2863 դիտում
23:51 29-07-2020
Քաղաքական հետապնդում և միակողմանի մոտեցում․ կուսակցությունները դատապարտում են Արթուր Դանիելյանին մեղադրանք առաջադրելու փաստը
Մի շարք կուսակցություններ դատապարտում են «Ադեկվադ» միաբանության ղեկավար Արթուր Դանիելյանին մեղադրանք առաջադրելու փաստը։ Արտախորհրդարանական ուժերը սա համարում են ընդդիմադիր գործչի նկատմամբ քաղաքական հետապնդում և միակողմանի մոտեցում։
Հուլիսի 27-ին Հատուկ քննչական ծառայությունը մեղադրանք էր առաջադրել «Ադեկվադ» միաբանության ղեկավար Արթուր Դանիելյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 2-րդ մասով՝ խուլիգանություն, որը զուգորդվել է անձի նկատմամբ բռնություն գործադրելով։ Դեպքի էությունն այն է, որ Արթուր Դանիելյանը հայհոյել էր ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանին, իսկ վերջինս հարվածել էր Արթուր Դանիելյանին։ Ալեն Սիմոնյանն իր կողմից հարվածելու վերաբերյալ նաև հրապարակային հայտարարությամբ էր հանդես եկել։ Այս դեպքի վերաբերյալ մեղադրանք է առաջադրվել միայն Արթուր Դանիելյանին՝ հարված ստացողին, ոչ թե հարված հասցնողին։
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը նշում է, որ Արթուր Դանիելյանին մեղադրանք առաջադրելը թողնում է բացառապես քաղաքական շարժառիթներով մրցակիցներին ճնշելու հերթական անհեթեթ փորձի տպավորություն։
«Փաստն ինքնին զարհուրելի է և Հայաստանում դեռևս 2 տարի առաջ սկիզբ առած քաղաքական հետապնդումների մեջ հերթական աղաղակող էջն է։ Հատկապես աղաղակող է իր տեսանելի անարդարությամբ։ Եթե հարցը հասնի դատարանը, վստահ եմ, որ Արթուր Դանիելյանը հաղթելու է, արդարությունը վերականգնվելու է։ Ցավով արձանագրում եմ, որ իշխանությունների կողմից վարվող քաղաքականությունը շարունակվելու է քաղաքական մրցակիցների և ընդդիմախոսների նկատմամբ»,- ասաց նա։
Արմեն Աշոտյանը նկատում է, որ ներկայիս իշխանությունը, հակառակ արտաքին սպառնալիքների ավալեցմանը, շարունակում է պայքարել ոչ թե արտաքին թշնամիների, այլ ներքին մրցակիցների, քաղաքական ընդդիմախոսների դեմ։
«Միջադեպը, որ տեղի էր ունեցել Արթուրի մասնակցությամբ, մեծ հանրային արձագանք էր ստացել դեռևս ամիսներ առաջ, և լրացուցիչ ծանրություն է հաղորդում այդ մեղադրանքի փաստին այն երևույթը, որ դա արվել է այն պահին, երբ Հայաստանում, կապված արտաքին սպառնալիքի հետ, հասարակական որոշակի համերաշխության մթնոլորտ էր ստեղծվել։ Սակայն այս իշխանությունը հերթական անգամ ապացուցում է, որ անգամ կորոնավիրուսային ճգնաժամի և ադրբեջանա-թուրքական տանդեմի վտանգների պարագայում պատրաստ է շարունակել քաղաքական մրցակիցների նկատմամբ պետական ռեպրեսիվ ապարատի կիրառումը»,- նշեց ՀՀԿ փոխնախագահը։
«Ազգային օրակարգ» կուսակցության համահիմնադիր Արա Գասպարյանի խոսքով՝ Արթուր Դանիելյանին մեղադրանք առաջադրելն իր մեջ քաղաքական ենթատեքստ ունի։
«Մի բան ակնհայտ է, որ ընդդիմադիրների նկատմամբ ոտնձգություններ են կատարվում և սա առաջին դեպքը չէ «Ադեկվադի» նկատմամբ։ Անընդհատ փորձում են տարբեր տեսակի ճնշումներով մարդկանց լռեցնել։ Մի բան էլ կա. երբ խնդիրը վերաբերում է ընդդիմադիրներին, իշխանությունները մատերի արանքով են նայում, բայց երբ իրենց կողմնակիցներին է վերաբերում, պատկերն այլ է: Օրինակ՝ Շենգավիթի թաղապետի գործը, երբ մարդուն ծեծել էին, հետո աշխատանքից ազատեցին, քրեական գործի հարուցումն էլ մերժեցին»,- հիշեցրեց նա։
