5786 դիտում
16:20 24-07-2020
Վարչապետը հորդորում է չթուլացնել զգոնությունը և շարունակել պահպանել հակահամաճարակային կանոնները
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը քաղաքացիներին հորդորեց չթուլացնել զգոնությունը և շարունակել պահպանել հակահամաճարակային կանոնները կորոնավիրուսի համավարակի պայմաններում: «[url=https://armenpress.am/arm/news/1022915.html]Արմենպրես[/url]»-ի փոխանցմամբ՝ այս մասին Փաշինյանն ասաց «Ֆեյսբուք»-ի իր էջի ուղիղ եթերի ընթացքում՝ նշելով, որ դարձյալ ակտիվացել են հակամահաճարակային կանոնների դեմ ուղղված արշավները:
«Տեսնում եմ, որ էլի հակադիմակային շարժումներ են սկսվում: Եկեք արձանագրենք, թե ինչն է պատճառը, որ մենք տեմպի որոշակի անկում ունենք. պատճառը հակահամաճարակային միջոցառումների պահպանումն է, որի գագաթնակետը դիմակների կրումն է, ինչքան էլ սա տհաճ է բոլորիս համար: Ինձ համար էլ է տհաճ, որ դիմակ եմ կրում, բայց ակնհայտ է, որ այս դինամիկան մենք հիմնականում ունենք դիմակի կրման որոշակի կարգ ու կանոն ունենալու շնորհիվ»,- ասաց Փաշինյանը:
Վարչապետը նշեց, որ կորոնավիրուսի թվերի որոշակի անկումը պետք է ոչ թե թուլացնի, այլ քաջալերի, որպեսզի հակահամաճարակային կանոններն ավելի լավ պահվեն:
«Մեր երկրում արդեն 700-ին մոտ մարդ է մահացել կորոնավիրուսից, սա սարսափելի վիճակագրություն է, խնդրում եմ մի թուլացրեք զգոնությունը: Շարունակեք խստորեն պահպանել հակահամաճարակային կանոնները՝ կրեք դիմակ, պահպանեք սոցիալական հեռավորություն, պարբերաբար ախտահանեք ձեռքերը և մաքսիմալ զգոն եղեք»,- նշեց վարչապետը:
Հայաստանում հուլիսի 24-ին հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 36613 դեպք, որոնցից 25734-ն` առողջացած: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 9969 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 153814 թեստավորում: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 692 դեպք: Արձանագրվել է մահվան ևս 218 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։
Կառավարությունը հուլիսի 13-ին որոշում է կայացրել ՀՀ-ում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված և մինչև հուլիսի 13-ը երկարաձգված արտակարգ դրության ժամկետը հուլիսի 13-ից՝ ժամը 17:00-ից երկարաձգել ևս 30 օրով՝ մինչև օգոստոսի 13-ը՝ ժամը 17:00-ն ներառյալ:
Նմանատիպ նյութեր
2035 դիտում
20:02 03-03-2021
Եվս մեկ անգամ հորդորում ենք խստագույնս պահպանել սահմանված հակահամաճարակային կանոնները. Տեսչական մարմիններ