889 դիտում
19:15 04-10-2020
Հզոր ու ամուր Սփյուռքն իսկական բանակ է, որը սատար է Հայրենիքին ու քաջարի Հայոց բանակին. նախագահ Արմեն Սարգսյանի ուղերձը Սփյուռքին
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հանդես է եկել ուղերձով, որում ասված է.
«Սիրելի՛ հայրենակիցներ, թանկագի՛ն քույրեր և եղբայրներ,
Մեծ հիացմունք, խորը հուզմունք և անսահման հպարտություն եմ ապրում՝ տեսնելով, լսելով ու զգալով համերաշխության, միասնության այն հուժկու ալիքը, որ բարձրացել է Սփյուռքում՝ ի արձագանք Արցախում և Հայաստանի սահմաններին Ադրբեջանի եւ Թուրքիայի կողմից համատեղ սանձազերծված պատերազմի։
Ուզում եմ, որ իմանաք՝ Հայրենիքը լսում է և զգում յուրաքանչյուրիդ ձայնը, յուրաքանչյուրիդ խոսքը, ձեր սրտերի անհանգիստ բաբախյունը, ուր էլ դուք լինեք, ինչքան էլ հեռու գտնվեք։
Այսպիսի հզոր ու ամուր Սփյուռքն իսկական բանակ է, որը սատար է Հայրենիքին ու քաջարի Հայոց բանակին այս դժվարին, ճակատագրական պահին։
Հայրենիքը երախտապարտ է այն օգնության համար, որ ցուցաբերում եք Ձեր նյութական աջակցությամբ, «Հայաստան» համահայկական հիմնադրամի նախաձեռնած «Մենք ենք, մեր սահմանները. բոլորս Արցախի համար» համազգային դրամահավաքին ձեր ակտիվ մասնակցությամբ:
Ձեզնից յուրաքանչյուրն այսօր Հայաստանի և Արցախի դեսպանն է դրսում: Դուք բոլոր հնարավոր միջոցներով՝ հավաքներով, կոչերով, դիմումներով և ելույթներով ամեն ինչ անում եք ճշմարտությունը, Արցախի ձայնը հասցնելու միջազգային հանրությանը, այդ թվում՝ ձեր երկրների կառավարություններին՝ ներկայացնելու Թուրքիայի օժանդակությամբ Ադրբեջանի սանձազերծված հարձակման անմարդկային էությունը:
Վստահ եմ՝ գիտակցում եք, որ ներկա իրավիճակում պետք է շարունակենք բազմապատկել մեր ջանքերը:
Շարունակե՛ք նույն ոգով և նույն նվիրվածությամբ, որովհետև այս անգամ մեր դեմ՝ Արցախի ազատատենչ ժողովրդի դեմ ելել է ոչ միայն Ադրբեջանը, այլև ցեղասպան Թուրքիան՝ իր զենքով, զինվորականով ու վարձկան ահաբեկիչներով, իր հայատյաց խոսքով ու գործով: Սա այն նույն Թուրքիան է, որը 105 տարի առաջ հայերի էթնիկ զտումներ և ցեղասպանություն իրականացրեց Օսմանյան կայսրությունում:
Այս անգամ դա չի անցնելու, մենք թույլ չե՛նք տա նոր ցեղասպանություն:
Մեր համաշխարհային ազգը հզոր է իր միասնությամբ ու հավաքական ուժով։
Որևէ կասկած չկա, որ մենք հաղթելու ենք:
Մենք անհաղթ ենք մեր ամենահաղթ միասնությամբ։
Հաղթանակը մերն է լինելու։
Աստված պահապան բոլորիս»:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
625 դիտում
21:25 20-12-2024
ՀՀ և ՌԴ միջև օդային բեռնափոխադրումներն աճել են 12 տոկոսով
697 դիտում
20:26 20-12-2024
Բաքվում սկսվող դատերով Ալիևը փորձելու է Հայաստանում բարոյալքման տրամադրություններ ստանալ. Վահե Հովհաննիսյան
745 դիտում
20:13 20-12-2024
Վահագն Գևորգյանն ազատվել է Ջրային կոմիտեի նախագահի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից