211652_close_icon
views-count11638 դիտում article-date 09:49 04-02-2025

Ողբերգական ավտովթար՝ Կոտայքի մարզում. 22-ամյա վարորդը «Opel»-ով բախվել է բաժանարար գոտում տեղադրված գովազդային երկաթե սյանը. վարորդը, ում ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները, հիվանդանոցի ճանապարհին մահացել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ փետրվարի 4-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 08:30-ի սահմաններում Արագածոտնի մարզի բնակիչ 22-ամյա Նարեկ Գևորգյանի իր վարած «Օպել» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Աշտարակ ավտոճանապարհի Քասախ գյուղի վարչական տարածքում՝ դեպի Երևան ընթանալիս, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ճանապարհի բաժանարար գոտում տեղադրված երկաթե գովազդային սյանը: 
 
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդին, ում ավտոմեքենայից դուրս են բերել հրշեջ-փրկարարաները, օգտագործել են հատուկ տեխնիկա, պատգարակով մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային և վերջինը տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն: 
 
Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Բադալյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Վահագն Կարապետյանի, գոմարտակի ծառայության ավագ տեսուչ Արտակ Ասատրյանի, գումարտակի ծառայության տեսուչ Կառլեն Բաղյանի, վաշտի հրամանատար Դավիթ Հավհաննիսյանի և նույն գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի հրամանատար, օրվա պատասխանատու Կարեն Հակոբյանի գլխավորությամբ: 

Տարածքը սահմանազատել են պարեկները: 

Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նաիրիի բաժնի հերթապահ խումբը՝ բաժնի պետ Սուրիկ Ջանիկյանի գլխավորությամբ: 

Վթարի մասին ոստիկանության Նաիրիի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Հովհաննես Չալաբյանի, քննչական բաժնի պետ Հայկարամ Հակոբյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Համբարձում Հարությունյանի գլխավորությամբ: 

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: 
 
Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենան տեղափոխվում է ոստիկանության Նաիրիի բաժնի պահպնավող հատուկ տարածք: 
 
Մինչ դեպքի վայրում աշխատում էր քննչական խումբը, հիվանդանոցից ահազանգ  է ստացվում ոստիկանության Նաիրիի բաժին, որ վիրավորը, գիտակցության չգալով, մահացել է: 

Դեպքի վայր է ժամանել նաև Կոտայքի մարզի դատախազության ավագ դատախազ Վարդան Արսենյանն ու Կոտայքի մարզի դատախազության դատախազ Սամվել Հակոբյանը:  

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 12+
12+

Նմանատիպ նյութեր