211652_close_icon
views-count46296 դիտում article-date 15:01 18-08-2020

Մարալիկի հիվանդանոցի 96 աշխատակից ասում է. «Աշխարհը խրախուսում է հիվանդանոցների կառուցումը, իսկ մեզ մոտ ունքը սարքելու փոխարեն աչքն են հանում». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Շիրակի մարզի Մարալիկ քաղաքի «ԱԿ» ՓԲԸ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Անուշ Հովսեփյանը կրկին դիմում է կառավարությանը՝ հանձինս վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ խնդրանքով, որպեսզի լուծում տրվի Մարալիկի հիվանդանոցի 96 հոգանոց բուժանձնակազմ ունեցող մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքում 2019 թվականի դեկտեմբերի 15-ին պետպատվերի հայտի մերժումից հետո տիրող անորոշ վիճակին׃ Ստեղծված անհեթեթ իրավիճակում աշխատողները հաճախում են աշխատանքի և չեն վճարվում, ավելին, չկա որևէ իրավական հիմք՝ նրանց աշխատանքից ազատելու׃ Տնօրենի խոսքով՝ բաժանմունքը վերազինված է համապատասխան սարքավորումներով՝ պատշաճ կերպով բավարարելով իր առջև դրված խնդիրները׃ Այս հարցով անձնակազմը դիմել է նաև առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին, սակայն նախարարությունից ստացված պաշտոնական գրության համաձայն՝ երկրում տիրող համաճարակային իրավիճակով պայմանավորված՝ այս հարցի լուծման հանձնախմբի ձևավորումը հետաձգվում է անորոշ ժամանակով, ինչի արդյունքում հիվանդանոցի ֆինանսական բեռը օր-օրի ծանրանում է, և տնօրինությունն ունի մտավախություն, որ հիվանդանոցը սնանկացման պատճառով կարող է հասնել լուծարման׃ Տնօրինությունն ու ողջ անձնակազմը խնդրանքով դիմում են բոլոր պատկան մարմիններին՝ որևէ տարբերակով լուծում տալ այս անորոշ իրավիճակին՝ չանտեսելով հիվանդանոցի կարևորագույն դերը ոչ միայն Մարալիկի, այլև շրջակա գյուղերի ազգաբնակչության համար, նաև մտահոգվել 96 հոգանոց աշխատակազմի հետագա ճակատագրով׃ Ի դեպ, այսօր ամբողջ աշխարհում լայն թափով ծավալվում են հիվանդանոցների կառուցման և վերազինման գործընթացներ՝ դիմակայելու համար համաշխարհային աղետին՝ թագավարակին, իսկ մի՞թե ̑Հայաստանում խրախուսվում է հիվանդանոցների լուծարումն ու բուժաշխատողի նկատմամբ անհարգալից վերաբերմունքն ու գործազրկությունը׃ Լուսանկարները և տեսանյութը՝ Հարություն Համբարյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 77+
77+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր