7479 դիտում
19:16 22-07-2020
Արմեն Սարգսյանի նախաձեռնությամբ՝ գիտության ու արվեստի միջազգային STARMUS 6-րդ փառատոնը 2021-ին անցկացվելու է Հայաստանում
Գիտության ու արվեստի միջազգային STARMUS 6-րդ (Stars and Music) փառատոնը 2021 թվականին անցկացվելու է Հայաստանում, Հանրապետության նախագահի հովանու ներքո: Այն նվիրված կլինի դեպի Մարս՝ Կարմիր Մոլորակ խորհրդային MARS 3-ի ու NASA-ի MARINER 9-ի առաքելությունների 50-ամյակին: Այս մասին պաշտոնապես հայտարարվել է այսօր՝ փառատոնին վերաբերող առցանց հանդիպման ժամանակ, որին Երևանից մասնակցել են Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը, բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը, Իսպանիայից՝ STARMUS փառատոնի համահիմնադիր, տնօրեն և խորհրդի անդամ Գարիկ Իսրայելյանը, ԱՄՆ-ից՝ STARMUS փառատոնի խորհրդի անդամ, ամերիկացի աստղագետ Ջիլ Տարտերը, STARMUS փառատոնի խորհրդի անդամ, Astronomy ամսագրի գլխավոր խմբագիր Դեվիդ Այքերը, Շվեյցարիայից՝ STARMUS փառատոնի խորհրդական, աստղագետ Միշել Մայորը:
STARMUS փառատոնի համահիմնադիր, տնօրեն և խորհրդի անդամ Գարիկ Իսրայելյանը, բացելով հանդիպումը, հայտարարել է, որ STARMUS 6-րդ փառատոնը Հայաստանում նախատեսվում է անցկացնել 2021 թ. սեպտեմբերի 6-11-ը:
Նախագահ Սարգսյանը, շնորհակալություն հայտնելով փառատոնի խորհրդին՝ այն Հայաստանում անցկացնելու որոշման համար, մասնավորապես ասել է. «Դուք կարող եք միանգամայն վստահ լինել, որ այդ փառատոնը լինելու է հրաշալի, հատուկ, և բոլորդ մեզ հետ հպարտանալու եք, որ փառատոնն այս անգամ անցկացվեց Հայաստանում:
Սա շատ կարևոր միջազգային փառատոն է: Ես հնարավորություն ունեցա մասնակցելու նախորդ փառատոնին, որն անցկացվեց Շվեյցարիայում: Տպավորիչ էր, որ փառատոնին մասնակցում էին հազարավոր այցելուներ ամբողջ աշխարհից: Հետաքրքիր էր գաղափարը, որը միավորման մասին էր՝ գիտության, տեխնոլոգիաների և մշակույթի միավորման մասին,-ասել է Հանրապետության նախագահը: -Հաջորդ փառատոնն ինչ-որ առումով պետք է տարբերվի: Եթե երաժշտություն, ապա ես կցանկանայի ներգրավել ոչ միայն ռոքը, այլև այսօրվա՝ ժամանակակից երաժշտությունը, նաև դասականը, եթե գիտություն է, ապա՝ գիտության տարբեր ոլորտները: Շատ ուրախ կլինենք, եթե Հայաստան այցելեն մի շարք Նոբելյան մրցանակակիրներ, որոնք այդ մեկ շաբաթվա ընթացքում իրենց դասախոսություններով ոչ միայն նոր մտքեր ու գաղափարներ կհաղորդեն այցելուներին, այլ նաև կոգևորեն մեր գիտնականներին և Հայաստան այցելած գիտնականներին, ինչպես նաև մեր երիտասարդությանը»:
Նախագահ Սարգսյանն ընդգծել է, որ փառատոնի մյուս նպատակը կրթությունն է, երիտասարդներին դեպի գիտություն, նոր տեխնոլոգիաների ոլորտ, դեպի ապագա ուղղորդելը: «Ապագան նաև այն երազանքն է, որ Հայաստանը կարող է մասնակից լինել ամենամեծ միջազգային ծրագրերի՝ ընդհուպ Մարս թռչելուն միաժամանակ, գիտակցելով, որ մեր երկրի ապագա հաջողությունը սերտորեն կապված է լինելու նորագույն տեխնոլոգիաների հետ,-նշել է նախագահը: -Ես կուզենայի, որ հայաստանյան STARMUS-ն ինչ-որ ձևով կապված լիներ 21-րդ դարի ամենակարևոր հարցի՝ արհեստական բանականության հետ»:
Հանրապետության նախագահը փառատոնի անցկացումը կարևոր է համարել մեր երկրի համար: «Հայաստանի համար փառատոնը շատ կարևոր է լինելու,-ասել է նա, -մանավանդ կորոնավիրուսից հետո, որովհետև բոլոր երկրներում կան որոշակի ոլորտներ, որոնք տուժել են: Առաջինը, իհարկե, զբոսաշրջությունն է, դրա հետ կապված հյուրանոցային բիզնեսը, սպասարկումը, ռեստորանները, սրճարանները: Ես հույս ունեմ, որ մեկ տարի հետո Երևանը և Հայաստանը նորից լցված կլինեն զբոսաշրջիկներով, որոնք կգան Հայաստան՝ մասնակցելու փառատոնին, նաև ինչ-որ ձևով աջակցելու այդ ոլորտներին»:
Նախագահ Սարգսյանը նշել է, որ փառատոնը Հայաստանում հյուրընկալելու առաջարկություն է արել դեռ մեկ տարի առաջ. «Երբ մեկ տարի առաջ Ցյուրիխում STARMUS փառատոնի ժամանակ ես առաջարկեցի հաջորդ փառատոնն անցկացնել Հայաստանում, սրահի մի մասը շատ մեծ խանդավառությամբ ընդունեց: Բայց կար նաև մի մաս, որը, ճիշտն ասած, դեռ չգիտեր՝ Հայաստանը որտեղ է: Սակայն ես հույս ունեի, որ փառատոնն անպայման գալու է Հայաստան, և այդ օրվանից իմ արտերկրյա բոլոր գործընկերներին, նաև մեր սփյուռքահայ գործընկերներին պատմել եմ սրա մասին: Ես վստահ եմ՝ երբ մյուս տարի Հայաստանը մեկ շաբաթով կդառնա տեխնոլոգիաների, ժամանակակից գիտության, երաժշտության ու արվեստի միջազգային կենտրոն, արձագանքը լինելու է շատ դրական: Ես վստահ եմ, որ հազարավոր այցելուների մեջ մի մեծ մաս են կազմելու նաև մեր հայրենակիցները: Նրանց արձագանքները եղել են շատ դրական, և ես շարունակելու եմ աջակցել, որպեսզի հենց այդպես էլ լինի»:
Նմանատիպ նյութեր
1612 դիտում
11:33 25-06-2019
Նախագահ Արմեն Սարգսյանն առաջարկել է գիտության ու արվեստի միջազգային STARMUS 6-րդ փառատոնն անցկացնել Հայաստանում
Այս բաժնից
970 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
994 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»