211652_close_icon
views-count2286 դիտում article-date 16:40 14-08-2020

Երևանի «Գազպրոմ» մարզահամալիրում ավարտվեց հունահռոմեական ըմբշամարտի համապետական երիտասարդական առաջնությունը

Երևանի << Գազպրոմ >> մարզահամալիրում կազմակերպվում և անցկացվում են տարբեր մարզաձևերի պարապմունքներ և մրցումներ։ Երեկ ավարտվեց հունահռոմեական ըմբշամարտի համապետական երիտասարդական առաջնությունը։ Հավաքականի ավագ մարզիչ, անցյալի շնորհալի ըմբիշ Արմեն Բաբալարյանն ասաց, որ հայտավորված 64 մասնակիցները ներկայացնում էին երկրի վեց մարզեր։ Անշուշտ տեղերում մարզիչները հոգատար աշխատանք են կատարել։ Բայց ակնհայտ երևաց, որ տղաները բացօթյա պայմաններում են պարապել, քանզի առաջնորդվել են պարետի հրահանգով։ Ընդհանուր ֆիզիկական պատրաստականությունը դժգոհելու տեղիք չտվեց, իսկ ահա տեխնիկական կողմը ցանկալի վիճակում չէր։ Հատկապես աչքի էր զարնում չորեքթաք / ծնկադիր / դրությունում գոտեմարտողների անբավարար վիճակը։ Սա վկայում է մի կողմից ըմբիշների պարտաճանաչությունը / միմյանցից պահպանել են ֆիզիկական հեռավորությունը /, մյուս կողմից ՝ համավարակի պատճառով մրցագորգի վրա չլինելու, մարզընկերների հետ չգոտեմարտելու անցանկալի հետևանքը, ուստիև ՝ մրցափորձի պակասը։ Այնուամենայնիվ ուրախացնող փաստեր էլ եղան։ Օրինակ, Երևանի դինամոյական Դավիթ Ջոթյանը թեև դեռևս պատանեկան տարիքում է, բայց երիտասարդական ստուգատեսում հաղթանակով ավարտեց բոլոր չորս մրցելույթները և արժանիորեն կանգնեց պատվո պատվանդանի չեմպիոնական աստիճանին։ Ավագ մարզիչը ցանկություն ունի հնարավորության դեպքում ուսումնամարզական հավաք կազմակերպել Ծաղկաձորում։ Զուտ մարզումային ծրագրերից բացի, դա կմտերմացնի իրարից ամիսներով հեռացած ըմբիշներին, ասել է թե՝ կվերականգնվի թիմային ոգին։ Մեր զրուցակիցն ափսոսեց, որ չեղարկվել է Խորվաթիայում նախատեսված Եվրոպայի առաջնությունը, բայց հույս հայտնեց, որ դեկտեմբերին Սերբիայում նշանակված աշխարհի առաջնությունը տեղի կունենա։

Նմանատիպ նյութեր