3272 դիտում
19:42 06-10-2020
Կոչ ենք անում ՄԻՊ-ին, իրավապահ մարմիններին՝ քայլեր ձեռնարկել նման անթույլատրելի միջադեպերը բացառելու համար. ՀԺՄ-ն՝ «5-րդ ալիք»-ի լրագրողի և պատգամավորների մասնակցությամբ միջադեպի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հայաստանի ժուռնալիստների միությունը հայտարարություն է տարածել՝ բազմաթիվ պետական պաշտոնյաների, այդ թվում՝ պատգամավորների, մի շարք հանրային գործիչների կողմից առանձին լրատվամիջոցների ու լրագրողների թիրախավորման վերաբերյալ:
Սեպտեմբերի 27-ից սկսված պատերազմական գործողությունների առաջին օրվանից բոլոր լրատվամիջոցները բարեխղճորեն կատարում են իրենց մասնագիտական առաքելությունը՝ հասարակությանը ներկայացնելով կատարվածի մասին տեղեկություններ, ընդ որում դա կատարում են՝ խստորեն հետևելով պատկան մարմինների կողմից տեղեկատվական անվտանգության նկատառումներով սահմանված կանոններին։
Լրագրողներն ունեն շատ տեղեկություններ, սակայն պահպանելով երկրում հայտարարված ռազմական դրության պայմանները, հրապարակում են դրանց չնչին մի մասը՝ պատերազմական իրավիճակում ռազմաքաղաքական ղեկավարությանը և պետությանը չվնասելու նպատակով։
Ցավոք, սակայն, բազմաթիվ պետական պաշտոնյաներ, այդ թվում՝ պատգամավորներ, մի շարք հանրային գործիչներ թիրախավորում են առանձին լրատվամիջոցների ու լրագրողների՝ խտրություն չդնելով օգտագործվող բառամթերքի, լրագրողներին տրվող պիտակավորումների միջև։ Եվ շատ հաճախ նրանք օգտագործում են այնպիսի բառամթերք, որը հարիր չէ պետական պաշտոնյային ու հանրային գործչին: Ընդհուպ արձանագրվել են հանրային գործիչների կողմից լրագրողների նկատմամբ սպառնալիքների, ֆիզիկական բռնություն գործադրելու դեպքեր։
«5-րդ ալիք» հեռուստաընկերության տնօրեն Հարություն Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում քիչ առաջ տեղեկացրեց, որ այսօր ԱԺ-ում «5-րդ ալիքի» լրագրողի կողմից իր մասնագիտական գործունեության իրականացման ընթացքում տեղի է ունեցել միջադեպ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Քրիստինե Պողոսյանի, Արթուր Հովհաննիսյանի և լրագրողի միջև: Մասնավորապես, պատգամավորը երկու անգամ հարվածել է լրագրողի ձեռքին գտնվող խոսափողին, այնուհետև հնչեցրել է սպառնալիքներ լրագրողի հասցեին: Ընդհարման պատճառ է դարձել լրագրողի հնչեցրած հարցը՝ ավելի վաղ այդ պատգամավորներից մեկի կողմից տվյալ լրատվամիջոցի հասցեին կատարված վիրավորական գրառման վերաբերյալ։
Հ. Հարությունյանը նաև տեղեկացրել է, որ իրավաբանի հետ քննարկում են օրենքով սահմանված հնարավոր միջոցների ձեռնարկումը, այդ թվում՝ ՀՀ Գլխավոր Դատախազություն դեպքի վերաբերյալ հաղորդում ներկայացնելը:
Հ. Հարությունյանը Հայաստանի ժուռնալիստների միությանն է տրամադրել տեսանյութը, որում ակնհայտ է պատգամավորների անթույլատրելի և ամոթալի վարքագիծը:
Հայաստանի ժուռնալիստների միությունը խստորեն դատապարտում է լրատվամիջոցներին ու լրագրողներին թիրախավորելու, սոցիալական ցանցերում և ԶԼՄ-ներում անթույլատրելի բառապաշարով պիտակավորելու բոլոր փորձերը, սպառնալիքները, մամուլի միջոցները յուրայինների և օտարների բաժանելու մանր գործելաոճը՝ կոչ անելով պատկան մարմիններին հարգել և չխոչընդոտել լրագրողների գործունեության ազատությունն ու իրավունքը։ Միության այս կոչն ուղղված է ոչ միայն պատգամավորներին, այլև Հայաստանի Հանրային խորհրդի ղեկավարությանը, կառավարության անդամներին, գերատեսչությունների աշխատակիցներին, հասարակական-քաղաքական, հանրային բոլոր գործիչներին:
Պատերազմական այս օրերին բոլոր լրատվամիջոցները՝ անկախ իրենց քաղաքական նախընտրություններից, ծառայում են մեկ առաքելության՝ հանրությանը թույլատրելիության սահմաններում տեղեկություններ հաղորդել ռազմաճակատում կատարվող գործողությունների վերաբերյալ։ Հետևաբար՝ լրագրողներին որևէ կերպ թիրախավորելու ցանկացած փորձ ուղղակի հարված է քաղաքացիների՝ տեղեկացված լինելու իրավունքի իրացմանը։
Կոչ ենք անում նաև Մարդու իրավունքների պաշտպանին, լրագրողական ու մարդու իրավունքների հարցերով զբաղվող կազմակերպություններին, իրավապահ մարմիններին՝ համարժեք քայլեր ձեռնարկել և գնահատական տալ տեղի ունեցածին՝ ապագայում նման անթույլատրելի միջադեպերը բացառելու համար»։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
4626 դիտում
18:08 19-03-2021
Իշխանություններից պահանջում ենք պատշաճ քննել լրագրողների թիրախավորման միջադեպերը. ՀԺՄ
Այս բաժնից
1579 դիտում
19:09 20-12-2024
ՊԵԿ-ը բացահայտել է խմիչքների և ծխախոտային արտադրանքի ապօրինի շրջանառության դեպքեր
490 դիտում
19:05 20-12-2024
Քննարկվել է «Ակադեմիական քաղաք» ծրագրի ընթացիկ իրավիճակն ու իրականացման ռազմավարությունը
463 դիտում
18:53 20-12-2024
ԲԴԽ նախագահ Արթուր Աթաբեկյանն ընդունել է Ղազախստանի դեսպանին