկտրամատակարարման ապահովմանն այն ժամանակաշրջանում, երբ երկիրը նոր թագավարակի (COVID-19) համավարակի ազդեցությունները կառավարելուն ուղղված միջոցառումներ է իրականացնում։
ՀԷՑ-ը հանդիսանում է Հայաստանում էլեկտրաէներգիայի բաշխման ամբողջ ցանցի շահագործման և պահպանման միակ պատասխանատուն, որը ծառայություններ է մատուցում ավելի քան 1 միլիոն սպառողի։ Այս օժանդակությունը կամրապնդի ՀԷՑ-ի իրացվելիությունը, ինչը հնարավորություն կընձեռի պահպանել կայուն և բարձրորակ ծառայությունների մատուցումը համավարակի ընթացքում։ Հայաստանի բոլոր տնային տնտեսությունները և բիզնեսները կշահեն էլեկտրաէներգիայի անընդհատ մատակարարումից։
Վարկային համաձայնագիրը ստորագրեցին ԱԶԲ-ի մասնավոր հատվածի գործառնությունների վարչության Հարավային Ասիայի, Կենտրոնական Ասիայի և Արևմտյան Ասիայի ենթակառուցվածքների ֆինանսավորման գծով տնօրեն Շանտանու Չակրաբորտին և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության գլխավոր տնօրեն Կարեն Հարությունյանը:
«Էներգամատակարարման ապահովումը թույլ կտա երկրում տնտեսական գործունեություն իրականացնել և կնպաստի Հայաստանում համավարակի դեմ արդյունավետ պայքարին»,- ասաց պրն. Չակրաբորտին: «ԱԶԲ-ն սերտ հարաբերություններ ունի ՀԷՑ-ի հետ, և ուրախ ենք այս աջակցությունը տրամադրելու համար: Կարծում ենք, որ այն նախադեպ կհանդիսանա ճգնաժամի տնտեսական հետևանքների նվազեցմանն ուղղված մասնավոր հատվածի հետագա միջոցառումների համար»:
«Ներկայումս դիմակայում ենք մեր ժամանակների ամենամեծ մարտահրավերին: COVID-19-ի համավարակը շատ ավելին է, քան առողջապահական ճգնաժամը․ այն նաև լուրջ սոցիալական ու տնտեսական խնդիրների առջև է կանգնեցնում»,- նշեց պրն. Հարությունյանը: «Մենք մեր խորին շնորհակալությունն ենք հայտնում ԱԶԲ-ին ու մեր բոլոր գործընկերներին՝ այս դժվարին ժամանակաշրջանում իրենց հանձնառության և մեծ օժանդակության համար»:
ՀԷՑ-ը «Տաշիր Կապիտալ» փակ բաժնետիրական ընկերության և «Լիորմանդ Հոլդինգզ Լիմիթեդ» ընկերության սեփականությունն է: «Տաշիր Գրուպը» արդյունաբերական և շինարարական խոշորագույն դիվերսիֆիկացված ընկերություններից մեկն է, որը գործունեություն է ծավալում Ռուսաստանի Դաշնության մի քանի արդյունաբերական ոլորտներում: 2017թ-ին ԱԶԲ-ն հաստատեց 80 միլիոն ԱՄՆ դոլար վարկի տրամադրումը ՀԷՑ-ին, որով նախատեսվում էր բարելավել էլեկտրաէներգիայի բաշխումը և մեծացնել էներգետիկ անկախությունն ու արդյունավետությունը:
ԱԶԲ-ն նպատակ ունի հասնել բարգավաճ, ներառական, դիմակայուն և կայուն Ասիայի և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի ձևավորմանը՝ միևնույն ժամանակ պահպանելով ծայրահեղ աղքատությունը վերացնելուն ուղղված իր ջանքերը։ Հիմնադրվելով 1966թ-ին՝ այն ունի 68 անդամակից երկիր, որից 49-ը՝ տարածաշրջանից։
Նմանատիպ նյութեր
10377 դիտում
13:57 03-07-2017
Ասիական Զարգացման Բանկը հաստատել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ին 80 մլն. ԱՄՆ դոլարի չափով վարկի տրամադրումը
9754 դիտում
09:52 14-07-2018
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը արձագանքել է SHAMSHYAN.com-ի հրապարակմանը
Այս բաժնից
820 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
850 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»