211652_close_icon

«Հայաստանի կողմից Արցախի ճանաչումը ժամերի կամ օրերի հարց է». Տիգրան Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ. 168. am

views-count10837 դիտում article-date 22:59 14-10-2020
Մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանի կարծիքով՝ և՛ Հայաստանի վարչապետի, և՛ Արցախի նախագահի ուղերձների հիմնական մեսիջն այն էր, որ և՛ Հայաստանը, և՛ Արցախը պայքարելու են մինչև վերջ: «Եվ դեռևս որևէ առաջարկ, որը եղել է, ներկա պահին Հայաստանի համար ընդունելի չէ: Այսինքն՝ ուղերձի հիմնական մասը դա էր: Սպասվում էր, որ Արցախի ճանաչման հարցը կդրվի. կարելի է ասել՝ դա էլ շոշափվեց, այսինքն՝ դեռևս բացահայտ դա չարվեց, բայց իմ կարծիքով՝ դա ժամերի կամ օրերի հարց է»,- [url=https://168.am/2020/10/14/1386908.html?fbclid=IwAR1_4fuZ120adBJ-bLg2PgSUiJ8yLa99FlbEMW_w6WtsgWVBqCR_9B-KK3g]168TV[/url]-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա: Հարցին՝ ի՞նչ կփոխվի, եթե այս պահին Հայաստանը ճանաչի Արցախի անկախությունը, նա պատասխանեց. «Շատ բան կփոխվի, որովհետև Հայաստանը կկարողանա իր ուժերը ներգրավել և Արցախին աջակցել այն չափով, ինչքանով որ պատերազմական իրավիճակում: Գումարած դրան՝ արդեն, եթե ճիշտ աշխատանք գնա, և որոշ երկրներ ևս ճանաչեն Արցախի անկախությունը, արդեն նաև դիվանագիտական ճակատում դա անել»: Դիտարկմանը՝ Ալիևը սպառնում է, որ Ադրբեջանը հարաբերություններ չի ունենա այն երկրների հետ, որոնք կճանաչեն Արցախի անկախությունը, նա այսպես արձագանքեց. «Ենթադրենք՝ Ուրուգվայը ճանաչում է, ինքը թքած ունի Ադրբեջանի սանկցիաների վրա: Եթե ճանաչում է Ֆրանսիայի նման երկիր, ո՞վ է Ադրբեջանը այդ պարագայում: Այսինքն՝ այստեղ մաքսիմում, ում վրա կարող է հոխորտալ Ալիևը, իր դաշնակիցներն են, որովհետև աշխարհի մեծերը եթե որոշեն ճանաչել, իրենք Ադրբեջանի վրա չեն նայելու»: ՌԴ ԱԳ նախարար Լավրովը այսօր հայտարարեց, որ առաջարկությունները, որոնք համանախագահները մշակել են և շարունակում են մշակել, մնում են բանակցային սեղանին. «Բոլոր պայմանավորվածությունները, որոնք վերջին շրջանում են քննարկվել և որոնք լրջորեն են ընկալվել կողմերի կողմից, առաջին փուլում ենթադրում են 5 շրջանների ազատում, 2 շրջանը թողնելով երկրորդ փուլի համար, ինչպես նաև երկրորդ փուլում թողնելով Ղարաբաղի վերջնական կարգավիճակի հարցը։ Իսկ առաջին փուլում, բացի հինգ շրջանների վերադարձից, կբացվեն բոլոր կոմունիկացիաները, տնտեսական, տրանսպորտային կոնտակտները, և կտեղակայվեն խաղաղապահներ, որոնք կերաշխավորեն ռազմական գործողությունների չվերսկսումը»: Տիգրան Քոչարյանից հետաքրքրվեցինք՝ արդյո՞ք սուբստանտիվ բանակցությունները, որոնք արձանագրված էին նաև ՀՀ, Ադրբեջանի և ՌԴ ԱԳ նախարարների հայտարարության մեջ, հենց վերոնշյալ քայլերն են ենթադրում: «Բացի դրանից՝ Լավրովը նաև ասել է, որ պետք է առաջնահերթ ռազմական դիտորդները տեղակայվեն շփման գծով, հետո նոր այս, այս, այս բաները պետք է լինեն: Իմ կարծիքով՝ դա ինչ-որ ձևով նաև ուղերձ էր, որ այս պատերազմը կանգնեցնենք՝ ռազմական դիտորդներ տեղակայելով, հետո արդեն հասկանանք՝ ինչ ենք անում: Երկրորդ՝ Հայաստանում արդեն մեղադրանքներ կան, որ սա ռուսների՝ մեր վզին փաթաթած ինչ-որ բան է. սա համանախագահների կողմից համաձայնեցված պլան է, և այս առաջարկի համար պատասխանատվությունը հավասարաչափ կիսում են և՛ ԱՄՆ-ի, և՛ Ֆրանսիայի կողմից ՄԽ համանախագահները: Այսինքն՝ վերագրել սա մի կողմին՝ սխալ է, և այդքան էլ արդյունավետ չէ ներկա պահին դա անել: Եվ երրորդ՝ այս ամենը պետք է մեկնաբանի մեր ԱԳՆ-ն՝ կամ նախարարի, կամ խոսնակի մակարդակով, որովհետև այստեղ բաներ են գրված, որոնց պատասխանները միայն իրենք գիտեն»,- ի պատասխան՝ ասաց Տիգրան Քոչարյանը: Մանրամասները՝ [url=https://www.youtube.com/watch?v=5wH1_Uh9_iU&feature=emb_logo]168TV[/url]-ի տեսանյութում
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր