1998 դիտում
23:01 14-09-2020
Մեկնարկում է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի 15-րդ՝ հոբելյանական համերգաշրջանը
Սեպտեմբերի 15-ին Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայանալիք համերգով կմեկնարկի Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի 15-րդ՝ հոբելյանական համերգաշրջանը։
Այսօր այդ առիթով հրավիրված ասուլիսի ընթացքում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը նախ ամփոփեց անցած՝ 14-րդ համերգաշրջանը։
Պարոն Սմբատյանի տեղեկացմամբ՝ 14-րդ համերգաշրջանում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը Հայաստանում ունեցել է 6 փառատոն, 51 համերգ, որոնց մասնակցել է 17 մեծանուն մենակատար։
Համերգներն ունեցել են 56 հազար հանդիսատես։ Նվագախմբի կողմից կատարվել է 196 ստեղծագործություն, այդ թվում 105-ը՝ հայ կոմպոզիտորների գրչին պատկանող։
Նվագախումբը հյուրախաղեր է ունեցել Արաբական Միացյալ Էմիրություններում, Իտալիայում, Գերմանիայում, Մեծ Բրիտանիայում, Չեխիայում, Ավստրիայում, Ռուսաստանի Դաշնությունում։ Արտասահմանյան հյուրախաղերում նվագախմբի համերգներն ունկնդրել է շուրջ 23 հազար հանդիսատես։ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը՝ հավատարիմ իր առաքելությանը, շարունակել է հայ կոմպոզիտորների ստեղծագործությունների ձայնագրման գործընթացը։ Մասնավորապես, ձայնագրվել է հայ կոմպոզիտորների 11 ստեղծագործություն։ Այս գործում Սիմֆոնիկը համագործակցել է ձայնագրման ոլորտում հանրահայտ ընկերության՝ «Գրեմիի» նոմինացված PARMA Recordings ձայնագրման ստուդիայի հետ։
Նախորդ համերգաշրջանում կորոնովիրուսի տարածմամբ պայմանավորված՝ մշակութային կյանքը, այդ թվում համերգային գործունեությունը ստիպված էր ենթարկվել համավարակի պարտադրած սահմանափակումներին։ Սակայն Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը համավարակի պայմաններում չի կտրել կապն իր ունկնդիրների հետ։ Նվագախումբը համավարակի պայմաններում ամենաակտիվ գործունեություն ծավալած երաժշտական կոլեկտիվներից է։ Մասնավորապես, տրվել է 38 առցանց համերգ, որոնք ունեցել են մոտ 90 հազար դիտում և 400 հազար հասանելիություն։
Անդրադառնալով նվագախմբի առաջիկա՝ 15-րդ հոբելյանական համերգաշրջանին՝ պարոն Սմբատյանը նկատեց‚ որ նախատեսված է 50 համերգ, 3 փառատոն, 2 հատուկ նախագիծ, 2 ձայնագրություն և 3 հյուրախաղ։
Նոր համերգաշրջանի բացման համերգի ընթացքում կհնչեն Տիգրան Մանսուրյանի երեք հատված «Ձյունե թագուհին» բալետից և Անտոնին Դվորժակի 9-րդ սիմֆոնիան։
Կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանն ասուլիսի ընթացքում խոսեց Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ համագործակցության մասին։ «Մենք նախորդ տարի հաճելի ճամփորդեցինք Արցախից մինչև Երևան և Գյումրի: Փառավոր էր Ստեփանակերտի բացօթյա համերգը»,- ընդգծեց կոմպոզիտորն ու հավելեց, որ Սիմֆոնիկ նվագախմբի հետ աշխատանքի արդյունքում շուտով Լոնդոնում կթողարկվի ձայնագրություն, որը հնարավորություն կտա նոր գործիքավորմամբ ունկնդրել իր կինոերաժշտությունը:
Մարզահամերգային համալիրի տնօրեն Կարեն Ղազարյանը նշեց‚ որ համալիրն այսուհետև նաև դասական երաժշտության հարթակ է լինելու: «Երբ ես ստանձնեցի այս պաշտոնը, առաջին ծրագրերից մեկն այն էր, որ Սիմֆոնիկ նվագախումբն իր տեղը գտնի համալիրում, Մարզահամերգային համալիրը դառնա տուն Սիմֆոնիկ նվագախմբի համար: Հատկապես ակուստիկայի առումով մեր բեմը հրաշալի է սիմֆոնիկ երաժշտության համար»,- շեշտեց նա՝ ավելացնելով‚ որ համալիրն ունի բոլոր հնարավորությունները‚ պահպանելով սահմանված կանոնները‚ կարանտինի պայմաններում ապահովել համերգային գործընթացը:
Նոր համերգաշրջանում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը կներկայանա նոր ստեղծագործություններով, հայ երաժշտասերներին մեծանուն մենակատարների ունկնդրելու հնարավորություն կընձեռի։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+
Նմանատիպ նյութեր
1696 դիտում
23:40 16-09-2020
Մեկնարկել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի 15-րդ համերգաշրջանը. նվագախումբը խոստանում է հագեցած տարի
1234 դիտում
17:17 29-09-2021
«Արմենիա» միջազգային փառատոնով կմեկնարկի Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի 16-րդ համերգաշրջանը
Այս բաժնից
844 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
874 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»