211652_close_icon
views-count32175 դիտում article-date 13:42 02-04-2016

Պուտինը կոչ է արել ղարաբաղյան հակամարտության կողմերին անհապաղ դադարեցնել կրակը

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը անհանգստություն է հայտնել Լեռնային Ղարաբաղում վերսկսված ռազմական գործողությունների առնչությամբ, հաղորդում է Lifenews.ru-ն: ՌԴ նախագահը կոչ է արել հակամարտող կողմերին դադարեցնել գործողությունները: «Նախագահ Պուտինը կոչ է անում հակամարտող կողմերին անհապաղ դադարեցնել կրակը և զսպվածություն ցուցաբերել»,-հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: Հիշեցնենք, որ երեկվանից թեժ մարտեր են ընթանում: Շփման գծի հարավային, հարավարևելյան և հյուսիսարևելյան ուղղություններով հակառակորդը ձեռնարկել է բացահայտ հարձակողական գործողություններ` այլ զինատեսակների հետ միասին օգտագործելով հրետանի, զրահատեխնիկա և օդուժ: Բացի առաջնագծում ընթացող մարտերից, հակառակորդը հրետանային հարվածներ է հասցրել խաղաղ բնակավայրերի և մի շարք զորամասերի մշտական տեղակայման վայրերին: ՊԲ առաջապահ ստորաբաժանումները պաշտպանական հաջող մարտեր են իրականացնում առաջնային գծի բոլոր ուղղություններով՝ հակառակորդին պատճառելով կենդանի ուժի և զինտեխնիկայի զգալի կորուստներ: Ղարաբաղյան ուժերը մարտագծի հարավարևելյան ճակատում շարքից հանել են 2 տանկ, հյուսիսարևելյան ուղղությամբ՝ 1 տանկ և 1 անօդաչու թռչող սարք: Բացի այդ, ժամը 12:30-ի սահմաններում ՊԲ հակաօդայինների կողմից հարավարևելյան ուղղությամբ խոցվել է թշնամու ևս մեկ ռազմական ուղղաթիռ, իսկ հյուսիսարևելյան ուղղությամբ՝ 1 անօդաչու սարք:

Նմանատիպ նյութեր