1415 դիտում
12:33 25-11-2020
ՄԹ-ից ՀՀ ժամանած բժիշկները կօգնեն հայ բուժաշխատողներին COVID-19-ի դեմ պայքարում
Միացյալ Թագավորությունից Հայաստան են ժամանել հինգ բուժաշխատողներ, որոնք կաջակցեն հայ բժիշկներին՝ վերահսկելու COVID-19-ով ծանր հիվանդների բուժման գործընթացը: Այս մասին հայտնում է ԱՀԿ հայաստանյան գրասենյակը:
ԱՀԿ հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Եգոր Զայցևը ընդունել է Միացյալ Թագավորության շտապ բուժօգնության խմբին (ՇԲԽ) և շնորհակալություն հայտնել համավարակի դեմ պայքարի այս ծանր ժամանակաշրջանում Հայաստանին մասնագիտական օգնություն ցուցաբերելու հանձնառության համար: Բուժաշխատողներն արձագանքել էին ԱՀԿ-ի հրավերին և գործուղվել Հայաստան՝ ՀՀ Առողջապահության նախարարության, Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանության և ԱՀԿ-ի աջակցությամբ:
«Այս խումբն ունի արժեքավոր փորձառություն: Համավարակի ընթացքում նրանք գործուղվել են բազմաթիվ երկրներ, նաև աշխատել են Միացյալ Թագավորությունում COVID-19-ի դեմ ծավալված միջոցառումների շրջանակում: Վստահ եմ, որ այս պրոֆեսիոնալ խումբը կարող է փոխանցել իր գիտելիքներն ու հմտությունները հայ բուժաշխատողներին՝ աջակցելով COVID-19-ով տառապող հիվանդների բուժմանը»,- նշել է դոկտոր Զայցևը:
Առաջիկա ամսվա ընթացքում Մեծ Բրիտանիայի ՇԲԽ-ն կանցկացնի վերապատրաստման դասընթացներ, կհամակարգի հիվանդանոցների աշխատանքը և կհամագործակցի բուժանձնակազմերի հետ՝ երաշխավորելով բարձրակարգ ու որակյալ բժշկական սպասարկում։ Խումբը կաջակցի Առողջապահության նախարարությանը՝ հզորացնելու առողջապահական ծառայությունները COVID-19-ի համավարակի և այլ հիվանդությունների դեմ պայքարի գործում։
Մեծ Բրիտանիայի շտապ բուժօգնության խումբը դասակարգված է որպես ԱՀԿ նախաձեռնություն, որի նպատակն է ձևավորել նախնական որակավորում ունեցող, արտակարգ իրավիճակներում բժշկական օգնություն տրամադրող շտապ բուժօգնության խմբերի համաշխարհային ցանց։ ԱՀԿ-ի այս դասակարգումը վկայում է հիվանդներին անմիջականորեն բուժում ցուցաբերելու խմբի կարողության մասին՝ ԱՀԿ միջազգային ստանդարտներին համապատասխան։
Նմանատիպ նյութեր
5070 դիտում
22:59 09-07-2020
100 միլիոն դրամ՝ COVID-19-ի դեմ պայքարող համայնքային բուժաշխատողներին
Այս բաժնից
1030 դիտում
13:44 02-02-2025
Թուրքիայի ջրային տարածքում 4,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
1348 դիտում
12:20 02-02-2025
Ադրբեջանի կողմից Իրանին որևէ uպառնալիք չի լինի. Ալիևի օգնականը՝ Փեզեշքիանի խորհրդականին