211652_close_icon
views-count1270 դիտում article-date 16:35 09-06-2020

Սպասում եմ բժշկի ուղիղ խոսք, որը «ախտորոշում» պետք է տա և ասի՝ ինչն է լավ, ինչն է վատ և ինչ պետք է անենք. նախագահ Արմեն Սարգսյանն աշխատանքային քննարկում է անցկացրել առողջապահության ոլորտի մասնագետների հետ

Հանրապետությունում կորոնավիրուսի համավարակով պայմանավորված իրավիճակը, դրա կանխարգելմանն ու հաղթահարմանն ուղղված ձեռնարկվող քայլերն, ինչպես նաև առկա հնարավորություններն, այդ համատեքստում՝ առողջապահական համակարգի խնդիրները քննարկելու նպատակով Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր նախաձեռնել է աշխատանքային քննարկում, որին մասնակցել են առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, «Արաբկիր» ԲԿ գիտական ղեկավար, առողջապահության նախկին նախարար Արա Բաբլոյանը, Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր, առողջապահության նախկին նախարար Արմեն Մուրադյանը, «Նորք ինֆեկցիոն կենտրոն»-ի տնօրեն Մհեր Դավիդյանը, առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն»-ի տնօրեն Արտավազդ Վանյանը, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ կրծքային վիրաբուժության բաժանմունքի վարիչ Հովհաննես Սարկավագյանը, «Աստղիկ» ԲԿ տնօրեն Ասատուր Ասատրյանն ու նույն կենտրոնի սրտային վիրաբուժության բաժանմունքի ղեկավար Միհիր Սուսանին: Նախագահ Սարգսյանը նշել է, որ հանդիպման նպատակն է առողջապահության ոլորտի պատասխանատու ներկայացուցիչների, հայտնի մասնագետների հետ քննարկել երեք հիմնական հարց՝ համավարակի հետ կապված ներկա իրավիճակը և առաջիկա անելիքներն, առողջապահական համակարգի կառավարման (մենեջմենթի) հետ կապված խնդիրները և թե ինչով կարող են Հանրապետության նախագահն ու նախագահական ինստիտուտն աջակցել այդ խնդիրների լուծմանը և համավարակի հաղթահարմանը: Անդրադառնալով համավարակային վիճակին՝ նախագահ Սարգսյանը մասնավորապես նշել է. «Ունենք ծանր իրավիճակ: Այդ ծանր իրավիճակն արտահայտվում է և՛ վարակվածների թվով, և՛ այն չհայտնաբերված վարակվածների թվով, որոնք, ըստ պրոֆեսիոնալ կարծիքի, շատ ավելին են, քան մենք կարողանում ենք հայտնաբերել, և՛, իհարկե, ծանր հիվանդների թվով, և՛ ամբողջ առողջապահական համակարգի ծանրաբեռնվածությամբ, և՛, իհարկե, մահերի թվով, որոնք մեզ համար, մեր ազգի համար, շատ ցավագին են: Ձեզանից յուրաքանչյուրը շատ փորձառու մասնագետ է իր ոլորտում, և հետևաբար, ձեզանից յուրաքանչյուրի կարծիքը կարևոր է և՛ ինձ համար, և՛ մեր հանրության համար, և՛, ընդհանրապես, ճիշտ որոշումներ ընդունելու և առաջ գնալու համար»: Նախագահ Սարգսյանի խոսքով՝ երկիրն այս պահին գտնվում է ծանր իրավիճակում, և նախագահն իր սահմանադրական իրավունքներից էլ պետք է դուրս գա ու ինչ-որ տեղ գործի նաև որպես մեկը, ով կարող է աջակցել և օգնել՝ մանավանդ իր միջազգային կապերով և հնարավորություններով: Արմեն Սարգսյանն ասել է, որ իր համար, նաև՝ որպես նախագահ, շատ էական է ի դեմս քննարկման մասնակիցների՝ լսել մասնագետների կարծիքը: «Եթե ես փորձել եմ, և փորձում եմ ավելի ինտենսիվորեն օգնել, օգնություն բերել, և այդ օգնությունը կարող է լինել մարդկային, դեղորայքի կամ գործիքների, կամ զուտ գաղափարի օգնություն, ապա ես հստակ պետք է