880 դիտում
22:28 27-06-2020
Զոհրաբ Մնացականյանը ուղերձ է հղել նախարարական առցանց համաժողովին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բարձր եմ գնահատում այս նախարարական համաժողովի անցկացումը մարտահրավերներով լի այս ժամանակահատվածում և հատկապես այն օրը, երբ մենք նշում ենք Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրության ստորագրման տարեդարձը: Այս խորհրդանիշը ևս մեկ անգամ ընդգծում է այս Դաշինքի հիմնական ուղերձը, որ ուժեղ գլոբալ համագործակցությունը, համերաշխությունը, արդյունավետ բազմակողմանիությունն այն հիմնական գործիքակազմն են, որոնք ուղղված են ոչ միայն նոր տիպի կորոնավիրուսի համավարակի պատճառով առաջացած ներկայիս աննախադեպ մարտահրավերները զսպելուն և դրանց հակազդելուն, այլ նաև գործուն միջազգային հասարակությունը պահպանելուն:
COVID-19 համավարակն անհամաչափ ձևով ծանր ազդեցություն է ունենում բազմաթիվ երկրների, ներառյալ զարգացող, դեպի ծով ելք չունեցող երկրների վրա, ինչպիսին է Հայաստանը՝ խոչընդոտելով տնտեսական առաջընթացը, որն առավել վատթարանում է՝ պայմանավորված տարածաշրջանային և գլոբալ մակարդակով անվտանգության անկայուն միջավայրով։
Նոր տիպի կորոնավիրուսի առկայության կամ դրա բացակայության պայմաններում՝ Հայաստանը արդյունավետ ու գործող գլոբալ և տարածաշրջանային կառույցներ ունեցող բազմակողմանի, համագործակցային միջազգային համակարգի կայուն ջատագով է։
Նոր տիպի կորոնավիրուսով (COVID19) պայմանավորված համաշխարհային առողջապահական համակարգի ճգնաժամը երևան հանեց բազմակողմանի կառույցների հանդեպ գլոբալ համերաշխության և վստահության թերությունները: Սա գործելու կոչ է, հիշեցում, որ արդյունավետ բազմակողմանիության հանդեպ հանձնառության վերահաստատումը գլոբալ խնդիրների դեմ պայքարելու հրամայականն է: Հայաստանն ի սկբանե սատարել է ամուր բազմակողմանիության խթանմանն ուղղված նախաձեռնությունը: Դա գիտակցելով՝ միացել ենք 2020թ. ապրիլի 16-ին տեղի ունեցած Դաշինքի նախորդ նախարարական նիստին ընդունված «Մեզ անհրաժեշտ է ավելի ուժեղ գլոբալ համագործակցություն և համերաշխություն COVID 19-ի դեմ պայքարելու համար» վերտառությամբ հռչակագրին:
2020թ․ մայիսի 18-19-ին տեղի ունեցած Առողջապահության համաշխարհային ասամբլեայի ընթացքում միաձայն ընդունվեց ԱՀԿ-ի (Առողջապահության համաշխարհային կազմակերպություն) «COVID-19-ին արձագանքը» վերտառությամբ բանաձևը։ Դա վարակի դեմ պայքարի համար բոլոր անհրաժեշտ առողջապահական տեխնոլոգիաների և արտադրանքի համընդհանուր, ճիշտ ժամանակին և հավասար հասանելիության և արդար բաշխման կոչ է և կարևորագույն հանգրվան: Իրապես, սա գլոբալ առաջնահերթություն է, ոչ ոք, ներառյալ հակամարտող տարածքներում բնակվողները, չպետք է զրկված լինեն կամ սահմանափակ հասանելիություն ունենան Covid-19-ի հետևանքները մեղմացնող միջոցներին:
ԱՀԿ-ն ենթարկվում է ճնշման: ԱՀԿ-ն իր անդամ երկրներն են, հետևաբար մենք թե հավաքական կերպով, թե անհատապես՝ որպես միջազգային հանրության անդամներ պետք է վերագնահատենք հավաքական գործողության արժեքը և անհրաժեշտությունը՝ ուղղված այս բազմակողմ հարթակի չափանիշի բարձրացմանը: Արդյո՞ք մենք՝ միջազգային հանրությունը, կշահե՞ինք՝ թույլ ԱՀԿ ունենալով: Արդյո՞ք մենք անհատապես կշահեինք համերաշխության և հավաքական գործողության քայքայումից, աճող քաոսից: Հայաստանի պատասխանը վճռական ոչ է: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը, ինչպես նաև միջազգային և տարածաշրջանային այլ կազմակերպություններ ուրույն դերակատարություն ունեն համակարգելու և առաջնորդելու առողջապահության գլոբալ արձագանքը, ինչպես նաև միավորելու ճգնաժամի ավելի լայն սոցիալ-տնտեսական հետևանքների հասցեագրմանն ուղղված ջանքերը։
