116003 դիտում
11:07 26-10-2020
20-ամյա Հակոբը, ով կարող էր մնալ Գերմանիայում, չդիմեց այդ քայլին. «Եղնիկներ» լեգենդար զորամասում կարճ ժամանակում ընկերների կողմից ստացավ «Մինամյոտչիկ» անունը. ուրախ էր, որ իր հրամանատարը լեգենդար Կարեն Ջալավյանն է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Արագածոտնի մարզի Արագածավան գյուղի բնակիչ՝ 20-ամյա Հակոբ Քարտաշյանը երկար տարիներ բնակվում էր Գերմանիայում։ Երբ լրացավ հայրենիքի հանդեպ զինվորական իր պարտքը կատարելու ժամանակը, շատերի նման, որ կարող էր խուսափել, չդիմեց այդ քայլին՝ վերադարձավ հայրենիք։
Զինվորական երդմնակալությունից հետո ծառայությունը շարունակեց Արցախի Հանրապետության լեգենդար «Եղնիկներ» զորամասում, որտեղ կարճ ժամանակում ձեռք բերեց «Մինամյոտչիկ» մականունը, քանի որ հակառակորդին խոցում էր դիպուկ, ու իզուր չէ, որ հրամանատարական կազմն ու զինակից ընկերները նրա մասին ասում էին. «Եթե պոստում Մինամյոտչիկ Հակոբի ու նրա նման բազմաթիվ տղերք են կանգնած, ապա օձն իր պորտով, հավքն իր թևով չի կարող անցնել»։
Հոկտեմբերի 20-ին իր զինակից ընկերների ու սպաների հետ հերոսական մարտի դուրս ելան թուրք-ադրբեջանական, այնուհետև նրանց միացած վարձկան ահաբեկիչների դեմ ու անառիկ պահեցին ոչ միայն պոստերը, այլև ոսոխին հետ շպրտեցին՝ տալով արժանի հակահարված, ինչի հետևանքով բաշիբոզուկներն ունեցան մարդային ու զինտեխնիկայի մեծաթիվ կորուստներ։ Այդ հերոսական կռվի արդյունքում տղաները բարելավում են ոչ միայն իրենց դիրքերը, այլ նաև իրենց վերահսկողության տակ են վերցնում կարևորագույն մի քանի հատված, որտեղից թշնամին մի քանի անգամ փորձել էր հարձակվել լեգենդար զորամասի վերահսկողության տակ գտնվող պոստերի վրա, բայց ամեն անգամ լուրջ կորուստներ էր ունենում։
Հոկտեմբերի 20-ին ռազմական գործողությունների ժամանակ Հակոբը գլխի մասում վնասվածք է ստանում։ Ցավոք, վնասվածքն անհամատեղելի էր կյանքի հետ։
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում հերոսի համագյուղացիներն ասում էին. «Մեզ համար Հակոբը չի զոհվել, մենք նրան բացակա չենք դնի։ Հպարտ ենք, որ մեր գյուղը նրա նման հերոս է տվել այս պատերազմում, պատերազմ, որում հայ զինվորը հաղթելու է, քանի որ մեր տղերքը իրենց սպաների, կամավորների, աշխարհազորայինների, կանանց ու երիտասարդ աղջիկների, բժիշկների հետ պայքարում են ոչ միայն մեր երկրի ու Արցախի խաղաղության համար, այլև աշխարհը փրկում են ահաբեկչություններից։ Ուզում ենք հավատալ, որ խաղաղությունը մոտ է, և մեր հերոսները խաղաղություն են պարտադրելու հակառակորդին»։
Հակոբն էլ հաճախակի էր զանգում գյուղ, ընտանիքի անդամներին, ընկերներին, ոգևորված պատմում, թե ինչպիսի հրաշք տեղում է ծառայում, միշտ ասում էր. «Ցանկությունս էր, որ ծառայությունս անցկացնեմ Եղնիկներում, քանի որ լսել եմ այդ լեգենդար զորամասի մասին, թե ինչպիսի լեգենդար հրամանատարներ է ունեցել Եղնիկները, այդ թվում՝ ներկայիս հրամանատարը՝ Արցախի Հանրապետության ազգային հերոս Կարեն Ջալավյանը, ու իր համար մեծ պատիվ էր, որ ինքը նրա զինվորն էր, որ զորացրվելուց հետո իր զինվորական գրքույկի մեջ լինելու էր լեգենդար Քյոխի ստորագրությունը»։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+