211652_close_icon
views-count3908 դիտում article-date 13:34 01-10-2020

Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Կիպրոսի Հանրապետության նախագահին՝ Անկախության օրվա կապակցությամբ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Կիպրոսի Հանրապետության նախագահ Նիկոս Անաստասիադեսին՝ Անկախության օրվա առթիվ: Ուղերձում ասված է. «Կիպրոսի Հանրապետության Անկախության օրվա կապակցությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության և անձամբ իմ անունից ջերմագույն շնորհավորանքներ եմ հղում Ձեզ և Կիպրոսի եղբայրական ժողովրդին` մաղթելով շարունակական առաջընթաց, բարօրություն և խաղաղություն: Դարերի խորքից եկող հայ-կիպրական հարաբերությունները բարեկամության բազմաթիվ դրսևորումներ են ունեցել, որոնց հիմքում ընկած են պատմամշակութային առնչությունները, ընդհանուր հոգևոր արժեքներն ու փոխադարձ համակրանքը: Հայաստանն արժևորում է բարեկամ Կիպրոսի հետ փոխադարձ հարգանքի և վստահության վրա հիմնված միջպետական համագործակցությունն ու գերազանց քաղաքական երկխոսությունը, որոնք, տարեցտարի ամրապնդվելով և ընդլայնվելով, ձեռք են բերել դաշնակցային բնույթ։ Վստահ ենք, որ մեր երկու երկրների միջև հաստատված եղբայրական հարաբերություններն ու փոխշահավետ գործակցությունը գալիք տարիներին ևս կարձանագրեն նորանոր ձեռքբերումներ»:

Նմանատիպ նյութեր