211652_close_icon
views-count2551 դիտում article-date 15:13 11-07-2020

Քննարկվել է Տնտեսական համագործակցության հարցերով հայ–բելառուսական միջկառավարական հանձնաժողովի աշխատանքի ընթացքը

Տնտնտեսական համագործակցության հարցերով հայ–բելառուսական միջկառավարական համատեղ հանձնաժողովի համանախագահներ՝ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը և Բելառուսի Հանրապետության անտառային տնտեսության նախարար Վիտալի Դրոժժան հեռավար կապի միջոցով կազմակերպված աշխատանքային հանդիպման ժամանակ քննարկել են հանձնաժողովի` ընթացիկ տարվա մարտի 12–ին Երևանում կայացած 14–րդ նիստի որոշումների իրականացման ընթացքը։ Հանդիպմանը հայկական կողմից մասնակցել են Բելառուսի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Ղևոնդյանը, Ներդրումների աջակցման կենտրոնի, Էկոնոմիկայի նախարարության պաշտոնյաներ։ Բելառուսական կողմը ներկայացրել են Բելառուսի անտառային տնտեսության նախարարության, ԱԳՆ, Հայաստանում Բելառուսի դեսպանության, Բելառուսի առևտրաարդյունաբերական պալատի ու Ներդրումների և սեփականաշնորհման ազգային գործակալության պաշտոնատար անձինք։ Տիգրան Խաչատրյանը ողջունել է աշխատանքային հանդիպման մասնակիցներին և շնորհակալություն հայտնել Վիտալի Դրոժժային հանդիպման առաջարկն ընդունելու համար։ «Վստահ եմ, որ մենք, որպես հայ-բելառուսական միջկառավարական հանձնաժողովի համանախագահներ, կկարողանանք համատեղ ջանքերով համակարգել աշխատանքները 14–րդ նիստի արձանագրության որոշումները հաջողությամբ իրականացնելու համար: Հուսով եմ, որ համավարակը հաղթահարելուց հետո կրկին անմիջական կհանդիպենք և կքննարկեք մեր երկրների առևտրատնտեսական համագործակցության առաջնահերթ խնդիրները», - ասել է Տիգրան Խաչատրյանը: Էկոնոմիկայի նախարարը բելարուսական կողմին տեղեկացրել է, որ Հայաստանի կառավարությունն ընդունել է կորոնավիրուսի համավարակի սոցիալ-տնտեսական հետևանքների չեզոքացմանն ուղղված երկու տասնյակից ավելի հակաճգնաժամային ծրագիր, որոնցից հինգը` տուժած ձեռնարկություններին և ընկերություններին, այդ թվում` փոքր ու միջին բիզնեսին աջակցություն ցուցաբերելու համար։ Նա նշել է, որ մինչ օրս օգնություն է ստացել շուրջ 55 հազար տնտեսվարող սուբյեկտ ու ավելի քան մեկ միլիոն մարդ: Տիգրան Խաչատրյանը հույս է հայտնել, որ համավարակը սկզբունքորեն չի անդրադառնա ձեռք բերված պայմանավորվածությունների վրա, և Հայաստանի ու Բելառուսի պետական կառույցների և կազմակերպությունների ներկայացուցիչների պրոֆեսիոնալիզմի, նաև համակարգված աշխատանքի շնորհիվ կհաջողվի նվազեցնել կորոնավիրուսի բացասական ազդեցությունը առևտրատնտեսական կապերի, երկու երկրների գործարար շրջանակների փոխգործակցության վրա։ Նա նաև նշել, որ անհրաժեշտ է մշակել մարտահրավերներին դիմակայելու նոր արդյունավետ համակարգեր, փոխգործակցության նոր ձևեր։ Որպես հայ–բելառուսական համագործակցության հեռանկարային հարթակներ Տիգրան Խաչատրյանը նշել է արդյունաբերության, գյուղատնտեսության, ենթակառուցվածքների և ներդրումների, փոքր և