211652_close_icon
views-count4915 դիտում article-date 22:30 22-12-2024

Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Porsche Cayenne»-ը և «ՎԱԶ 2121»-ը. վերջինը կոտրել է կամրջի ճաղավանդակը և բարձրությունից ընկել ցած. կա վիրավոր. վարորդներից մեկը եղել է ոչ սթափ, մյուսն էլ վարորդական իրավունքի վկայական չի ունեցել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ,ՏԵՍԱՆՅՈւԹ

Այսօր՝ դեկտեմբերի 22-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20:30-ի սահմաններում Հարավարևմտյան թաղամասից դեպի Սիլիկյան թաղամաս տանող նոր կառուցված ճանապարհին բախվել են Երևանի բնակիչներ 26-ամյա Նորայր Ղ.-ի վարած «Porsche Cayenne» և 26-ամյա Հովհաննես Ա.-ի վարած «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով «Նիվան» դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել մայթեզրի բազալտե եզրաքարին, ապա կամրջի բետոնե արգելապատնեշին, այն տեղաշարժել, ապա բախվել կամրջի երկաթե ճաղավանդակներին, կոտրել դրանք և մոտ 15 մետր բարձրությունից ընկել ցած՝ հայտնվելով կամրջի տակ՝ երթևեկելի գոտում։

Վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն։

Վիրավորին առաջինն օգնության են հասել քաղաքացիները և ըստ քաղաքացիների հայտնածի՝ օպերատիվ են գործել Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, վաշտի հրամանատար Գեղամ Եփրեմյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Վարազդատ Աթանյանն ու Միքայել Գրիգորյանը։

Վթարի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետի պաշտոնակատար Արթուր Ադամյանի, բաժնի պետի տեղակալ Գրիգոր Ավետիսյանի և ավագ քննիչ Արամազդ Հարությունյանի գլխավորությամբ։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, «Porsche»-ի վարորդը եղել է ոչ սթափ՝ խմածության այն աստիճանի, որ որոշ ժամանակահատվածով զրկվել է ավտոմեքենա վարելու իրավունքից, իսկ «Նիվայի» վարորդը վարորդական իրավունքի վկայական չի ունեցել։

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 137+
137+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր