211652_close_icon
views-count4258 դիտում article-date 14:29 16-07-2020

Նրանք ապրելու են այս խեղդող բացակայության հետ. ՀՀ վարչապետի խոսքը «Եռաբլուրում»

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ հուլիսի 16-ին, ներկա էր «Եռաբլուր» զինվորական պանթեոնում հակառակորդի կրակոցից զոհված մայոր Գարուշ Համբարձումյանի հուղարկավորության արարողությանը։ Վարչապետը նաև ելույթ ունեցավ պանթեոնում։ «Համբարձումյան սգակիր ընտանիքի մեծարգո անդամներ, Գաբրիելյան սգակիր ընտանիքի մեծարգո անդամներ, Մաթեւոսյան սգակիր ընտանիքի մեծարգո անդամներ, Էլբակյան սգակիր ընտանիքի մեծարգո անդամներ, Վեհափառ Տեր, Կառավարության հարգելի անդամներ, ԱԺ պատգամավորներ, պարոնայք գեներալներ եւ սպաներ, հայրենիք պետություն ունենալը պատասխանատվություն է, որն ընկած է ժողովրդի, հանրության ուսերին։ Ընդհանրական այս պատասխանատվությունը սակայն կարող է դառնալ անպատասխանատվություն, եթե այն մենք թողնենք միայն ժողովուրդ, հանրություն հավաքական հասկացությունների մեջ ցրված, լղոզված։ Եթե ի վիճակի չլինենք այդ պատասխանատվությունը բաղդատել կոնկրետ ու հասցեական դարձնել ժողովուրդ կամ հանրություն հավաքականությունը ձեւավորող սուբյեկտների այսինքն՝ անհատների միջեւ, մեզնից յուրաքանչյուրի միջեւ։ Ինչո՞ւ ենք այսօր այստեղ հավաքվել, եւ ի՞նչ կապ ունի մեր այսօր այստեղ գտնվելը իմ նշած պատասխանատվության հետ։ Մենք այստեղ հավաքվել ենք ազդարարելու, որ Հայաստանի զինված ուժերի մայոր, ՀՀ քաղաքացի Գարուշ Վեմիրի Համբարձումյանը, Հայաստանի զինված ուժերի կապիտան, ՀՀ քաղաքացի Սոս Փայլակի Էլբակյանը, Հայաստանի զինված ուժերի կրտսեր սերժանտ, ՀՀ քաղաքացի Սմբատ Գեւորգի Գաբրիելյանը, Հայաստանի զինված ուժերի կրտսեր սերժանտ, ՀՀ քաղաքացի Գրիշա Վահանի Մաթեւոսյանը լիարժեք եւ անմնացորդ կրեցին հայրենիք-պետություն ունենալու իրենց բաժին պատասխանատվությունը։ Նրանք լիարժեք կրեցին այդ պատասխանատվությունը, այդ պատասխանատվության զոհասեղանին դնելով ամենաթանկագինը, որն ունի մարդը, նրանք հայրենիք-պետության զոհասեղանին դրեցին իրենց կյանքը ու ոչ միայն իրենց, այլեւ իրենց ընտանիքի անդամների, իրենց հարազատների կյանքը, որովհետեւ նրանց կյանքն այլեւս առաջվանը չի լինելու եւ նրանք ապրելու են այս խեղդող բացակայության հետ։ Մայոր Գարուշ Համբարձումյանը, կապիտան Սոս Էլբակյանը, կրտսեր սերժանտներ Գրիշա Մաթեւոսյանը եւ Սմբատ Գաբրիելյանը նահատակվեցին, բայց միթե նրանց հետ նահատակվեց նաեւ հայրենիք-պետության ունենալու նրանց բաժին պատասխանատվությունը։ Մի՞թե հօդս ցնդեց այդ պատասխանատվությունը, իհարկե ոչ։ Այդ պատասխանատվությունը մնաց մեզ հետ, այդ պատասխանատվությունը սպասում է մեզնից յուրաքանչյուրին, վարչապետից մինչեւ փոքր գործարար, նախագահից մինչեւ հոգեւորական, որ մեզնից յուրաքանչյուրն ավելացնի իր բաժին պատասխանատվությունը՝ մեր նահատակված զինվորների պատասխանատվությունը գետնին չթողնելով։ Մայոր Գարուշ Համբարձումյանը, կապիտան Սոս Էլբակյանը, կրտսեր սերժանտներ Գրիշա Մաթեւոսյանը եւ Սմբատ Գաբրիելյանը լիարժեք կրեցին իրենց պատասխանատվությունը Աստծո առաջ, հայրենիք-պետության առաջ, մեր ժողովրդի ու պատմության առաջ, մեր նահատակների ու սերունդների առաջ, Եռաբլուրի ու Ծիծեռնակաբերդի առաջ։ Սա մեր՝ ապրողներիս պատասխանատվության ժամն է, մեր հավաքական եւ մեզնից յուրաքանչյուրի պատասխանատվության ժամը։ Մենք ամեն Աստծո օր պետք է մեր միտքը մարզենք, ամրացնենք մեր հոգին, մեր բազուկներն ու ոտքերը, որ ամուր կանգնենք այս հողի վրա, որն ամփոփում է Սարդարապատի հերոսներին, Արցախյան ազատամարտի հերոսներին, Ապրիլյան պատերազմի հերոսներին։ Մենք պետք է ամուր կանգնենք այս հողի վրա այնքան ու այնպես ամուր, ինչպես հենց այս պահին Տավուշի հողին ամուր կանգնած են մեր հերոս եղբայրները, ովքեր այսօր մարտի դաշտում հայրենի հողը պաշտպանելիս խոսում են Սարդարապատի հերոսների, Արցախյան ազատամարտի հերոսների, Ապրիլյան պատերազմի հերոսների անունից եւ վստահություն ու հպարտություն են ներշնչում բոլորիս։ Այդ մարդիկ հայրենիք-պետության առաջ իրենց պատասխանատվության ապահովման համար դրել են առավելագույնը՝ իրենց կյանքը, իրենց ընտանիքների խաղաղությունն ու երջանկությունը։ Մեզնից յուրաքանչյուրը ամեն անգամ Եռաբլուրի մոտով անցնելիս, Ծիծեռնակաբերդի մոտով անցնելիս, Հայաստանի դրոշն ու զինանշանը տեսնելիս, օրհներգը լսելիս ինքն իրեն հարց պիտի տա ու պատասխանի՝ իսկ ի՞նչ եմ ես անում, որ Տավուշի կամ սահմանային այլ դիրքերում կանգնած հերոսների թիկունքն ամուր լինի, փամփշտակալը լիքը լինի, սպառազինությունը բավարար լինի, դուխը տեղը լինի. այս հարցի պատասխանը մեզնից յուրաքանչյուրը պիտի տա ինքն իրեն եւ Աստծուն։ Միայն ինքդ քեզ հետ եւ Աստծո հետ խոսելիս է որ չես կարող եղծել։ Մեզնից յուրաքանչյուրի այս խոսակցությունից է կախված Համբարձումյան, Գաբրիելյան, Մաթեւոսյան, Էլբակյան ընտանիքների, նահատակներ տված մեր մյուս ընտանիքների հոգում ավելի շատ ցա՞վ կլինի, թե՞ հանդարտություն։ Խոնարհվում եմ ձեր եւ ձեր ընտանիքների առաջ, խոնարհվում եմ մեր բոլոր նահատակների եւ նրանց ընտանիքների առաջ։ Կեցցե ազատությունը, կեցցե Հայաստանի Հանրապետությունը, կեցցե Արցախի Հանրապետությունը, կեցցե Հայոց բանակը եւ կեցցենք մենք եւ մեր երեխաները, որ ապրում ենք եւ ապրելու ենք ազատ եւ երջանիկ Հայաստանում»,– ասաց վարչապետը։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր