211652_close_icon
views-count19111 դիտում article-date 20:10 24-07-2020

Կաշառք ստանալու և պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար մեղադրանք է առաջադրվել Ոստիկանության ՃՈ ծառայության Վանաձորի հաշվառման-քննական բաժանմունքի տեսուչին

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ հիմնավորվել է, որ ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության Վանաձորի հաշվառման-քննական բաժանմունքի տեսուչ Ա.Գ.-ն 2020 թվականի փետրվարին պայմանավորվածություն է ձեռք բերել Գյումրի քաղաքում բնակվող իր մտերիմ Ս.Գ.-ի հետ՝ սահմանված կարգի խախտմամբ՝ առանց ավտոմեքենա վարելու տեսական գիտելիքներն ու գործնական հմտությունները պատշաճ ստուգելու՝ կաշառքի դիմաց ձևական բնույթ կրող տեսական և գործնական քննություններ ընդունելու պարագայում քաղաքացիներին վարորդական վկայականներ տրամադրելու համար իրեն օժանդակելու հարցում: Ա.Գ.-ի կողմից կաշառատուներից անձամբ կաշառքի առարկա հանդիսացող գումարները ստանալու դեպքում հավանական բացահայտման խոչընդոտը վերացնելու նպատակով պայմանավորվել են, որ Ս.Գ.-ն պետք է հավաքագրի քաղաքացիներին, նրանցից վերցնի կաշառքի առարկա հանդիսացող գումարները և փոխանցի Ա.Գ.-ին: Այս մասին տեղեկացնում է ՀՔԾ-ն։ Այնուհետև Ս.Գ.-ն Շիրակի մարզում բնակվող իր բազմաթիվ ծանոթներին և մտերիմներին տեղեկացրել է կաշառքի դիմաց իր միջոցով վարորդական վկայական ստանալու հնարավորության մասին, ինչից հետո մի շարք քաղաքացիներ անձամբ կամ միջնորդավորված կերպով 2020 թվականի փետրվար-մայիս ամիսների ընթացքում դիմել են նրան և կաշառքի դիմաց ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության Վանաձորի հաշվառման-քննական բաժանմունքից ստացել են վարորդական վկայականներ: Մասնավորապես, քրեական գործով կատարված մեծածավալ քննչական և դատավարական գործողությունների, ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հիմնավորվել է, որ 2020 թվականի փետրվար-մայիս ամիսների ընթացքում Շիրակի մարզի տարբեր համայնքների 8 բնակիչներ պաշտոնատար անձին կաշառք տալու եղանակով վարորդական վկայական ստանալու համար դիմել են Ս.Գ.-ին, ով քաղաքացիներից հավաքագրել է 250.000-300.000-ական ՀՀ դրամ գումարներ, որոնց մի մասը պահել է իրեն, իսկ 170.000-ական ՀՀ դրամները որպես կաշառք փոխանցել է Ա.Գ.-ին։ Ստացած կաշառքի գումարների դիմաց Ա.Գ.-ն` իր պաշտոնեական դիրքն օգտագործելով ծառայության շահերին հակառակ, շահադիտական շարժառիթով քաղաքացիներից տեսական քննություններ ընդունելու ժամանակ նրանց հուշել է ստուգման թեստի հարցերի ճիշտ պատասխանները, պատշաճ չի ստուգել նրանց գործնական վարման հմտությունները, փոխարենը կազմել ու հանձնել է քաղաքացիներից տեսական և գործնական քննություններ ընդունելու մասին կեղծ արձանագրություններ, որոնցում շահադիտական նպատակով մտցրել է ակնհայտ կեղծ տեղեկություններ այն մասին, թե իբր վարորդի թեկնածուները ճշտությամբ պատասխանել են ստուգման թեստի հարցերին և գործնական վարման ժամանակ կատարել են քննության արձանագրություններում նշված գործողությունները: Նախաքննությամբ պարզվել է նաև, որ Ա.Գ.-ն սահմանված կարգի խախտմամբ՝ առանց ավտոմեքենա վարելու տեսական գիտելիքներն ու գործնական վարման հմտությունները պատշաճ ստուգելու՝ ձևական բնույթ կրող տեսական և գործնական քննություններ ընդունելու պայմաններում, վարորդական վկայականներ տրամադրելու համար Ս.Գ.-ի օժանդակությամբ նույն ժամանակահատվածում երեք քաղաքացիներից ստացել է խոշոր չափերով՝ 400.000 ՀՀ դրամ կաշառք: Վերը նշված հանցավոր արարքների կատարման համար 2020 թվականի հուլիսի 24-ին Ա.Գ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով (վեց դրվագ), ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 2-րդ մասով (վեց դրվագ), ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով, ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով (վեց դրվագ) նախատեսված հանրորեն վտանգավոր արարքների կատարման համար: Նույն օրը միջնորդություն է ներկայացվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան՝ Ա.Գ.-ի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու համար: Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է : [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր