211652_close_icon
views-count3038 դիտում article-date 08:39 24-10-2020

Պոմպեոն կողմերին կոչ է անում դադարեցնել կրակը և պաշտպանել խաղաղ ազգաբնակչությանը․ «Ամերիկայի ձայն»

ԱՄՆ պետքարտուղար Մայկ Պոմպեոն Վաշինգտոնում հանդիպել է Հայաստանի և Ադրբեջանի արտգոծնախարարներին: ԼՂ հիմնախնդրին անդրադարձել է նաև նախագահ Թրամփը։ Հաղորդում է [url=https://www.amerikayidzayn.com/a/5633607.html]«Ամերիկայի ձայնը»[/url]։ ԼՂ հակամարտությունն այս օրերին տարբեր առիթներով ընդգրկվել էր Վաշինտոնի քաղաքական օրակարգում: Այսօր խնդրին է անդրադարձել նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, ով լրագրողների հետ հանդիպման ժամանակ պատասխանել է հայ-ադրբեջանական հակամարտության վերաբերյալ լրագրողի հարցին: «Մենք խոսում ենք այդ հարցի շուրջ: Աշխատում ենք Հայաստանի հետ, որի հետ ունենք շատ լավ հարաբերություններ: Նրանք շատ լավ մարդիկ են, շատ նվիրված: Կտեսնենք, թե ինչ կստացվի»,- ասել է Թրամփը։ Նախագահը հրաժարվեց ասել, թե արդյոք որևէ զրույց ունեցել է, թե ոչ հակամարտող կողմերի ղեկավարների հետ, սակայն ընդգծել է, որ առկա է որոշակի առաջընթաց: Մենք պատրաստ ենք օգնել հայերին, նշել է նախագահը: Հոկտեմբերի 23-ին Միացյալ Նահանգների պետքարտուղար Մայք Պոմպեոն առանձին հանդիպումներ է ունեցել Վաշինգտոնում նախ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի, իսկ այնուհետև ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հետ: Հանդիպումից հետո ԱՄՆ պետքարտողարության տարածած մամլո հաղորդագրության մեջ ասված է, որ պետքարտուղար Պոմպեոն ընդգծել է կրակի դադարեցման և խաղաղ ազգաբնակչության պաշտպանության անհրաժեշտությունը: Պետքարտուղարը նաև կարևորել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո առարկայական բանակցություններ սկսելու հարցը: Պոմպեոն ընդգծել է, որ հակամարտությունը պետք է կարգավորվի Հելսինկյան եզրափակիչ ակտի հիմնական սկզբունքների հիման վրա, ներառյալ՝ ուժի կիրառման սպառնալիքի կամ ուժի կիրառման բացառման, տարածքային ամբողջականության ու ժողովուրդների հավասար իրավունքների և ինքնորոշման իրավունքի հիման վրա: ԱՄՆ պետքարտուղարի հետ հանդիպումից անմիջապես հետո ՀՀ արտգործնախարարն, արձագանքելով լրագրողների հարցերին, հանդիպումը որակել է «շատ լավ»: «Մենք աշխատում ենք այդ ուղղությամբ»,- հայտնել է Մնացականյանը՝ ի պատասխան՝ «կլինի արդյո՞ք զինադադար մոտ ապագայում» հնչեցրած հարցին: Վաշինգտոնյան հանդիպումները ԼՂ հակամարտության շուրջ հաջորդել են հոկտեմբեր ամսվա ընթացքում Մոսկվայի ու Փարիզի մարդասիրական հրադադարի հաստատման ջանքերին, որոնք ձախողվել են: Մարդասիրական հրադադարի հաստատումից ժամեր անց ռազմական գործողությունները վերսկսվել են: Որքանով այս անգամ կհաջողվի հաստատել հրադադար, ցույց կտա ժամանակը: Իսկ պետքարտուղար Պոմպեոյի՝ ՀՀ ու Ադրբեջանի իր գործընկերների հետ հանդիպումների ընթացքում ԱՄՆ պետքարտուղարության մասնաշենքի մոտ մի քանի տասնյակ ամերիկահայեր կազմակերպել էին բողոքի ցույց՝ իրենց ձայնը հնչեցնելով ընդդեմ Լեռնային Ղարաբաղի հարցում Ադրբեջանի և Թուրքիայի գործողությունների: Նույն վայրում զուգահեռաբար մի քանի ադրբեջանցիներ կազմակերպել էին իրենց բողոքի ցույցն ընդդեմ Հայաստանի: Այսօր նաև հայտնի դարձավ, որ նախքան պետքարտուղարության հանդիպումները ԱՄՆ Կոնգրեսի ավելի քան 50 կոնգրեսականներ երկու կուսակցություններից նամակ են հղել ԱՄՆ պետքարտողարին, ուր կոչ են արել ամերիկյան վարչակազմին պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի նախագահ Ալիևի և երկրի բարձրաստիճան մի շարք ռազմական ղեկավարների նկատմամբ Լեռնային Ղարաբաղի խաղաղ ազգաբնակչության դեմ կատարած ռազմական հանցագործությունների մեղադրանքով: Կոնգրեսականներն ընդգծել են, որ առանց ԱՄՆ կոշտ արձագանքի հակամարտությունը ստանում է լայնածավալ բնույթ՝ Թուրքիայի և ՌԴ ներգրավվածությամբ: Ռազմական գործողությունների հետագա էսկալացիան սպառնում է վերածվել ավելի մեծ հակամարտության, նշված է կոնգրեսականների նամակում:

Նմանատիպ նյութեր