հասկանամ, թե ինչի՞ն օգնեմ և ինչպե՞ս,-ասել է նախագահը: -Եթե ես պետք է զանգահարեմ որևէ երկրի ղեկավարի, բժշկական կենտրոնի, ապա պետք է հստակ ձևակերպեմ, թե մեր երկիրն ինչ է ուզում: Իմ առջև խնդիր դրեք, թե ինչ եք ուզում: Ես ձեզ ուղղակի կարող եմ վստահեցնել, որ հազարավոր մեր հայրենակիցներ, լինելով Բարեգործականի (ՀԲԸՄ) խորհրդի անդամ, աշխարհի տարբեր երկրներից, պատրաստ են մեզ աջակցելու, սակայն մենք պետք է խնդիր դնենք, թե ինչ ենք ուզում՝ կազմակերպելով հեռահար խորհրդատվություն, եթե շատ կարիք կա՝ այցելություն: Նույնը վերաբերում է նաև մեր արտասահմանյան գործընկերներին: Ես ձեզ օրինակ բերեմ: Մի քանի օր առաջ խոսել եմ Կատարի էմիրի հետ, իր ծննդյան օրն էր, հին բարեկամ է: Մարդը պատրաստ է իր օգնությունն ուղարկել, բայց ես հստակ պետք է ասեմ՝ ինչ եմ ուզում: ԱՄԷ-ի առաջնորդը մեր զրույցի ընթացքում իր պատրաստակամությունը հայտնեց օգնելու: Նախարարից խնդրեցի ցանկը, փոխանցեցի, և մի հսկա օդանավ նվեր եկավ: Խոսել եմ Սերբիայի նախագահի հետ. լավ ընկերներ ենք: Ասաց՝ հիմա մենք կորից իջնում ենք ցած, ահագին ավելցուկ ունենք, ես պատրաստ եմ օգնել: Նախարարին խնդրեցի, ցանկը տվեց, այսօր առավոտյան ինձ պատասխան գրեց, թե որքան կարող են ուղարկել, հիմա մտածում ենք, թե ինչպես: Նույնը՝ Մոնտենեգրոյի դեպքում, փոքր երկիր է, կորոնավիրուս չունեն, ԵՄ-ից գումար է ստացել, ապրանք ունեն, և կարծում են՝ կարող են կիսվել: Սկսած Չինաստանից, ԱՄՆ-ից կարելի է ստանալ օգնություն, սակայն պետք է շատ հստակ լինենք: Այստեղ ես ունեմ ձեր աջակցության կարիքը: Ես առաջարկում եմ՝ մեր զրույցը լինի պրոֆեսիոնալ, բժշկական: Եթե ամենացավագին բանն ենք ասելու, եկեք ասենք, թող այս սենյակում միակ դիվանագետը լինեմ ես: Դիվանագիտական խոսք ձեզանից ոչ մեկից չեմ սպասում: Սպասում եմ բժշկի խոսք ուղիղ, որը «ախտորոշում» պետք է տա և ասի՝ ինչն է լավ, ինչն է վատ և ինչ պետք է անենք՝ պահելով մեր զրույցի էթիկետը, իրար հանդեպ հանդուրժող լինելով: Այսօրվա հրատապությունն այն է, որ ունենք վիճակ, եկեք գնահատենք այդ վիճակը և տեսնենք՝ ինչպես ենք առաջ գնալու»: Կարևոր համարելով ռազմավարությունը՝ նախագահը նշել է. «Այդտեղ առաջին խոսքը պետք է նախարարինը լինի, քանի որ ինքը պետք է ներկայացնի թե ո՞րն է նախարարության և կառավարության ռազմավարությունը, որից բխելու է հստակ ծրագիր, իսկ ծրագրից՝ աշխատանքային ծրագրեր առանձին միավորների համար՝ լինեն քաղաքները, հիվանդանոցները»: Երրորդ ամենաէական խնդիրը նախագահ Սարգսյանը համարել է կառավարումը. «Կառավարումը պետք է լինի ճիշտ, ժամանակին՝ ռազմավարական ծրագրին համապատասխան և բարձր կարգապահությամբ՝ ներգրավելով բոլոր հնարավոր ռեսուրսները»: Հանրապետության նախագահը նպատակահարմար է համարել, որ հունիսի 21-ի՝ Բուժաշխատողի օրվա առթիվ բժիշկներն ու մյուս բուժաշխատողներն արժանանան պետական բարձր պարգևների: Նախագահ Սարգսյանն առողջապահության նախարարին առաջարկել է այդ հարցը բարձրացնել կառավարությունում: «Պետությունը պետք է իր զավակներին, որոնք իրենց և իրենց ընտանիքների կյանքը վտանգի տակ են դրել այս ծանր օրերին, գնահատի»,-ասել է Հանրապետության նախագահն, ավելացնելով որ նախագահականն իր կողմից որոշակի քայլեր այդ ուղղությամբ անելու է:

Նմանատիպ նյութեր