COVID-19-ի դեմ պատվաստումը գլոբալ հանրային բարիք է, և դյուրահաս և մատչելի պատվաստանյութերը պետք է հասանելի լինեն բոլոր երկրներին՝ հատկապես խոցելի խմբում գտնվողներին։
Մենք պատրաստ ենք միավորելու մեր ջանքերը բազմակողմ առողջապահական ճարտարապետությունն ուժեղացնելու ուղղությամբ, որն իր ազդեցությունը կունենա առողջապահական համակարգի բոլոր շերտերի՝ ներառյալ ազգային մակարդակի վրա՝ այսպիսով բարելավելով այս և այլ բռնկումները կանխարգելելու և հասցեագրելու պատրաստվածությունը։
Հայաստանն աջակցել է COVID-19-ի համատեքստում «տեղեկատվական համավարակի» (“Infodemic”) վերաբերյալ միջտարածաշրջանային հայտարարությունը, որը վերաբերում է համավարակի մասին ապատեղեկատվության և թյուր տեղեկատվության տարածմանը, ինչը շփոթմունք է առաջացնում բնակչության շրջանում և տարաձայնություններ առաջացնում հասարակության մեջ։
Թավշյա հեղափոխությունից և 2018-ի ժողովրդավարական վերափոխումից հետո խոսքի ազատությունը խոըապես արմատավորված է Հայաստանի հասարակական կյանքում: Այն հանդիսանում է Հայաստանի ժողովրդավարության առաջատար նվաճումներից մեկը:
Covid-19-ը ուղեկցող «տեղեկատվական համավարակը» իրական սպառնալիք է ոչ միայն ժողովրդավարական կառույցների, այլև հանրային առողջության և անվտանգության համար: Աշխարհի տարբեր մասերում հիվանդության տարածման վերաբերյալ կենսական տեղեկատվության անհիմն սահմանափակումների կամ հասանելիությունն ապահովելու մերժման բազմաթիվ դեպքերը մտահոգիչ են: Միևնույն ժամանակ այնտեղ, որտեղ ազատ մամուլն ուժեղ է, վերջինիս ընդունվում է որպես հանրային արժեք և հանրային ծառայություն, այն հանդիսանում է ռիսկերի վերացման ուղղությամբ գիտակցված հասարակական հավաքական գործողությունների խրախուսման անբաժան մասը: Հետևաբար, ազատ մամուլը ևս պետք է հետամուտ լինի պատասխանատվության պահանջին: Դա առավել ընդգծվում է COVID-19- ի դեմ պայքարի համատեքստում:
Հայաստանի կառավարությունը վճռական է՝ պահպանելու և երաշխավորելու ամուր հիմքեր՝ մարդու ազատ կամարտահայտման և խոսքի ազատության իրավունքների իրացման համար: Միևնույն ժամանակ, ապատեղեկատվության, կեղծ լուրերի տարածումը մարդու՝ հավաստի և փաստական տեղեկատվություն ստանալու սահմանադրական իրավունքների ապահովման հիմնական սպառնալիքներից է։
Հայաստանը ողջունում է Տեղեկատվության և ժողովրդավարության ֆորումի շրջանակներում «տեղեկատվական համավարակի» դեմ պայաքարելու համար ստեղծված աշխատանքային խմբի մեկնարկը։
Շնորհակալություն։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1094 դիտում
13:28 17-05-2019
Զոհրաբ Մնացականյանը Հելսինկիում մասնակցում է Եվրոպայի խորհրդի նախարարական համաժողովին
1643 դիտում
21:36 18-05-2019
Զոհրաբ Մնացականյանը մասնակցեց Եվրոպայի խորհրդի 70-ամյակին նվիրված նախարարական համաժողովին
Այս բաժնից
880 դիտում
14:05 21-12-2024
Վաղը երեկոյան և դեկտեմբերի 24-ի գիշերը սպասվում է թույլ ձյուն
775 դիտում
13:44 21-12-2024
«Տարվա էտալոն» մրցանակը՝ Ռոզա Ծառուկյանին
685 դիտում
12:23 21-12-2024
Ռուբինյանց 2/2 հասցեին հարակից տարածքում երեխաները նոր խաղահրապարակ ունեն. Փաշինյան