9925 դիտում
09:59 04-11-2020
Վաշինգտոնը և Մոսկվան համակարծիք են՝ Արցախի հակամարտությունը չունի ռազմական լուծում․ «Ամերիկայի ձայն»
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը «Կոմերսանտ» թերթին տված հարցազրույցում անհանգստություն է հայտնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի շարունակվող վարձկանների տեղափոխման վերաբերյալ, որոնց թիվն, ըստ նրա, մոտենում է 2 հազարին։ Լավրովն ընդգծել է՝ ՌԴ չի աջակցում ԼՂ հակամարտությունը ռազմական ճանապարհով կարգավորելու դիրքրորոշումն ու հավանականությունը: Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախագահները հստակ արտահայտվել են բացառապես քաղաքական կարգավորման օգտին, շեշտում է Լավրովը: Համանախագահների այս «եռյակը» միջնորդության ընդհանուր ճանաչված ձևաչափն է, ասում է նա՝ հավելելով, որ կաշխատեն նաև իրենց թուրք գործընկերների հետ՝ հրադադարի հաստաման և բանակցությունների վերսկսման համար: Հաղորդում է [url=https://www.amerikayidzayn.com/a/5647073.html]«Ամերիկայի ձայնը»[/url]։
Կրակի դադարեցման և բանակցությունների վերսկսման անհրաժեշտության շուրջ Մոսկվայի այս դիրքորոշումը կիսում է Վաշինգտոնը: Օրերս Կալիֆոռնիայում ամերիկահայ համայնքի հետ հանդիպման ժամանակ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ռոբերտ Օբրայանը խոսել էր ԼՂ հակամարտության շուրջ ստեղծված վիճակի մասին: Նա ասել էր, որ այս պահին Ադրբեջանը չի ցուցաբերում հարձակողական գործողությունների դադարեցման որևէ նշան՝ ընդգծելով, որ Բաքուն օգտագործել է նավթից ստացված միջոցները մեծ քանակությամբ զենք, զինամթերք գնելու համար, ինչպես նաև վայելում է Թուրքիայի անվերապահ աջակցությունը:
Օբրայանը ևս չշրջանցեց զինյալների թեման՝ շեշտելով, որ չնայած Թուրքիան հերքում է, սակայն առկա են բազմաթիվ վստահելի բաց աղբյուրներ և հրապարակումներ, որոնք վկայում են, որ Անակարան ԼՂ հակամարտության գոտի է տեղափոխում Սիրիայի ընդդիմադիր զինյալներ:
Նրա կարծիքով հակամարտության կարգավորումը դժվար է պատկերացնել առանց խաղաղապահ ուժերի կամ դիտորդների: Օբրայանը ընդգծում է՝ դրանք չպետք է ներկայացնեն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող կամ հարևան երկրները՝ շեշտելով, որ ԱՄՆ կողմ չէ նաև թուրքական միջնոդական կամ խաղաղապահ առաքելությանը: Հիշեցնենք, որ Մոսկվան մի քանի անգամ արտահայտվել էր ԼՂ հակամարտության գոտում ռուսական խաղաղապահների ներգրավման օգտին:
«Մենք հավատացած ենք, որ կողմերը պետք է համաձայնվեն սկանդինավյան խաղաղապահների տարբերակին, և մենք աշխատում ենք այժմ սկանդինավյան կառավարությունների հետ՝ խաղաղապահ ուժեր կազմելու ուղղությամբ, որոնք կարող են տեղակայվել տարածաշրջանում՝ հրադադարի ռեժիմը պահպանելու համար»,- նշել է Օբրայանը:
Նա ևս ընդգծել է, որ արտաքին ուժերը չպետք է որևէ դեր ունենան այս հակամարտության հարցում և որ այն չունի ռազմական լուծում: Կողմերը պետք է համաձայնվեն կրակի դադարեցմանը և նստեն բանակցային սեղանի շուրջ առանց նախապայմանների:
«Սա հատկապես վերաբերում է ադրբեջանցիներին, ովքեր մինչ օրս ամենաշատն են վարանում առանց նախապայմանների հրադադարի հաստատման հարցում»,- ասել է նա:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 3-ին ԱՄՆ-ում անցնում են նախագահական ընտրություններ: Նախընտրական քարոզարշավին ԼՂ հարցին անդրադարձել են ինչպես գործող վարչակազմն ու նախագահ Թրամփը, այնպես էլ դեմոկրատների թեկնածու Ջո Բայդենը:
Դոնալդ Թրամփը մի քանի անգամ խոսել է ԼՂ հակամարտության մասին՝ կոչ անելով կողմերին դադարեցնել կրակը: Պետքարտուղար Մայք Պոմպեոն էլ բանակցություններ ու քննարկումներ է անցկացրել Վաշինգտոն ժամանած ՀՀ և Ադրբեջանի արտգործնախարարների հետ, ինչի արդյունքում կողմերը հայտնել էին մարդասիրական հրադադարի հաստատման մասին, մի բան, որը սակայն չպահպանվեց: ԱՄՆ պետքարտուղարի մամլո խոսնակ Մորգան Օրտագուսն «Ամերիկայի ձայն»-ին տված հարցազրույցում կարևորել է վաշինգտոնյան բանակցությունները՝ շեշտելով, որ դրանք տևել են նախատեսվածից երկար: Նա ընդգծել է, թե Վաշինգտոնը ցանկանում է, որ կողմերը հավատարիմ մնան հրադադարի պահպանմանը՝ շեշտելով հարցի կարևորությունը Թրամփի վարչակազմի համար: ԱՄՆ-ը կշարունակի ակտիվ դիվանագիտական ջանքեր գործադրել այս ուղղությամբ պետքարտուղարի ու փոխպետքարտուղարի միջոցով, հայտնել է Օրտագուսը:
Նմանատիպ նյութեր
4913 դիտում
17:48 07-03-2018
Արցախի հակամարտությունը ռազմական լուծում չունի. Էնդրյու Շեֆեր
1447 դիտում
11:12 21-08-2014
Ղարաբաղյան հակամարտությունը ռազմական լուծում չունի. Ջոն Հեֆերն. տեսանյութ
4379 դիտում
18:06 07-02-2017
Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը չունի ռազմական լուծում. Դոնալդ Տուսկ
Այս բաժնից
2455 դիտում
08:55 28-12-2024
Հայ կամավորները մեկնել են Անապա՝ օգնելու վերացնել աղետի հետևանքները. «Փաստ»
2335 դիտում
09:00 26-12-2024
Ցեմենտի ներմուծման գործունեության համար գանձվող պետտուրքը կավելանա վեց անգամ. «Փաստ»