1551 դիտում
15:31 30-07-2020
Ավելի քան 170մլն. դրամ խարդախությամբ հափշտակելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործն ուղարկվել է դատարան
ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում ավարտվել է քաղաքացիներից խարդախությամբ խոշոր և առանձնապես խոշոր չափերով գումարներ հափշտակելու դեպքերի առթիվ հարուցված բազմադրվագ քրեական գործի նախաքննությունը:
Մինչդատական վարույթում իրականացված մեծածավալ քննչական և այլ դատավարական գործողությունների արդյունքում պարզվել է խարդախություն կատարած, ինչպես նաև՝ հանցագործությանն օժանդակած անձանց շրջանակը, մեխանիզմը:
Պարզվել է, որ Իջևան քաղաքի 39-ամյա բնակչուհին, ուրիշի գույքը խարդախությամբ հափշտակելու դիտավորությամբ, նույն քաղաքի երկու այլ բնակչուհիների և Էջմիածին քաղաքի բնակչի օժանդակությամբ, չարաշահելով 13 քաղաքացիների վստահությունը, խաբեությամբ վերջիններից հափշտակել է առանձնապես խոշոր չափերի գումար:
Մասնավորապես՝ իր հանցավոր մտադրությունն իրագործելու նպատակով կինը ներկայացել է որպես «Ապավեն Համայնքներին» բարեգործական հիմնադրամի Տավուշի, Գեղարքունիքի և Լոռու մարզերի պատասխանատու, առաջարկել մտացածին ծարգիր՝ նշելով, որ ծրագիրն իրագործվում է մասամբ պետական սուբսիդավորմամբ, մասամբ իրենց բարեգործական հիմնադրամի օժանդակությամբ, մասամբ էլ՝ ծրագրի շահառուների ներդրումներով:
Ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ քաղաքացիների ներկայությամբ, իր հանցակիցների՝ իբր տարբեր պաշտոնյաների հետ վարելով նախապես պայմանավորված և բեմականացված հեռախոսազրույցներ, մոլորեցրել է նրանց:
Քննությամբ պարզվել է, որ հիմնադրամի ծրագրով տնտեսություններ ստեղծելու, բարձր վարձատրվող տարբեր աշխատանքներով, թանկարժեք ավտոմեքենաներով և բնակարաններով ապահովելու, ինչպես նաև՝ շինություն վարձակալելու պատրվակներով քաղաքացիներից խաբեությամբ հափշտակվել է տարբեր չափերի, ընդհանուր՝ 170 613 527 ՀՀ դրամ գումար։
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Իջևան քաղաքի 39-ամյա բնակչուհուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի (խարդախություն) 2-րդ մասի 2-րդ կետով (հինգ դրվագով) և 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (ութ դրվագով) և նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:
Մյուս երեք անձանց՝ Իջևան քաղաքի երկու բնակչուհիներին և Էջմիածնի բնակչին, մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել չհեռանալու մասին ստորագրությունը։
Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ՀՀ քննչական կոմիտե
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
658 դիտում
12:23 21-12-2024
Ռուբինյանց 2/2 հասցեին հարակից տարածքում երեխաները նոր խաղահրապարակ ունեն. Փաշինյան
733 դիտում
11:45 21-12-2024
Փաշինյանը շնորհավորել է Մակրոնի ծննդյան օրն ու նրան հրավիրել Երևան
775 դիտում
10:48 21-12-2024
2024-ի ձմեռային արևադարձը ՀՀ-ում տեղի կունենա այսօր, ժամը 13:20:30-ին