211652_close_icon

Խորհրդարանը նիստերի օրակարգ չընդգրկեց «Լուսավոր Հայաստանի» նախագիծը

views-count1523 դիտում article-date 11:12 14-09-2020
ՀՀ ազգային ժողովը լիագումար նիստերի օրակարգ չընդգրկեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ներկայացրած, գլխադասային հանձնաժողովի բացասական եզրակացություն ստացած օրենքի նախագիծը, որով առաջարկվում էր միայնակ տարեց և անժառանգ թոշակառուներին նախագծով հատկացնել կոմունալ վարձավճարների փոխհատուցում նվազագույն կենսաթոշակի 20 տոկոսի չափով: «[url=https://armenpress.am/arm/news/1027541.html]Արմենպրես[/url]»-ի հաղորդմամբ՝ Սոցիալական աջակցության մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծն ԱԺ նիստում ներկայացրեց ԼՀԿ-ից Սրբուհի Գրիգորյանը: «Միայնակ տարեց և անժառանգ թոշակառուներին նախագծով առաջարկվում է հատկացնել կոմունալ վարձավճարների փոխհատուցում նվազագույն կենսաթոշակի 20 տոկոսի չափով՝ ամսական ընդամենը 5 հազար դրամ»,- ասաց Գրիգորյանը: Նրա խոսքով՝ կառավարությունը նշել է՝ չկան այդ թիրախային խմբի բազաները, բացի այդ 20 միավորից բարձր անապահովության միավոր ունեցող ընտանիքների համար սահմանվում են գազի և էլեկտրաէներգիայի վարձավճարի զեղչեր: Գլխադասային հանձնաժողովի անդամ Հերքինազ Տիգրանյանը ներկայացրեց, թե ինչու է հանձնաժողովը բացասական եզրակացություն տվել: «Նախորդ տարվա դեկտեմբերին ընդունել ենք սոցիալական բնակարանային ֆոնդում, կացարաններում բնակվող միայնակ կենսաթոշակառուներին նպատակային սոցիալական օգնություն ցուցաբերելու մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը: Այն արդեն գործում է, սահմանվել է, որ սոցիալական բնակարաններում բնակվող միայնակ տարեցները և կենսաթոշակառուներն արդեն օգտվում են կոմունալ վճարների համար պետության փոխհատուցման իրավունքից»,- ասաց պատգամավորը: Նա նշեց, որ նախագիծը նաև հստակեցված չէ, թե խոսքը վերաբերում է միայնակ տարեցներին ընդհանրապե՞ս, թե՞ սոցիալական բնակարաններում ու կացարաններում չբնակվող տարեցներին: «Եվ արդյոք նախագիծը կարո՞ղ է վերաբերվել աշխատող թոշակառուներին: Կարծում ենք, որ նախագիծն արմատական վերանայման կարիք ունի»,-նշեց Տիգրանյանը: Նախագիծն օրակարգ մտցնելու հարցը քվեարկության դրվեց, ստացավ 35 «կողմ», 72 «դեմ» և 1 «ձեռնպահ» ձայներ՝ այսպիսով չընդգրկվելով լիագումար նիստերի օրակարգ:

Նմանատիպ նյութեր