211652_close_icon
views-count2033 դիտում article-date 23:30 23-08-2020

Հրանտ Տէր-Աբրահամեան. Անկախության պատերազմը շատ ավելի քիչ զոհեր է պահանջել հայ ժողովրդից, քան օտարների պատերազմներին մասնակցելը

Քաղաքագետ, հրապարակախոս Հրանտ Տէր-Աբրահամեանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Էդ հիմա ենք հեշտ ասում՝ անկախության հռչակագիր.... 1987 թվին Հայաստանի անկախության մասին խոսացողը համարվում էր խելագար: Սա անձամբ ես եմ հիշում: «Եթե Հայաստանը դառնա անկախ՝ Թուրքիան և Պարսկաստանը կհարձակվեն մեզ վրա անմիջապես»: Սա բառացի եմ մեջբերում: Ու ի դեպ, Թուրքիայով վախեցնելը ցայսօր է արդիական: «Խելքները հացի հետ են կերել՝ հայկական բանակ են ուզում ստեղծեն»։ Սա արդեն բառացի մեջբերում եմ 1990 թվին իմ լսած խոսակցությունից երևանյան ավտոբուսից: «Հայաստանը չի կարող անկախ լինել, որովհետև սեփական հաց չունի»: Նույնպես 1990 թիվ՝ Իսակովի անվան 132 դպրոցի դասատուներից մեկն էր համոզում: Նույն դպրոցի մի այլ դասատու դարդ էր անում, թե հիմա, երբ ռուսական դպրոցնները պետք է փակվեն, ինչպե՞ս են հայ երեխաները սովորելու «մածիմածիկա», չէ՞ որ հայերենում չկան «տերմիններ»: Սա էլ 1991-ից: Ուզում եմ, որ սա միշտ հիշվի, որովհետև ոչ միայն նոր սերունդը սա չի տեսել ու չի լսել, այլև ականատեսներս մոռացել ենք: Անկախությունը երկնքից չի իջել մեզ վրա՝ պայքարի ու ջանքի արդյունք է եղել ու հասնունացել է այդ պայքարի մեջ: Պայքարն սկսվել է որպես ղարաբաղյան և սովետական կայսրության հավատարիմ, բայց, հանդիպելով դիմադրության Ռուսաստանից, հասունացել է որպես հանուն անկախության պայքար, որպես հայկական երկրորդ հեղափոխություն (առաջինը՝ նախորդ դարի ազատագրական պայքարն էր): Անկախությունը հաստատվել է ծանր գնով՝ պատերազմով ու պատերազմում հաղթանակով: Բայց անկախության պատերազմը շատ ավելի քիչ զոհեր է պահանջել հայ ժողովորդից քան օտարների պատերազմներին մասնակցելը: Տասնապատիկ ավելի քիչ զոհեր: Ու դա օրենք է: Իրենց անկախության համար ազգերը տալիս են զոհեր: Բայց երբ քաղաքականապես անկախ չեն, տասնապատիկ ավելին են զոհում՝ օտար շահերի համար: Հայ ժողովորդը մեծագույն զոհեր է տվել հանուն Անտանտի՝ 1914-17-ին, հանուն «Ռոդինայի և Ստալինի»՝ 1941-45-ին՝ առանց որևէ փոխհատուցման կամ միայն թղթե փոխհատուցումներով: Դրանք մեր պատմության ամոթալի էջերն են: Եվ տասնապատիկ ավելի քիչ զոհերով ձեռք է բերել անկախություն՝ Սարդարապատում, Ղարաբաղյան պատերազմում.... Եվ միշտ պետք է հիշի այս քաղաքական թվաբանությունը: Ազգերը պետք է լինեն անկախ: Ամեն ազգ մի պատմական անհատականություն է: Չարիք է ոչ թե ազգերի ձգտումն անկախության՝ ազգայնականությունը, այլ չարիք է մեծապետական քաղաքականությունը: Աշխարհում կան և միշտ կլինեն բազում ազգեր, ինչպես երկնքում կան բազում աստվածներ: Իսկ միակրոնության բերելու ձգտումը միշտ միայն ժամանակավոր է հաջողվում, որովհետև հակաբնական է: Անկախությունը մի անգամ ստանալով չի, այլ շարունակ կառուցելով ու ընդլայնելով է: Այսօր էլ մեր նպատակը մեկն է՝ Հայաստանի անկկախության կառուցում, ընդլայնում, ծաքվալում, ստեղծագործում: Ու այնպես, որպեսզի մեր սերնդի գործը 1000 տարի անց էլ հիշվի»:

Նմանատիպ նյութեր