2946 դիտում
13:47 04-08-2020
Հակակոռուպցիոն դատարաններ ունեցող պետությունների մեծ մասի փորձն էլ ոգևորող չէ․ Հովհաննես Քոչարյան
ՀՀ նախկին ոստիկանապետ, իրավաբան Հովհաննես Քոչարյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ անդրադառնալով հակակոռուպցիոն մասնագիտացված դատարանների ստեղծման անհրաժեշտության մասին քննարկումներին։
Գրառումը ներկայացնում ենք ստորև․
«Հակակոռուպցիոն մասնագիտացված դատարանների ստեղծման անհրաժեշտության վերաբերյալ մեր հասարակությունում հարցում անցկացնելու դեպքում, համոզված եմ, որ հարցվողների մեծ մասը հավանություն է տալու այդ գաղափարին: Մտածելու են, որ դրանով կուռուպցիան կհաղթահարվի կամ առնվազն կստանա ջախջախիչ հարված: Իրականում, սակայն չկա գիտականորեն հաստատված որևէ տվյալ, որ հակակոռուպցիոն արդարադատության և կոռուպցիոն հանցավորության վիճակի միջև առկա է ուղիղ համեմատական կոռելյացիա: Հակակոռուպցիոն դատարաններ ունեցող պետությունների մեծ մասի փորձն էլ ոգևորող չէ: Մեծ հաշվով՝ դրանք ցածր իրավագիտակցությունով հասարակություններ ունեցող այն երկրներն են, որտեղ կա կոռուպցիայի բարձր մակարդակ և ցածր վստահություն իշխանությունների նկատմամբ: Արդյո՞ք հայ հասարակությունը և Հայաստանը այդպիսին են…
Որպես հակակոռուպցիոն մասնագիտացված դատարան ստեղծելու անհրաժեշտությունը հիմնավորող փաստարկ՝ ներկայացվում է գործերի բարդությունը, կոռուպցիոն գործերով միասնական պրակտիկայի ձևավորումը և այլն, մինչդեռ դա համոզիչ չէ, քանի որ քրեադատավարական օրենսդրությամբ նման գործերի քննության որևէ առանձնահատկություն նախատեսված չէ՝ թեկուզ և գործերի բարդությամբ պայմանավորված:
Իմ կարծիքով՝ դատարանակազմական փոփոխությանը հաջորդելու է կոռուպցիոն գործերով դատաքննության ժամկետների օրենսդրական կրճատումը, քանի որ գործերի քննությունը ձգձգելու համար իրավապահ համակարգից այսօր չեն դժգոհում միայն համակարգիչ ու սմարթֆոն չունեցողները: Հուսով եմ, որ չենք փոխառի Պաղեստինի տարբերակը՝ 10-օրյա դատաքննության ժամկետով:
Եթե ավելի լուրջ, ապա ո՞վ գիտի այն հարցերի պատասխանները, թե այս դատարանների գործունեությունը ինչպե՞ս կանդրադառնա մեր ներդրումային և առևտրային միջավայրի վրա. ինչ՞ու դատավորների ընտրությանը չեն ներգրավում միջազգային փորձագետներին, ինչ՞ու չի նախատեսվում գործերի քննության կոլեգիալ կազմ՝ մեկ պրոֆեսիոնալ դատավորով և պետական իշխանությունից անկախ՝ հասարակության երկու ներկայացուցիչներով՝ իրավաբան գիտնականներ, փաստաբաններ, իրավունքի հեղինակավոր դասախոսներ, հեղինակավոր հասարակական միավորումների իրավաբան ներկայացուցիչներ, և այլն:
Եվ վերջապես՝ ո՞րն է այն գլխավոր և հիմնական երաշխիքը, որ այս ռեֆորմը բարեհաջող չի տապալվելու: Միայն քաղաքական կամքը նման ռեֆորմի համար բավարար չէ»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
4171 դիտում
23:30 22-03-2018
Հայրենադարձվող ընտանիքը գեղեցիկ ու ոգևորող օրինակ է, որը վարակիչ կլինի շատերի համար. Սփյուռքի նախարար
Այս բաժնից
268 դիտում
16:21 25-10-2024
Տեղի է ունեցել ԵՄ դիտորդական առաքելության 4-րդ հանդիպումը քաղհասարակության ներկայացուցիչների հետ
346 դիտում
15:59 25-10-2024
Մոտ ապագայում կորոշենք, թե ինչ մակարդակով Հայաստանը ներկայացված կլինի COP29-ին. փոխարտգործնախարար
895 դիտում
15:45 25-10-2024
Փաշինյանն աշխատանքից ազատել է օգնականին