211652_close_icon
views-count8297 դիտում article-date 10:44 21-08-2020

Հույս ունեմ, որ դա ոչ թե Արցախի նախագահի, այլ իր խոսնակի կարծիքն է. Արթուր Վանեցյանը` Արայիկ Հարությունյանի խոսնակի հայտարարության մասին. Hraparak.am

«Հայրենիք» կուսակցության նախագահ, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը մի քանի օր Արցախում էր՝ իր կուսակիցների հետ հանդիպումներ էր ունենում Արցախի քաղաքական շրջանակների, պաշտոնատար անձանց հետ։ Այս մասին գրում է [url=https://hraparak.am/post/c4fc29c38b192266602fe4a8c6dbc7b1]Hraparak.am[/url]-ը: Մամուլը գրեց, որ փորձել են հանդիպել Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հետ, չի ստացվել, ապա Հարությունյանի խոսնակն իրարամերժ բացատրություններ տվեց․ նախ՝ ծանրաբեռնված օրակարգը վկայակոչեց, ապա հայտարարեց, որ «․․․նախագահ Հարությունյանի համար ընդունելի չեն պաշտոնական հանդիպումներն այն քաղաքական ուժերի հետ, որոնք կասկածի տակ են դնում Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ ՀՀ իշխանությունների վարած քաղաքականությունը»։ Սա բուռն քննադատության արժանացավ, գրվեց, որ Արցախի նախագահը ենթարկվել է Հայաստանի վարչապետի ճնշումներին։ Երեկ, սակայն, կայքերից մեկը գրեց, թե Վանեցյան-Հարությունյան հանդիպումը, այնուամենայնիվ, կայացել է, բայց ոչ թե պաշտոնական ֆորմատով, այլ ճաշի սեղանի շուրջ, ինչը փորձել են գաղտնի պահել։ Արթուր Վանեցյանը երեկ մեզ հետ զրույցում ո՛չ հերքեց, ո՛չ հաստատեց ԱՀ նախագահի հետ հանդիպման մասին տեղեկությունը։ Նախ ասաց, որ ինքը հանդիպումներ է ունեցել Արցախի խորհրդարանում ներկայացված բոլոր ուժերի, այդ թվում՝ Արայիկ Հարությունյանի դաշինքի հետ, բայց Հարությունյանի հետ հանդիպման մասին լռեց։ «Քննարկվել են ընդհանուր անվտանգային բնույթի հարցեր, ներկայացվել է արցախյան հակամարտության կարգավորման վերաբերյալ մեր կուսակցության տեսակետը, այն է՝ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում, Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքն անքակտելի է, և Արցախի միջազգային ճանաչումն այլընտրանք չունի։ Կարևորվել է Արցախի Հանրապետության սուբյեկտայնության բարձրացումը, կարևորվել է ընդհանուր անվտանգային միջավայրի արդյունավետ աշխատանքը։ Հայաստանի և Արցախի քաղաքական ուժերի՝ իշխանություն, թե ընդդիմություն հարաբերություններում պետք է բոլորս առաջնորդվենք պետական շահի առաջմղմամբ, և մեր այդ կարծիքը կիսել են Արցախի խորհրդարանի բոլոր քաղաքական ուժերը, և մենք ունենք միակամ մոտեցում այդ հարցերի շուրջ»,- ասաց Վանեցյանը։ Բայց այս տեսակետները բոլորին են հայտնի՝ համընդհանուր են, և զարմանալի կլիներ, որ արցախյան քաղաքական ուժերից որևէ մեկը հակառակը պնդեր։ - Պարոն Վանեցյան, երկու օր է՝ գրվում է, որ Արայիկ Հարությունյանը չի ցանկացել հանդիպել Ձեզ հետ, որովհետև իր համար ընդունելի չեն «այն քաղաքական ուժերի հետ հանդիպումները, որոնք կասկածի տակ են դնում Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ ՀՀ իշխանությունների վարած քաղաքականությունը»։ Ստացվում է՝ հանդիպել եք Արցախի նախագահի հետ։ - Արցախի նախագահի մամուլի խոսնակը մեկ օրում արել է մի քանի իրարամերժ հայտարարություններ, իսկ այսօր (արդեն երեկ՝ խմբ․) հայտարարել է, որ դա իր անձնական կարծիքն է, նախագահի կարծիքը չէ։ Ես ասել եմ, որ հույս ունենք, որ դա ոչ թե Արցախի նախագահի պաշտոնական կարծիքն է, այլ մամուլի խոսնակի անձնական կարծիքը։ - Այսինքն՝ Արայիկ Հարությունյանը չի՞ կիսում իր խոսնակի արտահայտած տեսակետը և որևէ խնդիր չունի՞ Ձեզ հետ հանդիպելու։ - Ես չունեմ նման տեղեկատվություն, ես ասում եմ այն, ինչ կարդում ենք։ Ես Արայիկ Հարությունյանի հետ չեմ զրուցել այդ թեմայի շուրջ, ես ասում եմ, որ Հարությունյանի մամուլի խոսնակը մի քանի ժամվա մեջ արել է մի քանի իրարամերժ հայտարարություն, այսօր էլ փաստել է, որ դա իր անձնական կարծիքն է, այլ ոչ թե Արցախի նախագահինը։ Թե ինչ կարելի է դրանից եզրակացնել, ես չգիտեմ։ Կա՛մ իրենց մոտ ինչ-որ համակարգված աշխատանք չի կատարվում, կա՛մ ինչ-ինչ ազդեցությունների տակ ժամը մեկ հայտարարություններ են փոխում, ես դրա գնահատականը տվողը չեմ, իրենցից պարզաբանում ուզեք։ - Իսկ Դուք Ձեզ համարո՞ւմ եք Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ ՀՀ իշխանությունների վարած քաղաքականությունը կասկածի տակ դնող ուժ։ - Ես համարում եմ, որ մենք այն առանցքային ուժն ենք, որն ընդդիմադիր է գործող իշխանություններին և կասկածի տակ է դնում Նիկոլ Փաշինյանի ղեկավարած կառավարության գործունեությունը։ - Ձեր ընդդիմադիր հայացքներն Արցախի քաղաքական ուժերը կիսո՞ւմ են կամ ի՞նչ վերաբերմունք ունեն դրանց նկատմամբ։ - Հայաստանի և Արցախի ներքաղաքական հարցերի շուրջ քննարկումներ չեն եղել, քննարկումները եղել են բացառապես Արցախի և Հայաստանի ընդհանուր անվտանգային համակարգի ամրապնդման, արցախյան հակամարտության լուծման հարցում միասնական ճակատով հանդես գալու ուղղությամբ։ Մանրամասն՝ [url=https://hraparak.am/post/c4fc29c38b192266602fe4a8c6dbc7b1]սկզբնաղբյուր[/url] կայքում:

Նմանատիպ նյութեր