211652_close_icon
views-count3796 դիտում article-date 12:23 04-06-2020

Հակաճգնաժամային 8-րդ ծրագրով աջակցություն կտրվի ևս 9 ոլորտում աշխատողների

Կառավարության այսօրվա նիստում փոփոխություններ կատարվեցին կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 8-րդ ծրագրում: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Արման Ուդումյանը ներկայացրեց, որ նախագծով առաջարկվում է կորոնավիրուսի հետևանքով մասնավոր հատվածի տուժած ոլորտների վարձու աշխատողներին և անհատ ձեռնարկատերերին միանվագ աջակցություն տրամադրելու ոլորտների ցանկն ընդլայնել: «Առաջարկվում է ևս 9 ոլորտ ընդգրկել ցանկում: Այս 9 ոլորտների ավելացմամբ մենք կծածկենք ևս 1875 կազմակերպություն, որտեղ աշխատում է շուրջ 9171 աշխատակից, ընդհանուր աջակցության բյուջեն կկազմի 623 միլիոն 628 հազար դրամ: Արդեն ութերորոդ միջոցառմամբ վճարել ենք 124 609 շահառուներին և արդեն շուրջ 8,5 միլիարդ դրամ է կազմում գումարը»,- ասաց նա: Վարչապետը նշեց, որ հակաճգնաժամային միջոցառումների շրջանակում այս պահին շահառուներին հասանելի է օժանդակության, ընդհանուր առմամբ, 100 միլիարդ 400 միլիոն դրամ, միջոցառումներից օգտված տնտեսվարողների թիվը կազմում է 51 հազար 800, ֆիզիկական անձանց թիվը գերազանցում է 1,1 միլիոնը: Հայտնենք, որ ավելացված 9 ոլորտներն են՝ մանածագործական արտադրատեսակների արտադրություն, փայտանյութի մշակում, փայտից, խցանակեղևից, ծղոտից և հյուսկեն նյութերից արտադրատեսակների արտադրություն, բացի կահույքից, թղթի և թղթե արտադրատեսակների արտադրություն, ռետինե և պլաստմասե արտադրատեսակների արտադրություն, համակարգիչների, էլեկտրոնային և օպտիկական սարքավորանքի արտադրություն, էլեկտրական սարքավորանքի արտադրություն, ձեռնարկատիրական գործունեությանն օժանդակող վարչարարական և լրացուցիչ այլ գործունեություն, համակարգիչների, անձնական օգտագործման և կենցաղային արտադրատեսակների նորոգում և ֆիզիկական առողջության պահպանման հետ կապված գործունեություն:

Նմանատիպ նյութեր