Արա Գասպարյանի կարծիքով՝ մեղադրանք պետք է առաջադրվեր երկու կողմին էլ և քննությամբ պարզվեր՝ ով է մեղավոր։
«Եթե քրեական գործ են հարուցում, երկուսի նկատմամբ էլ պետք է հարուցեն։ Թող Ալեն Սիմոնյանի նկատմամբ էլ քրեական գործ հարուցեն, հետո քննությունը կպարզի՝ ով է մեղավոր, ով՝ անմեղ։ Ամենասկզբից իրենք Արթուր Դանիելյանին մեղավոր են նշանակում։ Դա է խնդիրը»,- նշեց «Ազգային օրակարգի» համահիմնադիրը։
«Ժառանգություն» կուսակցության նախագահ Նարինե Դիլբարյանը ևս կարծում է, արդարադատությունը պետք է բազմակողմ լինի, այսինքն՝ երկու կողմերին էլ պետք է մեղադրանք առաջադրվեր։
«Համոզված եմ, որ արդարադատությունը լինում է բազմակողմ։ Հուսով եմ, որ հետագա իրավական գործընթացներում կբացահայտվի ամբողջ իրականությունը։ Ամեն դեպքում, ոչ մարդկանց վիրավորելն է պատեհ, ոչ էլ կարծում եմ՝ բռունցքներ բարձրացնելը, անկախ նրանից՝ արևելյան տաքարյուն ազգ ենք, թե ոչ։ Ասելով, որ բազմակողմ կլինի քննությունը, նկատի ունեմ, որ ամեն մեկը պետք է պատասխան տա իրավունքին համապատասխան այն գործողությունների համար, որը ինքը կատարել է։ Եթե եղել է պատվի և արժանապատվության վիրավորում, դրա համար մեղադրանքի բեռը պետք է կրել, եթե եղել է հարված, ապա պետք է կրել նաև այդ հարվածի համար պատասխանատվություն։ Արդարադատությունը նշանակում է բոլոր հանգամանքների վերհանում և մեղավորների պատժում»,- ասաց Նարինե Դիլբարյանը։
«Ռեֆորմիստներ» կուսակցության նախագահ Վահան Բաբայանի կարծիքով՝ միայն Արթուր Դանիելյանին մեղադրանք առաջադրելը միակողմանի մոտեցում է։
«Ընդհանրապես մոտեցումը միակողմանի է լինում ընդդիմախոսների, ընդդիմադիրների և այն մարդկանց հանդեպ, ովքեր փորձում են օրվա իշխանության դեմ որևէ բան խոսել։ Ես միշտ կողմնակից եմ եղել, որ մեր ընդդիմադիր դաշտում լինի բաց, ազատ կարծիք արտահայտելու հնարավորություն, որը, ցավոք, Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք այդպես էլ տեղի չունեցավ»,- նկատեց նա։
Վահան Բաբայանը հիշեցրեց, որ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը հրապարակային ելույթ է ունեցել և հայտարարել, որ ինքն է հարվածել Արթուր Դանիելյանին։ Այս պարագայում, ըստ նրա, եթե միակողմանի՝ միայն Արթուր Դանիելյանին է մեղադրանք առաջադրվում, չի կարող դա արդար համարվել։
«Անկախ նրանից, թե Արթուր Դանիելյանը որ կուսակցությունից է, ինչպիսի հայացքներ, մոտեցումներ ունի, ես դատապարտում եմ խնդրի միակողմանի մոտեցումը, որը վերջին 2 տարիներին ՀՀ-ում բավականին ակտուալ և տարածված մոտեցում է իրավական համակարգի կողմից։ Ինչի մասին է խոսքը, եթե մարդիկ պատրաստ են Սահմանադրություն ոտնահարել, որևէ քաղաքական գործչի հանդեպ իրավական անհավասարություն ստեղծելն արդեն նորմալ պրակտիկա է և որևէ զարմանալի բան չեմ տեսնում»,- նշեց նա։
ՀՅԴ ԳՄ անդամ Լիլիթ Գալստյանը վստահ է՝ Արթուր Դանիելյանի նկատմամբ մեղադրանքի առաջադրումը չի կարող քաղաքական ենթատեքստ չունենալ։
«Միջադեպը հանրայնացվել է և դա իր մեջ ներառում է երկու կողմերի մասնակցություն։ Ես չեմ մտնում իրավական գնահատականներ տալու մեջ, դա թողնում եմ իրավապահ մարմիններին, բայց գոնե առերևույթ երկու կողմերի ներգրավվածություն եղել է։ Եվ եթե իրավապահ մարմինները մեղադրանք են առաջադրել մի կողմին, չէր կարող այդտեղ նաև Ալեն Սիմոնյանը ներգրավված չլինել։ Այստեղ դժվարանում եմ անաչառություն տեսնել»,- ասաց Լիլիթ Գալստյանը։
