90325 դիտում
12:36 26-09-2020
Կասկադյորական ավտովթար-հրդեհ Երևանում. 27-ամյա վարորդը BMW-ով Ազատության պողոտայում տապալել է հաստաբուն ծառն ու բախվել մեկ այլ ծառի և կրակի մատնվել. ավտոմեքենան վերածվել է մոխրակույտի. կա վիրավոր. ժամանել է Երևանի ՃՈ պետը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ սեպտեմբերի 26-ին, խոշոր ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Երևանում:
Ժամը 08:40-ի սահմաններում Ազատության պողոտայում՝ «Ռեդիսոն Բլու» հյուրանոցի դիմաց, Երևանի բնակիչ՝ 27-ամյա Գագիկ Գալստյանը ի վարած BMW մակնիշի 26 VS 260 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել հաստաբուն ծառին՝ տապալելով այն, այնուհետև հայտնվել է մեկ այլ հաստաբուն ծառի և պատի արանքում:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել։
Օպերատիվորեն ժամանել են Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Երևանի փրկարարական վարչության հրշեջ փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ։
Հրշեջները նախ կանխել են կրակի տարածումը, ապա մարել այն, սակայն ավտոմեքենան ամբողջովին վերածվել է մոխրակույտի։
Օպերատիվորեն ժամանել են Երևանի Ճանապարհային ոստիկանության պետ Վահան Էվինյանն ու ՃՈ 1-ին սպայական գումարտակի ավագ տեսուչ Արտակ Սարգսյանը։
Վարորդը մարմնական վնասվածքով տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց։
Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Միքայել Աղաբեկյանը տեղեկությունը փոխանցել է ՃՈ հետաքննչական բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Խաչիկ Սամվելյանի, ավագ հետաքննիչ Վարդան Բաղդասարյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նշված ավտոմեքենայի վարորդը մայրաքաղաքում հաճախակի էր չարամտորեն խախտում ճանապարհային ոստիկանության կանոններն ու շատ հետիոտների համար դարձել էր իսկական պատուհաս ու բազմաթիվ անգամներ ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու համար ենթարկվել էր վարչական պատասխանատվության։
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 98+
98+