9113 դիտում
10:14 19-11-2020
Փաշինյանը ժողովրդից և քաղաքական ուժերից 6 ամիս ժամանակ է խնդրում. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է. «Պատերազմի ընթացքում կրած պարտությունը և դրա հետևանքով Հայաստանի և Արցախի անվտանգության համար առաջ եկած ռիսկերը խոր վերլուծություն կատարելու անհրաժեշտություն են առաջ բերում։ Ի՞նչ դասեր պետք է քաղել անցյալից, և որո՞նք են լինելու Հայաստանի հետագա քայլերը։ Սրանք հարցեր են, որ պատասխան են պահանջում հատկապես այն պայմաններում, երբ ողջ հանրությունն այսօր ծանր բարոյահոգեբանական վիճակում է գտնվում։ Այստեղ է, որ առաջ է գալիս պատասխանատվության հարցը։ Բոլոր դեպքերում շատ հստակ է, որ երկրի իշխանությունները պատասխանատու են իրենց կառավարման ժամանակահատվածում թե՛ ձեռքբերումների (եթե այդպիսիք ընդհանրապես կան) և թե՛ ձախողումների համար։ Եվ կասկած չկա, որ ստորացուցիչ պայմաններով պարտադրված հրադադարի ստորագրման ողջ պատասխանատվությունն ընկնում է Նիկոլ Փաշինյանի և նրա գլխավորած քաղաքական թիմի ուսերին։
Եվ չնայած Փաշինյանը հայտարարում է, որ տեղի ունեցածի թիվ մեկ պատասխանատուն ինքն է, սակայն իրականում վերջինս ամեն կերպ պատասխանատվությունից խուսափելու կամ խուսանավելու փորձեր է կատարում, քանի որ այս իրավիճակում պատասխանատվությունը ենթադրում է առաջին հերթին հրաժարական, ժամանակավոր կառավարության ձևավորում և արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացում, ինչի մասին, ի դեպ, հստակ արտահայտվեց նաև նախագահ Արմեն Սարգսյանը։ Բայց մինչ հանրության և քաղաքական ուժերի գերակշիռ մեծամասնությունը պահանջում է Նիկոլ Փաշինյանի շուտափույթ հրաժարականը, վերջինս ներկայացնում է իր ամենակարևոր անելիքների ճանապարհային քարտեզը։ Վերջինս փորձում է հանրությանը համոզել, թե իրենք այսքանից հետո էլ ունակ են երկիրը վերականգնման փուլ փոխադրել։
Փաստացի Փաշինյանը ժողովրդից և քաղաքական ուժերից մինչև 2021 թվականի հունիսը ժամանակ է խնդրում և այս մի քանի ամիսների արդյունքների հետ էլ փորձում է կապել իր՝ իշխանության մնալու կամ չմնալու հարցը։ Այսինքն, մարդը ուզում է ժամանակ ձգել՝ հույսով, որ այս ամենը կմոռացվի կամ իրեն ավելի ներողամիտ կվերաբերվի ժողովուրդը: Ամենակարևոր անելիքների մասով Փաշինյանը խոսում է պատերազմի հետևանքների վերացման, տնտեսության զարգացման, բանակի բարեփոխումների, ժողովրդագրական իրավիճակի բարելավման և այլ հարցերի մասին։ Բայց մարդիկ կարող են հարց բարձրացնել, իսկ ի՞նչն էր խանգարում գործող ու աթոռներից պինդ կառչած իշխանությանը այդ անելիքների մասին մտածել նախքան պատերազմը։ Հարցն այն է, որ Փաշինյանի երկուսուկես տարվա պաշտոնավարումը ցույց տվեց, որ իրենք ավելի շատ զբաղված են փիառով, քան թե զուտ գործով, և ամեն մի առօրեական աշխատանք, թեկուզ դրանք լինեին շատ չնչին, ներկայացնում էին մեծ ձեռքբերում։
Վարչապետի կողմից ասուլիսների անբաժանելի մասը կազմող 100 փաստերը դրա վառ ապացույցն են, քանի որ այդ փաստերում բազմաթիվ ուշադրության ոչ արժանի թեմաներ էին ներառվում։ Դրան գումարած այն փաստը, որ Փաշինյանի կառավարման ընթացքում հասարակության պառակտումը հասավ իր գագաթնակետին, իսկ հիմնական ձախողումները սրբագրվեցին նախկին իշխանությունների վրա։ Բայց սա չէր խանգարում, որպեսզի Փաշինյանը խոսեր մինչև 2050 թվականն ընկած ֆանտաստիկ նպատակների մասին և դրանով հանրային տրամադրություններ բորբոքեր։
Մի քանի տասնամյակի հեռավորությունից օրակարգի ձևավորումը առկա խնդիրներին առերեսվելուց խուսափելու փորձերից մեկն էր։ Եվ հիմա կարող ենք արձանագրել, որ պատերազմը եղավ այն ցուցիչը, որն ամբողջական տեսքով վեր հանեց այն, որ Փաշինյանն իր թիմով պարզապես ունակ չէ կառավարել երկիրը, առավել ևս հիմա, երբ տանուլ են տվել պատերազմը, երբ բացարձակ հանրային վստահություն չունեն։ Ու չնայած դրան՝ վեց ամսվա ծրագիր է ներկայացվում:
Թեպետ, հանուն արդարության, պետք է հավելենք, որ երեկ արդեն կարծիքներ էին շրջանառվում, որ սա մի վերջին փորձ է, ինչը հազիվ թե «աշխատող» լինի: Մեր հանրությունը ոչ վեց ամսում, ոչ վեց տարում չի կարող մոռանալ 5000 զոհերին, ահռելի տարածքային կորուստները և, ընդհանրապես այն ամենը, ինչի արդյունքում այսպես վտանգվեց մեր Հայրենիքը»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
2216 դիտում
09:37 09-12-2021
Փաշինյանը քաղաքական ուժերից քաղաքական ու քարոզչական աջակցություն է խնդրել․ «Փաստ»
1138 դիտում
15:56 17-12-2024
Իշխանափոխությունը Հայաստանում կախված է ոչ թե հայ ժողովրդից, այլ Փաշինյանին դրսից խաղացնող ուժերից. Արմեն Աշոտյան
7017 դիտում
09:27 10-06-2021
Բոլոր ուժերից ամենացածր վարկանիշն ունեն Փաշինյանի սատելիտ 2-3 քաղաքական ուժերը. «Փաստ»
Այս բաժնից
3184 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2203 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը
1075 դիտում
09:00 10-12-2024
Դատական մարմինների ակտերը կադաստրի կոմիտե կներկայացվեն էլեկտրոնային տարբերակով. նախագիծ. «Փաստ»