Ռամկավարական ազատական կուսակցության անդամ, «Ազգ» օրաթերթի խմբագիր Հակոբ Ավետիքյանը նշում է, որ քաղաքական իշխանության ենթակայության տակ գտնվող իրավապահ համակարգի կողմից միայն Արթուր Դանիելյանին մեղադրանք առաջադրելուց և իշխանության ներկայացուցչին չպատժելուց բացի այլ բան չէր ակնկալում։
«Հետևել եմ Ալեն Սիմոնյանի քաղաքական կարճ կենսագրությանը։ Իմ տպավորությամբ՝ «իմքայլականների» մեջ ներքին դերաբաշխում է կատարվել, որտեղ Ալեն Սիմոնյանին վիճակվել է «նայողի» պարտականությունը, հարձակվողի, կռվազանի նկարագիր ունի նա։ Հարձակողական կերպար ունի այդ տղան։ Չէի էլ կարող ակնկալել, որ այդպիսի դերակատարում, այդ «պաշտոնն» ունեցողին կարող են պատժել։ Այսպիսի կերպարները եթե ծառայում են իշխանություններին, չեն կարող պատժվել ներկա պայմաններում»,- ասաց նա։
«Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ, իրավապաշտպան Արսեն Բաբայանը ֆեյսբուքի իր էջում գրել է, որ Արթուր Դանիելյանի և Ալեն Սիմոնյանի միջև տեղի ունեցածն ընդամենը կենցաղային միջադեպ է, որի առնչությամբ Արթուր Դանիելյանի նկատմամբ քրեական հետապնդման հարուցումն ակնհայտ քաղաքական պատվեր է, որն իջեցվել է ամենաբարձր մակարդակից։
«Քաղաքական պատվեր լինելու փաստը հաստատվում է այն պարզ հանգամանքով, որ տեղի ունեցած միջադեպից տուժած անձը, Արթուր Դանիելյանը, քրեական գործով անցնում է ոչ թե որպես տուժող, այլ՝ որպես մեղադրյալ։ Սա հստակ ապացույցն է այն իրողության, որ քաղաքական իշխանությունն օգտագործում է կենցաղային այդ միջադեպը, որպեսզի Արթուր Դանիելյանի նկատմամբ իրագործի քաղաքական կոշտ հետապնդում»,- գրել է նա։
Արսեն Բաբայանի գրառման մեջ նաև նշվում է, որ այս քայլով քաղաքական իշխանությունը փորձում է ցույց տալ, որ քննադատությունները չեն հանդուրժվում, իսկ քննադատների նկատմամբ իրականացվում են ճնշումներ և հետապնդումներ։
«Հաշվի առնելով, որ անկախ այն հանգամանքից, թե Արթուր Դանիելյանի և իր ղեկավարած միաբանության կողմնակիցները, համախոհները կամ հակառակորդներն ինչ համոզմունքներ ունեն՝ Արթուր Դանիելյանը վերջին ժամանակաշրջանում նյարդայնացնում է քաղաքական իշխանությանը, որից էլ ակնհայտ է դառնում, որ շինծու քրեական հետապնդումը կրում է բացառապես քաղաքական նպատակ, մասնավորապես՝ Արթուր Դանիելյանին և հնարավոր մյուս բոլոր քննադատներին լռեցնելու անառողջ նպատակ»,- գրել է «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամը։
Նմանատիպ նյութեր
8689 դիտում
19:05 27-07-2020
Արթուր Դանիելյանին մեղադրանք է առաջադրվել
6770 դիտում
12:25 30-07-2016
Կուսակցությունները դատապարտում են Սարի թաղում և Խորենացի փողոցում կատարված բռնությունները
Այս բաժնից
1006 դիտում
22:24 21-12-2024
Ցնցված և վշտացած եմ․ Փաշինյանը գրառմամբ ցավակցել է Գերմանիային
985 դիտում
21:56 21-12-2024
Ժաննա Անդրեասյանը այցելել է Ռոբերտ Ամիրխանյանի բնակարան՝ ևս մեկ անգամ շնորհավորելու կոմպոզիտորի 85-ամյակը
919 դիտում
21:34 21-12-2024
ՄԻՊ-ը «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի տնօրենի հետ քննարկել է համագործակցության հարցեր