211652_close_icon
views-count3435 դիտում article-date 18:20 14-09-2020

Կարանտինի ընթացքում հավաքներ կազմակերպելու կամ անցկացնելու սահմանափակումները խախտելն առաջացնում է տուգանքի նշանակում` 50.000 - 200.000 դրամի չափով․ ոստիկանութունը հայտարարություն է տարածել

Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսային հիվանդությամբ (COVID-19) պայմանավորված իրավիճակից ելնելով՝ ՀՀ կառավարության 11.09.2020թ. N 1514-Ն որոշմամբ Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում սահմանվել է կարանտին՝ 2020 թվականի սեպտեմբերի 11-ի ժամը 17.00-ից մինչև 2021 թվականի հունվարի 11-ը ներառյալ: Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 182.4-րդ հոդվածով նախատեսված է պատասխանատվություն` կարանտին սահմանելու մասին որոշմամբ կիրառվող սահմանափակումների խախտման համար: Ոստիկանության կողմից արձանագրվելու և քննվելու են 182.4-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 5-8-րդ, 9-րդ և 10-րդ մասերով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ Ոստիկանությունը։ Մասնավորապես՝ Կարանտին սահմանելու մասին որոշմամբ սահմանված համաճարակի (կարանտինային) գոտի մուտքի և ելքի հատուկ ռեժիմը խախտելը, որն առաջացնում է տուգանքի նշանակում` 50.000 - 70.000 դրամի չափով: Կարանտինի ընթացքում անձանց ազատ տեղաշարժվելու իրավունքի կամ տրանսպորտային միջոցների տեղաշարժման սահմանափակումները խախտելը, ինչպես և դրանց զննման իրականացմանը խոչընդոտելը, որոնք առաջացնում են տուգանքի նշանակում` 10.000 դրամի չափով։ Ծանոթություն Բնակության վայրի բնակելի տարածքից դուրս գտնվելիս և տեղաշարժվելիս անձը հաստատող փաստաթղթի առկայությունը պարտադիր է: Կարանտինի ընթացքում հավաքներ կազմակերպելու կամ անցկացնելու սահմանափակումները խախտելը, որն առաջացնում է տուգանքի նշանակում` 50.000 - 200.000 դրամի չափով: Կարանտինի ընթացքում հավաքների մասնակցելու սահմանափակումները խախտելը, որն առաջացնում է տուգանքի նշանակում` 10.000 դրամի չափով։ Ծանոթություն Հավաքներ կազմակերպել, անցկացնել և հավաքներին մասնակցել թույլատրվում է միայն ՀՀ կառավարության 11.09.2020թ. N 1514-Ն որոշման հավելվածի 18-րդ կետով սահմանված անհատական պաշտպանության միջոցների կիրառման և անձանց միջև նվազագույնը 1,5 մետր հեռավորության պահպանման դեպքում: Կարանտինի ընթացքում հանրային միջոցառումներ կազմակերպելու, անցկացնելու կամ դրանց մասնակցելու սահմանափակումները և արգելքները խախտելը, որն առաջացնում է տուգանքի նշանակում` 50.000 - 100.000 դրամի չափով։ Ծանոթություն Հանրային միջոցառումները թույլատրվում են միայն հետևյալ սահմանափակումներով՝ 1) տոնական և հիշատակի միջոցառումները, ներառյալ` ծննդյան (տարեդարձի), հարսանյաց (նշանադրության) միջոցառումները, հոգեհանգստի և հուղարկավորության արարողությունները՝ 60-ից ոչ ավելի անձանց մասնակցությամբ. 2) անձանց սոցիալական, մշակութային, կրթական, սպորտային կամ այլ ժամանցային կարիքների բավարարմանն ուղղված այլ միջոցառումները (այդ թվում՝ համերգները, ցուցահանդեսները, ցուցադրությունները, թատերական ներկայացումները, կրթական այլ միջոցառումներ), եթե վերջիններս չեն հանդիսանում տնտեսական գործունեության տեսակ, 60-ից ոչ ավելի անձանց մասնակցությամբ. 3) փակ տարածքներում հանրային միջոցառումները՝ ի լրումն սույն կետի 1-ին և 2-րդ ենթակետերով նախատեսված պահանջների՝ նաև բնական կամ ներհոս-արտաձիգ արհեստական օդափոխության առկայության և սանիտարահամաճարակային անվտանգության կանոնների պահանջների պահպանման դեպքում: Կարանտինի ընթացքում կանոնավոր փոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցների սահմանափակումները խախտելը, ինչպես և դրանց զննման իրականացմանը խոչընդոտելը, որոնք առաջացնում են տուգանքի նշանակում` 50.000 - 100.000 դրամի չափով: Կարանտինի ընթացքում մեկուսացման կամ ինքնամեկուսացման կանոնները խախտելը, որն առաջացնում է տուգանքի նշանակում՝ 50.000 - 200.000 դրամի չափով: Կարանտինի ընթացքում անհատական պաշտպանության միջոցների կիրառման կանոնները խախտելը, որն առաջացնում է տուգանքի նշանակում՝ 10.000 դրամի չափով։ Ծանոթություն Անհատական պաշտպանության միջոցների ցանկը, կիրառման դեպքերն ու կարգը, սանիտարահամաճարակային անվտանգության կանոնները հաստատվել են ՀՀ առողջապահության նախարարի 11.09.2020թ. N 23-Ն հրամանով: Բնակչության առողջության պահպանման և կորոնավիրուսային հիվանդության բացասական հետևանքները նվազեցնելու նկատառումներով ՀՀ ոստիկանությունը հորդորում է պահպանել կարանտին սահմանելու մասին որոշմամբ նախատեսված սահմանափակումները, ինչպես և անհատական պաշտպանության միջոցների կիրառման համար ՀՀ առողջապահության նախարարի կողմից սահմանված կարգը:

Նմանատիպ նյութեր