1527 դիտում
19:00 04-06-2020
Ադրբեջանի ներկայիս իշխանությունը սպառնալիք է ոչ միայն Արցախի, Հայաստանի և ողջ հայ ժողովրդի, այլև տարածաշրջանային խաղաղության և անվտանգության համար. ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ
Վերջին շրջանում Ադրբեջանի բարձրագույն ղեկավարության և տարբեր գերատեսչությունների կողմից բովանդակային կառուցվածքից զուրկ, հիստերիա հիշեցնող հակահայկական մրցակցային հայտարարություններ են արվում: Տպավորություն է ստեղծվում, որ Ադրբեջանի ղեկավարությունը փորձում է գերազանցել իր նախկին հակահայկական հայտարարությունները, ինչը տասնամյակների ընթացքում հետևողական հակահայկական դիսկուրսի պայմաններում հեշտ գործ չէ:
Հատկանշական է, որ սեփական ժողովրդի առջև ատելություն քարոզող և պատերազմի սպառնալիքներով հանդես եկող Ադրբեջանի ավտորիտար իշխանություններն օգտագործում են կորոնավիրուսի դեմ պայքարն իրենց երկրում մարդու իրավունքների լայնածավալ խախտումներ իրականացնելու համար. իրողություն, որը բարձրաձայնվել է մի շարք հեղինակավոր միջազգային և տարածաշրջանային կազմակերպությունների կողմից:
Այնուհանդերձ, ինչքան էլ որ հայերի դեմ ատելության քարոզը և պատերազմի սպառնալիքները միտված լինեն ներքին լսարանին, նման հայտարարությունները լրջորեն վնասում են խաղաղ գործընթացին և մատնանշում, որ ոչ թե Ադրբեջանի ժողովուրդը, այլ Ադրբեջանի բարձրագույն ղեկավարությունը պատրաստ չէ խաղաղության:
Ադրբեջանի ղեկավարության հակահայկական գործողություններն արդեն ստացել են իրենց իրավական գնահատականը միջազգային ատյանների կողմից: Այսպես, ՄԻԵԴ-ի «Մակուչյանը և Մինասյանն ընդդեմ Ադրբեջանի և Հունգարիայի» գործով դատավճիռը դատապարտեց ադրբեջանական պետության ռասիստական քաղաքականությունը, որն արտահայտվել էր մարդասպան Ռամիլ Սաֆարովին ներելու, ազատ արձակելու և պարգևատրելու գործողություններով:
Հայատյացությունը որպես ներքին համախմբման և իշխանության լեգիտիմության հիմնական աղբյուր դիտարկող Ադրբեջանի ներկայիս իշխանությունը սպառնալիք է ոչ միայն Արցախի, Հայաստանի և ողջ հայ ժողովրդի, այլև տարածաշրջանային խաղաղության և անվտանգության համար:
Արցախի և Հայաստանի անվտանգային համակարգը բավարար համալիր և կայուն է՝ արդյունավետորեն հասցեագրելու և հակադարձելու նման սպառնալիքները: