1791 դիտում
10:25 17-09-2020
ԵԱՏՄ-ն ավելի կարևոր է, քան մարդու իրավունքներն ու ազատությունները՝ ժողովրդավարության հիմնասյուները․ «168 ժամ»
«168 ժամ» թերթը գրում է․ ««Հայաստանի Հանրապետությունը ԵԱՏՄ անդամ երկիր է և չունի մի ուղղությամբ և մի կողմի շահեր, սկզբունքներ, և այդ սկզբունքների համադրությամբ՝ որդեգրվել է այդպիսի դիրքորոշում»,- Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով պատգամավորներից մեկին, թե ինչո՞ւ է Հայաստանը ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 45-րդ նստաշրջանի ընթացքում ձեռնպահ քվեարկել Բելառուսում մարդու իրավունքների խախտումների ուսումնասիրման վերաբերյալ հարցի քննարկմանը: Նիկոլ Փաշինյանն ասել է, որ, երբ 2018-ին Հայաստանում տեղի էր ունենում հեղափոխություն, իրենք շատ հստակ դիրքորոշում են արտահայտել, որ դա համարում են ներհայաստանյան գործընթաց ու ներհայաստանյան օրակարգ: «Այդտեղ աշխարհաքաղաքական կոնտեքստ ու արտաքին օրակարգ չկար: Երբ մեզ հարց էին տալիս՝ արդյո՞ք պատրաստվում ենք հայկական հեղափոխությունն արտահանել այլ երկրներ, ասել ենք՝ սա հայաստանյան օրակարգ է, մենք չենք պատրաստվում ոչ մի բան ո՛չ ներմուծել, ո՛չ էլ արտահանել»։
Պատգամավորի ճշտող հարցին, թե խնդիրը Բելառուսում մարդու իրավունքների ոտնահարման հարցն է, արդյո՞ք պետք չէր ուսումնասիրել՝ Բելառուսում այդ իրավունքների ոտնահարումներ եղե՞լ են, թե՞ ոչ, Նիկոլ Փաշինյանը պատասխանել է. «Հայաստանը մարդու իրավունքների ոլորտում այնքան դարդ ու ցավ ունի, որ մեզ մեր սեփական դարդերն ու ցավերը հերիքում են»:
Այս հարցուպատասխանը խղճահարություն առաջացնելու աստիճանի մերկացնում է Նիկոլ Փաշինյանի քաղաքական, արժեքային սնանկությունն ու բացարձակ անսկզբունքայնությունը։ Խնդիրը շատ հստակ է, առանց որևէ տարընթերցման․ Բելառուսում տեղի են ունեցել նախագահական ընտրություններ, որոնց արդյունքների հետ հասարակության մեծամասնությունը համաձայն չէ ու համաձայն չլինելով՝ իրականացնում է այնպիսի գործողություններ, ինչպիսիք իրականացվում էին 2008 թվականի նախագահական ընտրություններից հետո Հայաստանում՝ Նիկոլ Փաշինյանի անձնական հռետորական մասնակցությամբ, և ճիշտ գործողություններ, ինչպիսիք տեղի ունեցան 2018 թվականին՝ արդեն Նիկոլ Փաշինյանի առաջնորդությամբ։
Բելառուսական ահա այդ բողոքի ակցիաների ընթացքում ոտնահարվել են հարյուրավոր խաղաղ ցուցարարների իրավունքներ, տասնյակ մարդիկ, այդ թվում՝ լրագրողներ, ձերբակալվել են, կան զոհված ու անհետ կորած քաղաքացիներ, և այլն։ Այսինքն՝ տեղի է ունեցել այն, ինչի դեմ 2008 թվականին պայքարում էր անձամբ Նիկոլ Փաշինյանը, ինչին անհամարժեք վերաբերմունք ցուցաբերելու համար մեղադրում էր աշխարհին, և ինչը դարձավ իր քաղաքական գործունեության մեկնակետը։ 2018 թվականին Հայաստանում նման գործողություններ տեղի չունեցան, ոչ մի ցուցարարի գլխից մազ չպակասեց։ Բայց պատկերացնել կարելի է, թե ինչ աղմուկ կբարձրացներ անձամբ Նիկոլ Փաշինյանը, եթե 2018 թվականի ակցիաների մասնակիցների նկատմամբ Հայաստանում կիրառվեր այն բռնի ուժի 10 տոկոսը, որը կիրառվել է Բելառուսում։ Դժվար չէ պատկերացնել նաև, թե քանի հարյուր նամակներ կգրվեին միջազգային կազմակերպություններին՝ այդ իրադարձությունների համար Հայաստանի իշխանություններին դատապարտելու պահանջով։ Եվ ահա այս համատեքստում ՄԱԿ-ում տեղի է ունենում ընդամենը մարդու իրավունքների ոտնահարումների փաստերն ուսումնասիրելու հարցի վերաբերյալ քվեարկություն, որին Հայաստանը քվեարկում է․․․ ձեռնպահ։
Այսինքն, թավշյա, ոչ բռնի, ժողովրդական հեղափոխությամբ ձևավորված իշխանությունը ձեռնպահ է բարեկամ երկրում թավշյա, ոչ բռնի, ժողովրդական բողոքի ակցիաների մասնակիցներին բռնաճնշելու հարցի ուսումնասիրության կապակցությամբ։ Ավելի մեծ հարված Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխության սկզբունքային հիմքին ու արժեհամակարգին, չէր կարող հասցնել անգամ ամենաթունդ հակահեղափոխականն ու ռևանշիստը։ Իսկ սա վկայում է այն մասին, որ իրականում թավշյա հեղափոխությունը լայն իմաստով որևէ արժեք ու սկզբունք չի ունեցել, և Նիկոլ Փաշինյանն ընդամենը հռետորաբանական մանիպուլյացիաներով շահարկել, օգտագործել է ժողովրդավարությունը՝ իշխանության գալու համար։ Նիկոլ Փաշինյանը ոչ թե ժողովրդավարության կերտող է, այլ սպառող։ Հակառակ դեպքում ժողովրդավարության պաշտպանությունը նրա համար վեր կլիներ ցանկացած շահից։ Հակառակ դեպքում այսօր Հայաստանը ոչ միայն ձեռնպահ չէր լինի ՄԱԿ-ում քննարկված այդ որոշմանը, այլ ինքը կլիներ նման որոշման նախաձեռնողը՝ որպես, ինչպես հեղափոխականներն են սիրում ասել, ժողովրդավարական բաստիոն ու պաշտպան։
Իրականում Նիկոլ Փաշինյանը նման քվեարկությամբ ու այսպիսի հայտարարություններով փորձում է լուծել իր իշխանության շահերից բխող մանր խնդիրներ՝ հաճոյանալ ոչ այնքան՝ Բելառուսի, որքան՝ Ռուսաստանի իշխանությանը՝ Վլադիմիր Պուտինին։ Հենց դա է ընկած Հայաստանի՝ ԵԱՏՄ-ին անդամակցությանը հղում տալու փաշինյանական մոտեցման հիմքում, որը ոչ այլ ինչ է, քան սովորական փարիսեցիություն, երկակի ստանդարտների անտաղանդ կիրառում։ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններից բխում է, որ Հայաստանի համար ԵԱՏՄ-ն ավելի կարևոր է, քան մարդու իրավունքներն ու ազատությունները՝ ժողովրդավարության հիմնասյուները»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
1300 դիտում
15:28 17-03-2023
ԱՄՆ պետքարտուղարությունն Ադրբեջանին կոչ է արել հարգել մարդու հիմնարար ազատությունները
2766 դիտում
10:36 09-03-2017
Դա շատ ավելի կարևոր է, քան ինչ-որ առեղծվածային երկրի կողմից Արցախի ճանաչումը. Դենիս Դվորնիկով. «168 ժամ»
Այս բաժնից
3214 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2236 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը
1108 դիտում
09:00 10-12-2024
Դատական մարմինների ակտերը կադաստրի կոմիտե կներկայացվեն էլեկտրոնային տարբերակով. նախագիծ. «Փաստ»