211652_close_icon
views-count3120 դիտում article-date 16:14 27-08-2020

Խոակին Կապառոս. Բոլորին հետաքրքրում է, թե ինչու է ցուցակից բացակայում Հենրիխ Մխիթարյանի անունը

Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը մեկնաբանել է Հայաստանի հավաքականի հայտացուցակում ընդգրկված ֆուտբոլիստների ընտրությունը. «Բնականաբար, բոլորին հետաքրքրում է, թե ինչու է ցուցակից բացակայում Հենրիխ Մխիթարյանի անունը: Իմ հետ հեռախոսազրույցում նա նշեց, որ այս պահի դրությամբ չի կարող միանալ հավաքականին, քանի որ վերջին հանդիպումն («Սևիլյայի» դեմ) անցկացրել է օգոստոսի 6-ին, այժմ արձակուրդում է, չի մարզվել, լավ մարզավիճակում չէ: Հենրիխն ավելացրեց, որ այսպիսի վիճակում չի կարող ցուցադրել իր ողջ կարողությունները և խոստացավ հոկտեմբերին անպայման միանալ հավաքականին ու խաղալ 100 տոկոսանոց նվիրումով: Խոսել եմ նաև Գևորգ Ղազարյանի հետ: Նա նշեց, որ մկանային վնասվածք ունի, թիմի մարզումային գործընթացին չի մասնակցել: Սարգիս Ադամյանը նույնպես նոր է ապաքինվել վնասվածքից և վերականգնման փուլում է: Մենք որոշեցինք ռիսկի չդիմել և երկու ֆուտբոլիստներին էլ չհրավիրել մոտակա հավաքին: Նորեկներին հրավիրել ենք՝ ելնելով նրանց ցուցադրած խաղից: Բազմաթիվ հանդիպումներ ենք դիտել ինչպես մարզադաշտերում, այնպես էլ՝ տեսանյութերով: Հրավիրված բոլոր ֆուտբոլիստներն այս պահին իրենց դիրքերում լավագույններն են և շատ մրցունակ են: Խոսել եմ նրանցից յուրաքանչյուրի հետ և ծանոթ եմ բոլորի կարողություններին: Մենք անընդհատ կապի մեջ ենք նաև Հայաստանի Մ-21 հավաքականի գլխավոր մարզիչ Անտոնիո Ֆլորեսի հետ և այս պահին ունենք 60 ֆուտբոլիստից բաղկացած թեկնածուների ցուցակ: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի՝ թիմերի մեկնարկային կազմում 2 հայ ֆուտբոլիստ ընդգրկելու որոշումը նույպես շատ կարճ ժամկետում կտա իր պտուղները: Կարծում եմ, որ, հաշվի առնելով վերոնշյալ բոլոր հանգամանքները, հրապարակված ցուցակն ամենօպտիմալն է, որ կարող էր լինել»,- ՀՖՖ պաշտոնական կայքի հետ զրույցում նշել է հավաքականի մարզիչը:

Նմանատիպ նյութեր