միջին ձեռնարկությունների, տրանսպորտի, էներգետիկայի, բարձր տեխնոլոգիաների, նորարարության, թվայնացման և շրջակա միջավայրի, նաև մշակույթի բնագավառում համատեղ նախագծերի իրականացումը: Նա հույս է հայտնել, որ մշաման փուլում գտնվող 9 երկկողմ փաստաթղթերի ստորագրումից հետո, մոտ ապագայում հնարավոր կլինի նկատելի դրական տեղաշարժ արձանագրել փոխգործակցության մի շարք ուղղություններով։ Օգտվելով առիթից, Տիգրան Խաչատրյանը մեկ անգամ ևս շնորհակալություն է հայտնել բելառուս գործընկերոջը Հայաստանին անհատույց 50․000 հատ սոճու տնկի նվիրելու կապակցությամբ։ Վիտալի Դրոժժան, ողջունելով հանդիպման մասնակիցներին, իր խոսքում գոհունակությամբ նշել է, որ Մինսկի և Երևանի միջև չկան քաղաքական և տնտեսական խնդիրներ, իսկ առևտրատնտեսական բնույթի հարցերը արդյունավետ լուծումներ են ստանում միջկառավարական հանձնաժողովի շրջանակներում։ Նա շեշտել է, որ վերջին տարիներին հայ–բելառուսական առևտրատնտեսական հարաբերությունները կայուն և բազմակողմանիորեն զարգանում են, ընդլայնվում են նաև մշակությաին կապերը։ Նա ընդգծել է ընթացիկ տարվա մարտին Երևանում կայացած հայ–բելառուսական միջկառավարական հանձնաժողովի 14–րդ նիստի արդյունավետ աշխատանքը և նշել, որ անցած կարճ ժամանակահատվածում, երկու երկրների պետական կառույցների և գործարար համայնքի համագործակցությամբ, որոշակի աշխատանքներ իրականացվել են, սակայն կորոնավիրուսը դանդաղեցրել է ընթացքը, նաև ազդել առևտրաշրջանառության վրա, և անհրաժեշտ է նախանշել մինչև տարեվերջ առևտրաշրջանառության ավելացման ծրագրեր։ Վիտալի Դրոժժան տեղեկացրել է, որ ընթացիկ տարվա հունվար–մարտին Բելառուսի և Հայաստանի միջև ապրանքաշրջանառությունը կազմել է 25,4 մլն ԱՄՆ դոլլար, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կրճատվելով ընդամենը 5 տոկոսով, արտահանումը կազմել է 17,5 մլն ԱՄՆ դոլլար, նվազելով մինչև 17 տոկոս, ներմուծումը` 7,8 մլն ԱՄՆ դոլլար, աճելով ավելի քան 40 տոկոսով։ Հունվար–ապրիլին ծառայությունների փոխադարձ առևտրի ծավալը կազմել է 4 մլն ԱՄՆ դոլլար, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճելով 45 տոկոսով։ Համագործակցության կարևոր նպատակներից Վիտալի Դրոժժան առանձնացրել է բելառուս և հայ արտահանողների դիրքերի ամրապնդումը երկու երկրների շուկաներում, ապրանքարտադրության ցանցի ընդլայնումը, համագործակցությունը գյուղատնտեսության, գիտության և տեխնոլոգիաների ոլորտում։ Սոճու տնկիների վերաբերյալ Վիտալի Դրոժժան նշել է, որ Սևանա լճի մոտակայքում հայ-բելառուսական անտառը կդառնա երկու երկրների բարեկամության յուրահատուկ խորհրդանիշ։ Հանդիպման մասնակիցները հանգամանալիորեն քննարկել են հայ-բելառուսական միջկառավարական հանձնաժողովի 14–րդ նիստի որշումների բոլոր կետերի կատարման ընթացքը։ Նշվել է, որ հանձնաժողովի արձանագրության 44 կետերից 31 կետով փոխգործակցության 12 բնագավառներում միջոցառումներն իրականացման փուլում են: Հանդիպման ավարտին նախանշել են հետագա անելիքները և համագործակցության հեռանկարները։

Նմանատիպ նյութեր