211652_close_icon
views-count1137 դիտում article-date 10:45 03-11-2020

Սա մե՛ր պատերազմն է, որում մե՛նք ենք հաղթելու․ «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ «Ոչ մեկից երբեք չնեղանալ։ Այդ սկզբունքը ես որդեգրել եմ մի քանի տարի առաջ, և, ինձ թվում է, դա ճիշտ սկզբունք է անձնական, հասարակական կյանքում, առավել ևս՝ միջազգային հարաբերություններում: Եթե, ենթադրենք, ինչ-որ մեկն ինձ վիրավորում է, ապա, մտածում եմ ես, կա երկու տարբերակ. ա/ այդ մարդը գտնվում է ինչ-որ էմոցիաների ազդեցության տակ կամ ունի որոշակի հոգեկան խեղումներ, և այդ դեպքում պետք է նրան անկեղծորեն ցանկանալ հասնել հոգեկան հավասարակշռության, բ/ նա արտահայտում է իր խմբի (կազմակերպության, հիմնարկի, կուսակցության, աղանդի) շահերը: Երկրորդ դեպքում, եթե այդ խմբի շահերն ինձ համար կարևոր են, ես փորձում եմ հասկանալ, թե ինչով եմ խանգարում դրա նպատակների իրականացմանը: Սակայն սովորաբար այդ հարցն ինձ առանձնապես չի հուզում, և ես «հուզվելու» ողջ բեռը դնում եմ տվյալ խմբի վրա: Քաղաքականության մեջ, հատկապես միջազգային հարաբերություններում առաջին (հուզական) գործոնը գրեթե նշանակություն չունի, էմոցիաները նահանջում են տասներորդ պլան: Թալեաթի, Հիտլերի, Պոլ Պոտի, Էրդողանի կամ Ալիևի պաթոլոգիաները գուցե որոշ հետաքրքրություն ներկայացնում են հոգեբույժների համար, բայց քաղաքական տեսանկյունից կարևոր են իրենց երկրների իրական կամ պատրանքային շահերը, որոնք հետապնդելիս նրանք իրականացրել են իրենց հանցագործությունները: Եվ դա վերաբերում է ոչ միայն ակնհայտ հանցագործներին, այլև բոլոր երկրների ղեկավարներին, բոլոր պետական ու քաղաքական գործիչներին: Պատերազմի ժամանակ է՛լ ավելի են սրվում Հայաստանի հասարակության մի մասի տրամադրությունները, թե իբր մենք՝ հայերս, աշխարհում միայնակ ենք, բոլորը մեր դեմ են: Այդ տրամաբանություններից բխում է նաև «նեղվածությունը» Իսրայելից, Ուկրաինայից, Ռուսաստանից, ԱՄՆ-ից, Եվրոպայից, մի խոսքով՝ բոլորից: Դրանով պայմանավորված՝ մեր նեղսրտած հայրենակիցներից ոմանք «բաց նամակներ» են հղում այս կամ այն հասցեով: Այդ էմոցիոնալ վերաբերմունքի փոխարեն պետք է հասկանալ, թե որոնք են այդ երկրների տնտեսական ու քաղաքական շահերը և գիտակցել, թե որքանով են դրանք համընկնում կամ հակասում մեր շահերին: «Ամեն մեկն իր ճշմարտությունն ունի»,- այդպես է վերջերս ասել Պուտինը Հայաստանի և Ադրբեջանի մասին: Որքան էլ այդ գնահատականը հակասի մեր զգացմունքներին, այն կիրառելի է ցանկացած երկրի դեպքում: Այնպես չի, որ մենք ոչ մեկից չենք կարող զենք գնել, չենք կարող ռազմական օգնություն ստանալ , և բոլոր հարթակներում միայն հակառակորդն է դիվանագիտական աջակցություն ստանում և այլն: Պարզապես պետք է միշտ հիշել, որ աջակցությունը կամ ոչ բարեկամական քայլերը պայմանավորված չեն մեր կամ ադրբեջանցիների «գեղեցիկ աչքերով»: Ի դեպ, դա վերաբերում է նաև Թուրքիայի դիրքորոշմանը, որքան էլ թուրք պաշտոնյաները «հավերժ եղբայրության» երդումներ տան: ․․․ Մենք ունենք աշխարհում բարեկամներ և դաշնակիցներ: Ուրիշ հարց, որ նրանք մեր փոխարեն չեն կռվի: Սա մե՛ր պատերազմն է, որում մե՛նք ենք հաղթելու»: [b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր