Մարտակերտ. 116 ՄԱՐՏԱԿԱՆ ԴԻՐՔ ՀԵՐՈՍՆԵՐԻ ԱՌԱՋՆԱԳԻԾ․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
2016 թվականի ապրիլյան պարտերազմում առաջնագծից հատուկ ֆոտոռեպորտաժներ հրապարակած մեր գործընկեր Լուսինե Զաքարյանը Ֆեյսբուքի [url=https://www.facebook.com/lusine.zaqaryan/posts/3317278595017828]իր ջում գրում է[/url]․
Արցախի Հանրապետության Նախագահ Արայիկ Հարությունյանը օգոստոսի 29֊ին «Արցախի Հերոս»֊ի բարձրագույն կոչմանն է արժանացրել 2016 թ. Ապրիլյան պատերազմում զոհված կապիտան Արմենակ Մերսի Ուրֆանյանին։ Մեր կողմից երկար սպասված պարգևը Նախագահը հանձնել է Հերոսի մորը՝ Համեստ Ուրֆանյանին։
Հուզմունքը և ուրախությունը պատել էր մեզ՝ հետևելով հանձնման արարողության ուղիղ հեռարձակմանը։
Եվ այսօր՝ օգոստոսի 30֊ին տիկին Համեստը Մարտակերտում էր...
Անշուշտ, սպասում էինք նրա այցին։ Նա եկել էր որդու ծառայած զորամաս՝ Մարտակերտի լեգենդար զորամասը։
Զորամասում բարձր ոգով դիմավորեցին Հերոսի մորը, ով իր խոսքն ասաց նորակոչիկներին, ովքեր այդ պահին միջոցառում էին կազմակերպել՝ հայրենսիրական երգերով։
Տիկին Համեստը՝ ներկաների ուղեկցությամբ եղավ որդու ննջասենյակում, աշխատասենյակում և Փառքի սրահում։ Նա ծաղիկներ խոնարհեց զորամասի բոլոր հուշաքարերին՝ ի հիշատակ զոհված տղաների։
Հուզումնալից պահ էր. պետք է այցելենք 116 մարտական դիրք, որտեղ հերոսի մահով ընկավ կապիտանը իր երեք զինվորների հետ։
Տիկին Համեստը դժվարությամբ էր գնում այդ ճանապարհը, որդու համար՝ հարազատ, իր համար արդեն հարազատ դարձած, մի կողմից հպարտության, մյուս կողմից ցավի ու տատապանքի ճանապարհով։
Հերոսների դիրքում դիրքապահները սպասում էին Հերոսի մոր այցին։
Տիկին Համեստը՝ գտնվելով որդու դիրքում, քայլեց նրա քայլած խրամատով, կանգնեց այն սրբացած վայրում՝ խրամաբջիջում, որտեղ որդին Հերոսական մարտ է մղել հակառակորդի դեմ՝ խփելով նաև տանկեր.... և վերջապես, որտեղ որդու արյունն է հոսել՝ իր զինվորի հետ միասի...Հազար փառք.
Նա նաև ծանոթացել է դիրքի տղաների ծառայությանը, զրուցել նրանց հետ, կիսվել որդու մասին հիշողություններով։
Դիրքում ապրիլյան պատերազմի մասնակիցներ փոխգնդապետ Էդիկ Մալոյանը և գումարտակի հրամանատար Արթուր Թևանյանը կրկին հիշել են զոհված տղաներին, ասել է թե Հերոսներին՝ Արմենակ Ուրֆանյանին, Քյարամ Սլոյանին, Անդրանիկ Զոհրաբյանին ու Ռոբերտ Աբաջյանին, և որ տղաները բոլորը շատ սիրված էին հրամանատարության կողմից։
Տիկին Համեստը մեզ հետ միասին այդ դիրքի սուրճն ըմպեց, մի տեսակ թեթև շունչ քաշեց՝ իր խոսքում ասելով. «Շատ եմ կարոտել որդուս, ու կարծես Արմենիս կողքին լինեմ...»։
Նա դիրքի տղաների համար անրաժեշտ պարագաներ և սննդամթերք էր տարել, որոնք մայրական հոգատարությամբ տվեց տղաներին։
Երկար մնալուց հետո, հերոսի մայրը և մենք հրաժեշտ տվեցինք դիրքապահներին, և անփորձանք ծառայություն մաղթելով վերադարձանք զորամաս։ Տիկին Համեստը կարծես չէր ուզում կտրվել որդու դիրքից, անընդհատ հետ նայելով հեռացավ...
Այդ օրը մեզ հետ էր նաև «Վարդանանք» թերթի գլխավոր խմբագիր Վովա Արզումանյանը, ով գիրք է գրել հերոսի մասին՝ «Բանակի տղան» վերնագրով , որը շուտով ընթերցողի սեղանին կդրվի։
Զորամասում եղանք Ապրիլյան պատերազմի զոհերի հիշատակի այգում, որտեղ բոլոր զոհերի անունով պտղատու ծառեր էին տնկված. անունների շարքերը Եռագույն֊ով էին դասավորված...
Օրը շատ տպավորիչ էր, հուզումնալից, հպարտությամբ լեցուն, Հերոսների կատարած սխրանքների դրվագներով...
Եվ Հերոսի մայրը քայլեց Հերոս որդու խրամատներով, և նրա արցունքոտված աչքերում կարոտ կար, մեծ կարոտ, և բոլորիցս բաժանվելիս նրա հայացքը կարծես ասում էր՝ տղայիս միշտ կհիշեք...
Տիկին Համեստ, մենք չենք մոռանա մեր Հերոսին իր հերոս զինվորների հետ միասին.
Մենք չենք մոռանա 116֊ի տղերքին՝ Արմենակին, Քյարամին, Ռոբերտին և Անդրանիկին, ինչպես և չենք մոռանա ապրիլի 26֊ին այդ դիրքերից մեկում զոհված Տիգրան Պողոսյանին, չենք մոռանա բոլոր զոհվածներին, նրանք բոլորը հերոսներ են, մեր հերոսները...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 25+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Մարտակերտ . 116 ՄԱՐՏԱԿԱՆ ԴԻՐՔ ՀԵՐՈՍՆԵՐԻ ԱՌԱՋՆԱԳԻԾ Արցախի Հանրապետության Նախագահ Արայիկ Հարությունյանը ս.թ. օգոստոսի...
Posted by Lusine Zaqaryan on 2020 թ. օգոստոսի 30, կիրակի