1624 դիտում
18:44 20-11-2020
Սահմանադրական դատարանը Մարդու իրավունքների պաշտպանի դիմումի հիման վրա քննվող գործով կասեցրել է մարդկանց և ԶԼՄ-ների կարծիքի արտահայտման և մամուլի ազատության սահմանափակումների գործողությունը
Քիչ առաջ Սահմանադրական դատարանը կասեցրել է իմ դիմումով վիճարկվող՝ Ռազմական դրություն հայտարարելու վերաբերյալ Կառավարության որոշման այն դրույթների գործողությունը, որոնք վերաբերում են ռազմական դրության ընթացքում ՀՀ տարածքում գտնվող մարդկանց, ինչպես նաև ԶԼՄ-ների ու լրագրողների կողմից կարծիք արտահայտման և մամուլի ազատության սահմանափակմանը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը։
«Այսինքն՝ խոսքը վերաբերում է «Հայաստանի Հանրապետությունում ռազմական դրություն հայտարարելու մասին» կառավարության որոշման այն արգելքներին, որոնցով, ըստ էության, թույլ չէր տրվում քննադատել որևէ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի կամ պաշտոնատար անձի գործողություն, այդ թվում` ելույթներ, հրապարակումներ, որոնք կարող են վերաբերել ռազմական դրության իրավական ռեժիմի ապահովմանը և պետական անվտանգության ապահովմանը:
Կարևոր եմ համարում Սահմանադրական դատարանի այս որոշումը, որը դեռ վերջնական չէ։ Դատարանը կասեցրել է այդ դրույթների գործողությունը մինչև գործի դատաքննության ավարտը:
Իմ դիմումով վիճարկվող դրույթների սահմանադրականությունը դեռ պետք է քննարկվի դատարանի հիմնական նիստում, որը նշանակված է այս տարվա դեկտեմբերի 4-ին: Այդ որոշմամբ է նաև քննարկվելու Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի այն դրույթները, որոնք սահմանում են պատասխանատվություն ու տուգանքներ նշված արգելքները խախտելու համար:
Հատուկ արձանագրում եմ, որ դեռ նախագծային վիճակում, երբ այս նախագիծն ՀՀ կառավարությունն ուղարկել էր Մարդու իրավունքների պաշտպանին կարծիքի, սակայն մեր եզրակացությունը եղել է բացասական, այդ թվում՝ հաշվի առնելով մարդկանց սահմանադրական իրավունքների սահմանափակումների հարցը:
Սահմանադրական դատարան Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացրած այս դիմումով ոչ թե բարձրացվել է ռազմական դրության հիմքով կարծիքի արտահայտման և մամուլի ազատության նկատմամբ սահմանափակումներն ու վարչական պատասխանատվություն սահմանող դրույթները չեղարկելու կամ դրանք զրոյացնելու, այլ հստակ չափանիշներ ու գործող կանոնների կոնկրետության անհրաժեշտ աստիճան ապահովելու հարցը:
Իրազեկում․ ստորև, Կառավարության այն որոշման դրույթներն են, որոնք վիճարկում եմ դատարանում ու որոնց գործողությունն այսօր դատարանը կասեցրել է.
- Պետական և տեղական ինքնակառավարման մարմինների և պաշտոնատար անձանց` ռազմական դրության իրավական ռեժիմի ապահովմանը և պետական անվտանգության ապահովմանն առնչվող գործողությունները (այդ թվում` ելույթները, հրապարակումները) քննադատող, հերքող, դրանց արդյունավետությունը կասկածի տակ դնող կամ որևէ այլ կերպ արժեզրկող հաղորդումների հրապարակումն արգելվում է:
- Արգելվում է Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության պաշտպանունակության ու անվտանգության դեմ ուղղված քարոզչությունը, այդ թվում` Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության պաշտպանունակությունը կասկածի տակ դնող հաղորդումների հրապարակումը»,- գրել է Թաթոյանը։
Ավելի ուշ ՀՀ Սահմանադրական դատարանը հայտարարություն տարածեց, որով հայտնում է, որ ՍԴ-ն կասեցրել է ռազմական դրություն հայտարարելու մասին կառավարության որոշման հավելվածի 9․1 և 9.2 կետերի գործողությունը։
«2020 թվականի նոյեմբերի 20-ին, Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանը կայացրել է աշխատակարգային որոշում․ մինչև ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի դիմումի հիման վրա գործի դատաքննության ավարտը կասեցնել «Հայաստանի Հանրապետությունում ռազմական դրություն հայտարարելու մասին» ՀՀ կառավարության՝ սեպտեմբերի 27-ի թիվ 1586-Ն որոշման հավելվածի 9․1 և 9.2 կետերի գործողությունը․
Կասեցվող կետերի ամբողջական մեջբերումը ստորև․
«9.1. Պետական և տեղական ինքնակառավարման մարմինների և պաշտոնատար անձանց` ռազմական դրության իրավական ռեժիմի ապահովմանը և պետական անվտանգության ապահովմանն առնչվող գործողությունները (այդ թվում` ելույթները, հրապարակումները) քննադատող, հերքող, դրանց արդյունավետությունը կասկածի տակ դնող կամ որևէ այլ կերպ արժեզրկող հաղորդումների հրապարակումն արգելվում է:
(9.1-ին կետը լրաց. 08.10.20 N 1655-Ն)
9.2. Արգելվում է Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության պաշտպանունակության ու անվտանգության դեմ ուղղված քարոզչությունը, այդ թվում` Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության պաշտպանունակությունը կասկածի տակ դնող հաղորդումների հրապարակումը:
(9.2-րդ կետը լրաց. 08.10.20 N 1655-Ն)»
Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ՍԴ պաշտոնական կայքում հրապարակվելու հաջորդ օրը»։
Նմանատիպ նյութեր
1117 դիտում
10:25 12-11-2015
Իսպանիայի Սահմանադրական դատարանը կասեցրել է Կատալոնիայի անկախության մասին բանաձևի գործողությունը
Այս բաժնից
616 դիտում
21:25 20-12-2024
ՀՀ և ՌԴ միջև օդային բեռնափոխադրումներն աճել են 12 տոկոսով
688 դիտում
20:26 20-12-2024
Բաքվում սկսվող դատերով Ալիևը փորձելու է Հայաստանում բարոյալքման տրամադրություններ ստանալ. Վահե Հովհաննիսյան
736 դիտում
20:13 20-12-2024
Վահագն Գևորգյանն ազատվել է Ջրային կոմիտեի նախագահի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից