211652_close_icon
views-count4583 դիտում article-date 22:31 25-07-2020

«Ձյունիկ սառնարան» ՍՊԸ-ի շենքի պայթեցման աշխատանքները կիրականացվեն մի քանի օրից

Հուլիսի 24-ին «ՆՈՐՏԵԽ ՇԻՆ» ՍՊԸ-ի կողմից իրականացվելիք Երևանի Արշակունյաց պողոտայի 9/2 հասցեում գտնվող «Ձյունիկ սառնարան» ՍՊԸ-ի շենքի պայթեցման աշխատանքներին մասնակցելու նպատակով ժամը 16։22-ից մինչև 20։30-ն ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ իրականացրել է հերթապահություն։ Այս մասին հայտնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից: Պայթեցման աշխատանքների նախապատրաստման շրջանակներում ժամը 14։00-ից բնակչության անվտանգությունն ապահովելու համար ՀՀ ԱԻՆ Երևան քաղաքի փրկարարական վարչության աշխատակիցների կողմից շրջայցի միջոցով իրականացվել է հարակից տարածքների կազմակերպությունների ղեկավարների տեղեկացում, իսկ ժամը 16:30-ից մինչև 20:00-ն ընկած ժամանակահատվածում սահմանափակվել է Ագաթանգեղոսի փողոց – Գրիգոր Լուսավորչի փողոց, Ագաթանգեղոսի փողոց – Արշակունյաց պողոտա – Քրիստափորի փողոց, Քրիստափորի փողոց - Սևանի փողոց - Արշակունյաց պողոտա հատվածների ճանապարհային երթևեկությունն ու բնակչության տեղաշարժը։ Տեղում հերթապահություն են իրականացրել նաև շտապօգնության մեկ բրիգադ և ՀՀ ոստիկանության կարգախմբերը։ Ժամը 19:41-ին և 19։46-ին իրականացվել է շենքի (մաքսային պահեստ) մի մասի մասնակի պայթեցում։ Պայթեցման արդյունքում շենքի փլուզում տեղի չի ունեցել։ Համաձայն «ՆՈՐՏԵԽ ՇԻՆ» ՍՊԸ-ի ղեկավարության հայտարարության՝ փլուզումը տեղի չի ունեցել էլեկտրական սարքի խափանման արդյունքում շենքում տեղադրված պայթուցիկների մի մասի չգործելու պատճառով։ Էլեկտրական սարքը հանձնվել է համապատասխան լաբորատորիա փորձաքննության։ Պայթեցման արդյունքում շենքի կրող սյուները մասնակիորեն թուլացել են, բայց այս պահի դրությամբ շենքի փլուզման վտանգ չկա։ Տեղադրված պայթուցիկները անվտանգ են, տարածքում իրականացվում է հերթապահություն ՀՀ ոստիկանության ուժերով։ Անվտանգությունից ելնելով՝ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մարտական հաշվարկը ևս շարունակում է իրականացնել հերթապահություն։ Դեպքի վայրում են գտնվել ԱԻՆ ՓԾ տնօրեն փ/ծ գեներալ-մայոր Վ. Գաբրիելյանը, Երևան քաղաքի փրկարարական վարչության պետ փ/ծ գնդապետ Ա․ Հարությունյանը, «ՆՈՐՏԵԽ ՇԻՆ» ՍՊԸ-ի գլխավոր ինժեներ Վ․ Պետրոսյանը։ Պայթեցման աշխատանքները կիրականացվեն մի քանի օրից, որի մասին լրացուցիչ նախապես կտրամադրվի տեղեկատվություն։

Նմանատիպ նյութեր