211652_close_icon

Չկա «լավ բռնություն», «լավ հայհոյանք», «լավ ստորություն», ինչպես նաև՝ «վատ սեր», «վատ կարեկցանք», «վատ պարկեշտություն»․ «Առավոտ»

views-count6046 դիտում article-date 10:48 06-03-2019
«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ «Ուկրաինայում «Մայդանի» ժամանակ հեղափոխականները բռնություն էին գործադրում Յանուկովիչի վարչակազմի ներկայացուցիչների նկատմամբ, այդ թվում՝ գցում էին նրանց աղբարկղերը: Թեև անձամբ ինձ համար դա քաղաքական պայքարի միանշանակորեն մերժելի ձև է (մարդկային արժանապատվությունը պետք է հարգել բոլոր պարագաներում), տրամաբանությունը հասկանալի է՝ հեղափոխությունից առաջ ակտիվիստներն այդպես էին պայքարում այն ժամանակ գործող իշխանության դեմ: Դա ամենևին նման չէ այն դեպքին, երբ հեղափոխությունից հետո, ներկայումս գործող իշխանության համակիրները նույնատիպ բռնություն են կիրառում հասարակական գործչի դեմ՝ այն բանի համար, որ նրա հայացքները «հաղթած հեղափոխականներին» դուր չեն գալիս: Սա նշանակում է, որ նորօրյա «սևշապիկավորները» կարող են բռնություն կիրառել նաև իմ դեմ, եթե, օրինակ, իմ այս հոդվածը նրանց դուր չգա: Այսինքն՝ մարդկանց ինչ-որ խումբ իրեն իրավունք է վերապահում «պատժելու» որևէ քաղաքացու՝ «սխալ վարքագծի», «սխալ մտածելակերպի» համար: Բայց դա նոր երևույթ չէ մեր կյանքում. «հին Հայաստանում» այդպես էին վարվում երկրապահները, օլիգարխների թիկնապահները, քրեական հեղինակությունները, իշխանության կողմնակից զանազան խմբերի (հրոսակախմբերի) ներկայացուցիչները: «Սա լավ մարդ է, իրեն ճիշտ է պահում, նրան ծեծելը դատապարտելի է, իսկ սա՝ վատն է, սխալ բաներ է խոսում՝ նրան ծեծելը հասնում է»՝ դուք համաձա՞յն եք այս տրամաբանության հետ: Ինձ թվում է, դա «հին Հայաստանի» տրամաբանություն է: «Բա որ ոստիկանները…»: Այստեղ նույնպես համեմատվում են տարբեր երևույթներ: Ոստիկանությունն օրենքով օժտված է սահմանված կարգի համաձայն բռնություն կիրառելու իրավունքով: Օրինակ, երբ քաղաքացիներն իրենց քաղաքական նպատակներին հասնելու համար ցանկանում են պարալիզացնել հանրապետության երթևեկությունը, ոստիկանները կարող են այդ քաղաքացիներին հանել երթևեկելի մասից: Ուրիշ հարց, որ վերջին հեղափոխության ժամանակ դա անելն անիմաստ էր, որովհետև ճանապարհ փակողների քաղաքական նպատակները կիսում էին հարյուր հազարավոր մարդիկ: Պատահում է նաև, որ ոստիկանները գերազանցում են իրենց լիազորությունները՝ դրա համար նրանց դատ է հասնում: Բայց դատն իրականացնում է դրա համար հատուկ ստեղծված պետական մարմինը, ոչ թե քաղաքացիների ցանկացած խումբը մեկ այլ քաղաքացու հանդեպ: ․․․ Իսկ երևույթների իմ ընդհանուր ընկալումը հետևյալն է. չի կարող լինել «լավ բռնություն» (բացի օրենքով նախատեսված դեպքերից): Ճիշտ նույն ձևով չկա «լավ հայհոյանք», «լավ ստորություն», «լավ ստախոսություն», «լավ դեմագոգիա»: Ինչպես նաև՝ չի կարող լինել «վատ սեր», «վատ կարեկցանք», «վատ պարկեշտություն», «վատ մեծահոգություն»: Այդ դրսևորումների «օբյեկտը» կարևոր չէ: Կարևորը սուբյեկտն է, այսինքն՝ ամեն մեկս»: [b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր