211652_close_icon
views-count34006 դիտում article-date 15:23 25-06-2020

ՀՀ ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքի պետի և ոստիկանության ևս 3 պաշտոնյաների պաշտոնական լիազորությունների չարաշահման վերաբերյալ քրեական գործի նախաքննությունն ավարտվել է․ ՀՔԾ

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում հարուցված և ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննված քրեական գործով կատարված նախաքննության ընթացքում պարզվել և հիմնավորվել է, որ ՀՀ ոստիկանության ԵՔՎ Մաշտոցի բաժնի Դավիթաշենի բաժանմունքի պետ Մկրտիչ Վարոսյանը, բաժանմունքի պետի տեղակալ Արայիկ Ղազարյանը և նույն ստորաբաժանման քրեական հետախուզության խմբի օպերլիազոր Անդրանիկ Խաչատրյանը, անցնելով իրենց պաշտոնեական լիազորությունները, հանցավոր համաձայնության են եկել հափշտակություններ կատարելու համար դատապարտված և պատժի կրումից ազատված Էդգար Գևորգյանի հետ: Այս մասին տեղեկացնում է ՀՔԾ մամուլի ծառայությունը։ Մասնավորապես, հիշյալ բաժանմունքի կողմից սպասարկվող վարչական տարածքում հանցագործությունների բացահայտման ցուցանիշները բարձրացնելու և պարգևատրումներ ստանալու նպատակով վերջիններս Էդգար Գևորգյանին առաջարկել են չնչին վարձատրության դիմաց կատարել ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործություններ՝ խոստանալով համոզել տուժողներին հրաժարվել բողոք ներկայացնելուց և այդ հիմքով Է. Գևորգյանին չենթարկել քրեական պատասխանատվության` գողոնը թողնելով նրա տնօրինման ներքո: Արդյունքում, վերը նշված պաշտոնյաների հովանավորության ներքո, Էդգար Գևորգյանը 2019-2020 թվականների ընթացքում Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների տարածքում կայանված ավտոմեքենաներից կատարել է 15 դրվագ գողություն և գողության փորձեր, որոնց վերաբերյալ նյութեր են նախապատրաստվել ՀՀ ոստիկանության Մաշտոցի բաժնի հետաքննության բաժանմունքում: 2020թ. մարտի 19-ին կատարված դեպքերի առթիվ նյութերի նախապատրաստումը հանձնարարվել է ավագ տեսուչ Հակոբ Հակոբյանին: Վերջինս, սակայն, պարտավոր լինելով այդ դեպքերի բացահայտման համար օրենքով սահմանված կարգով ձեռնարկել համապատասխան քրեադատավարական և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, դիտավորությամբ չի կատարել իր ծառայողական պարտականությունները և ընդառաջել է Արայիկ Ղազարյանի ու Մկրտիչ Վարոսյանի խնդրանքներին, այն է՝ ակնհայտ կեղծ տեղեկություններ պարունակող պաշտոնական փաստաթղթերի կազմմամբ արհեստական հիմքեր է ստեղծել Էդգար Գևորգյանի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու համար: Վերը նշված հանցավոր արարքների կատարման համար` Մկրտիչ Վարոսյանին, Արայիկ Ղազարյանին և Անդրանիկ Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ Հակոբ Հակոբյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ և 314-րդ հոդվածների 1-ին մասերով: Նրանց վերաբերյալ քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ: Ինչպես ավելի վաղ հայտնել էր [url=https://shamshyan.com/hy/article/2020/05/21/1155277/]SHAMSHYAN.com[/url]-ը, [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ Ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում ՀՀ քր. օր-ի 309 հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով հարուցվել էր քրեական գործ՝ ոստիկանության Դավիթաշենի բաժամունքի պաշտոնատար անձանց նկատմամբ։ Ինչպես հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քրգործով մեղադրանք էր առաջադրվել ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքի պետ՝ 41-ամյա Մկրտիչ Վարոսյանի, նույն բաժանմունքի պետի տեղակալ՝ 32-ամյա Արայիկ Ղազարյանի և նույն բաժանմունքի ավագ հետաքննիչ՝ 38-ամյա Հակոբ Հակոբյանի նկատմամբ։ Ըստ քրեական գործի նյութերի՝ վերջիններս անցել էին պաշտոնական լիազորությունները և դրդել էին Էդգար Գ-ին կատարել մի շարք գողություններ։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր