211652_close_icon
views-count810 դիտում article-date 14:36 04-10-2020

Ադրբեջանը շարունակում է խաղաղ բնակչության նկատմամբ կիրառել արգելված զինատեսակներ․ Մարդու իրավունքների պաշտպանի երկրորդ ուսումնասիրությունը

Սեպտեմբերի 27-ից սկսած Ադրբեջանի կողմից արգելված կասետային զինատեսակների շարունակաբար օգտագործմամբ թիրախային հարվածներ են հասցվում Արցախի (Լեռնային Ղարաբաղի) քաղացիական բնակավայրերի և խաղաղ բնակչության ուղղությամբ։ Սեպտեմբերի 27-28-ին, հոկտեմբերի 2-4-ը Ադրբեջանի կողմից LAR-160 և «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ հրթիռներ է կիրառել Հադրութ քաղաքի, մայրաքաղաք Ստեփանակերտի և մայրաքաղաքին մոտ գտնվող Շոշ գյուղի ուղղությամբ։ Խիտ բնակեցված բնակավայրերի դեմ կասետային զինամթերքի բազմակի օգտագործումը միջազգային մարդասիրական իրավունքի, ինչպես նաև Ադրբեջանի միջազգային մարդու իրավունքների, այդ թվում՝ կյանքի և առողջության իրավունքի, դաժան, անմարդկային կամ նվաստացուցիչ վերաբերմունքի և սեփականության իրավունքին վերաբերող պոզիտիվ պարտավորությունների կոպիտ խախտում է, չնայած Ադրբեջանը Կասետային զինատեսակների վերաբերյալ 2008 թվականի կոնվենցիայի մասնակից չէ: Ցանկացած պարագայում է արգելված կասետային զինատեսակներ օգտագործելը, երբ այդպիսի օգտագործման հետևանքները չեն կարող սահմանափակվել այնպես, ինչպես պահանջվում է միջազգային մարդասիրական իրավունքով, այն է՝ երբ հնարավոր չէ ապահովել ռազմական թիրախների տարբերակում: Սկզբունքը, որ պետությունները չպետք է երբեք օգտագործենզինատեսակներ, որոնք հնարավորություն չեն տալիս տարբերակելքաղաքացիական և ռազմական թիրախները, ոչ միայն ամրագրված է 1949 թվականի Ժնևյան կոնվենցիաների 1-ին արձանագրությամբ (և լրացուցիչ ներառված է ոչ անդամ երկրների օրենսդրության մեջ), այլ նաև Արդարադատության միջազգային դատարանը դա ճանաչել է՝ որպես միջազգային մարդասիրական իրավունքի հիմնարար սկզբունք: Այս սկզբունքները բխում են մարդասիրության տարրական նկատառումներից և հանրային խղճի թելադրանքից, որոնք պարտադիր են բոլոր պետությունների համար զինված հակամարտության յուրաքանչյուր իրավիճակում: Նշված կասետային զինատեսակները բնույթով այնպիսին են, որ անխուսափելիորեն նրանց անհնար է դառնում ապահովել անհրաժեշտ տարբերակումը ռազմական և քաղաքացիական թիրախների միջև, երբ դրանք օգտագործվում են քաղաքացիական և քաղաքացիական օբյեկտների հարևանությամբ, առավել ևս երբ դրանք օգտագործվում են խիտ բնակեցված բնակավայրերում: Ինչպես հոկտեմբերի 4-ին տեղեկացրել է Արցախի Մարդու իրավունքների պաշտպանը (Օմբուդսման), քաղաքացիական բնակավայրերը եղել են թիրախավորված LAR-160 և կասետային մարտագլխիկներով «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ հրթիռներով: Ըստ նրա «Արցախի բնակչության նկատմամբ ադրբեջանական վայրագությունների վերաբերյալ» 2020 թվականի սպետեմբերի հրապարակային միջանկյալ զեկույցի՝ մեծ է ռիսկը, որ քաղաքացիական բնակչությունը դեռևս շատ երկար ժամանակ սպառնալիքի տակ կլինի՝ հաշվի առնելով կիրառվող զենքի չափը, ծավալը և տեսակը: Հետևաբար, Ադրբեջանի կողմից LAR-160 և «Սմերչ» կասետային հրթիռային համակարգերի օգտագործմամբ պարբերաբար տեղի են ունենում միջազգային մարդասիրական իրավունքի կոպիտ խախտումներ՝ մարդու իրավունքների ոլորտի պարտավորությունների բացահայտ անտեսմամբ: Ավելին, ակնհայտ է, որ կասետային զինատեակների բազմակի օգտագործումը, էթնիկական զտման քաղաքականության մի մասն են, քանի որ այդպիսի կիրառումը հստակ ցույց է տալիս Ադրբեջանի կողմից քաղաքացիական հայկական բնակչության դեմ կիրառվող բռնություն և ահաբեկչություն խթանող քաղաքականությունը։ Սույն հայտարարության փաստերը և գնահատականները հիմնված են Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի փաստահավաք աշխատանքների, Արցախի մարդու իրավունքների պաշտպանի փաստահավաք աշխատանքների ու զեկույցների, լրատվամիջոցների հրապարակումների և քաղաքացիական բնակչությունից հաղորդվող արժանահավատ տեղեկությունների, ինչպես նաև Հայաստանի և Արցախի պաշտոնական աղբյուրներով հաստատված տվյալների վրա:

Նմանատիպ նյութեր